Հարություն Չոբոնյանը ծնվել է 1993 թ․ փետրվարի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում: Հարությունը ընտանիքի առաջնեկն էր։ 1999 թ․ ընդունվել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի միջնակարգ դպրոց և երկու տարի այնտեղ սովորել։
2001 թվականի հոկտեմբերին Հարությունը, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաք և ուսումը շարունակել Հրազդան քաղաքի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։ Հարությունը դպրոցում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ 2009թ․ գերազանցությամբ ավարտել է դպրոցը։
2009թ․ ընդունվել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բուժական գործ ֆակուլտետը։ Փոխելով վերոնշյալ ֆակուլտետը` 2011-2014 թթ․ Հարությունը սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը։
2014-2016 թթ․ սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետի մագիստրատուրան` ձեռք բերելով բժշկի որակավորում «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ։ 2016-2017թթ․ սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան` «Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում» մասնագիտությամբ։
2017թ․ Հարությունը գործուղվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք՝ որպես զորամասի բժիշկ։ 2018թ․ նշանակվել է նույն զորամասի բուժկետի պետ։ 2019 թ․ նշանակվել է նույն զորամասի բուժծառայության պետ։ Աշխատելու տարիներին ստացել է բազում պատվոգրեր և շնորհակալագրեր` վիրավորված զինծառայողներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև բուժական ծառայությունը բարձր մակարդակի կազմակերպելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու ու օրինակելի կարգապահության համար։
44-օրյա պատերազմից առաջ լրացել էր Հարութի ծառայության 3 տարին։ 2020 թ․ հուլիսի 2-ին էլ որդին ՝ Ռուբենն է ծնվել։ Այդ օրերին բժիշկն արձակուրդում էր, բայց մեկ շաբաթ էլ չհասցրեց որդուն տեսնել։ Տավուշյան դեպքերի պատճառով նրան հետ էին կանչել Հադրութի զորամասից։ Դրանից հետո՝ օգոստոսին, Հարություն Չոբանյանն ընդունվել էր օրդինատուրա՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ։ Մեկ շաբաթ հազիվ հասցրեց դասի գնալ, երբ պատերազմը սկսվեց։
2020 թ. սեպտեմբերի 30-ին դստեր Սառայի ծննդյան օրն էր։ Բժիշկ Հարություն Չոբանյանը սովորականից լուռ էր, անհանգիստ ու նյարդային։ Այդ օրը նա լսել էր ընկերոջ՝ Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի զոհվելու բոթը։ Դստեր 4-ամյակի ծննդյան սեղանից գրեթե չօգտվեց։ Այդ օրն աշխատավարձ էր ստացել․ կեսը կնոջն էր տվել, մյուս մասով դեղեր էր գնել՝ ռազմաճակատ տանելու համար։ Դեղատնից տուն գալուց կնոջը խնդրել էր իր տված գումարի կեսն էլ, որովհետեւ էլի դեղեր պիտի գներ։ Հոկտեմբերի 1-ին Հարություն Չոբանյանը իր կուրսի 5 բժիշկների հետ մեկնել էր ռազմաճակատ։
Հոկտեմբերի 13-ին բժիշկ Չոբանյանը «ՈւԱԶ» մեքենայով վիրավոր էր տեղափոխում։ Վարանդայի հատվածում էին՝ Կարախանբեյլի գյուղի մոտ։ Տարածքն արդեն շրջափակման մեջ էր։ Բժիշկների մի խումբը գնացել էր ապահով տարածք գտնելու, որտեղ պիտի տեղափոխվեր վրանային հոսպիտալը։ Բժիշկ Հարութը 4 վիրավոր զինվորի եւ բուժակի հետ հոսպիտալ գնալու ճանապարհին էր, բայց այդպես էլ տեղ չհասավ․ նա, բուժակն ու վիրավորներից մեկը զոհվեցին։ Հարութը վիրավորվել էր գլխի շրջանում դիպուկահարի կրակոցից։