Արամը ծնվել է՝ 1995թ․-ի հունվարի 4-ին։ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում էր սովորում։

Մասնագիտության ընտրության հարցում Արամը կողմնորոշվել է վաղ տարիքում՝ պետք է բժիշկ դառնա ու պապի աչքերը բուժի։ Հետո սկսել է ուսումնասիրել կենսաբանություն, քիմիա։ 2013-ին ընդունվել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ։ Արամի հոր պապը ևս բուժակ է եղել։ Ընտանիքի անդամները ուրախացել են, երբ Արամը բժիկ դառնալու որոշում է կայացրել:  2019-ի հուլիսին զորակոչվել էր բանակ։Ծառայության ընթացքում բժշկական համալսարանում 6 տարի սովորած Արամին ՊԲ-ն ուղարկում է Երևան՝ 2-ամսյա վերապատրաստման։ Վերադառնալով Արցախ՝ Արամը հորեղբորը տեղեկացնում է, որ բարձրանալու է նաև դիրքեր։

9-րդ պաշտպանական շրջանում (Ջրականում) Արամը որպես վաշտի սանհրահանգիչ, ապա՝ որպես բուժակ էր ծառայում, իսկ սեպտեմբերից ծառայությունը շարունակում էր հետախուզական դասակում։

2020-ի հոկտեմբերի 2-ին հրետակոծություն է սկսվել, զոհեր եւ վիրավորներ կային, նահանջի հրաման է տրվել․ հրաձգային գումարտակը դանդաղ սկսել է նահանջել, Արամը շարունակել է վիրավորներին օգնություն ցույց տալ։

Արամը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Ջրականի Նյուզգար դիրքից Նարինջներ դիրքի ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Նույն օրը իր 11 հոգանոց դասակից զոհվել է ևս 5 զինվոր։ Արամի մարմինը վառված է եղել, սակայն ԴՆԹ-ով նույնականացվել է։

Վերջին անգամ 25-ամյա բժշկին Ջրականի դիրքերում հանդիպել է կամավորական Պողոս Մրջումյանը։ Նա վիրավորվել էր, երբ տեղափոխել են այն դիրքը, որտեղ եղել է բժիշկ Արամը։

Պողոսի խոսքով՝ Արամն իր կյանքը փրկել է, վիրակապել, ցավազրկել։ Հիշում է, որ ճակատին անունն է գրել ու ասել, որ մի քանի այլ վիրավորների հետ նրան տեղափոխեն։ Արամը մի քանի անգամ բարձր կրկնել է իր անունը, որ ինքը արտաշատցի բժիշկ Արամն է։ Հայաստան վերադառնալուց հետո Պողոսը փնտրել է Արամ Ստեփանյանին, հիվանդանոցում հերթական վիրահատությունից առաջ, պատահաբար Արամի ընկեր բժիշկներից իմացել է վերջինիս զոհվելու լուրը, սակայն փնտրել ու գտել է Ստեփանյանների ընտանիքին, պատմել, որ Արամն է եղել իր կյանքը փրկողը։

2021-ի օգոստոսի 29-ին Սևանի դիահերձարանից զանգահարել են Ստեփանյանների ընտանիքին ու տեղեկացրել, որ ԴՆԹ-ն համընկել է։ Բժիշկ Արամ Ստեփանյանի մարմինը տասը ամիս եղել է Սեւանի դիահերձարանում, այդ ընթացքում ընտանիքը Արամին փնտրել է անհետ կորածների, գերիների մեջ։ Ընտանիքը դիմել էր Կարմիր խաչին, 3 անգամ ԴՆԹ անալիզ են հանձնել, բայց որևէ տեղեկություն չեն կարողացել իմանալ։Արամ Ստեփանյանին հուղարկավորել են 2021-ի  սեպտեմբերի 2-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Արամ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայության» մեդալով։