Արևմտյան Հայաստանի հայերի հարցը ուսումնասիրելիս, արժեքավոր փաստեր կարելի է համարել 1914-1920 թվականներին Վրաստանում լույս տեսած մի քանի պարբերականների հոդվածները։ Վրացի լրագրողներն ու հրապարակախոսները հոդվածներում ու հաղորդագրություններում համերաշխություն, կարեկցանք ու համընդհանուր ցավակցություն են արտահայտում հայ ժողովրդին, թեև սիրտ շոյող արտահայտություններից բացի, հանդիպում են նաև այլ տրամադրություններ: Այսպես՝ «Կլդե» հանդեսը, նշելով, թե «Լիովին համոզված պետք է լինեն իրենց հայրենիքից տեղահանված, տունուտեղ կորցրած հայերը, որ մենք լավ ենք հասկանում նրանց ծանր վիճակը, հոգով, սրտով կարեկցում ենք…»: 

«ՍԱԽԱԼԽՈ ԳԱԶԵԹԻ»-ն  1914 թվականի ՝ հունվարի 10-ի համարում լույ տեսած 

«Հայերի կյանքը Արևմտյան Հայաստանում » հոդվածում գրում է, որ  բարեփոխումների գործը կրկին անորոշ է: Օսմանյան կառավարությունը շարունակում է երկակի քաղաքականություն վարել, ասում են՝ որոշ գավառներում խառնակություններ են սկսվել: 

Արդեն փետրվարի մեկին «ՍԱԽԱԼԽՈ ԳԱԶԵԹԻ»-ն գրում է, որ Հայերը չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին: Հայ կուսակցականները  օսմանյան կառավարությունից պահանջում են բարեփոխումներ։ Միայն դրանից հետո,- ասում են նրանք,- կվերսկսենք բանակցությունները և կմասնակցենք ընտրություններին: Այս ֆոնին Պոլսի օսմանական թերթերը սադրիչ հոդվածներ են տպագրում, որոնք ավելի են ալեկոծում ժողովրդին: Քրդերը թռուցիկներ են տարածում և բոլորին կոչ անում զինվել:  «ՍԱԽԱԼԽՈ ԳԱԶԵԹԻ»-ն գրում է, որ իրենց Պոլսի աղբյուրները տեղեկացնում են, որ քրիստոնյա վաճառականների դեմ բոյկոտն ուժեղանում է: Նրանց ապրանքի վրա նույնիսկ նավթ են լցնում։ Այդ պատճառով հույն և հայ վաճառականները նպատակադրվել են չեղյալ համարել Եվրոպայի գործարանատերերի հետ կնքած պայմանագրերը: Նրանց կարծիքով` օսմանցիները ցանկանում են, որ քրիստոնյաները հեռանան Օսմանյան Կայսրությունից: Պոլսում  Ջեմալ փաշան ռազմածովային նախարար է նշանակվել:  

Հայոց պատրիարքը Բայազետի եպիսկոպոսից ստացել է հետևյալ տեղեկագրությունը. «Քաղաքից մի քանի ժամվա հեռավորության վրա թեժ մարտեր են գնում: Կառավարական ջոկատում ընդամենը 240 զինվոր է: Քրդերը լավ զինված են, նրանք նույնիսկ գնդացիրներ ունեն: Քաղաքում խառնաշփոթ է: Քրիստոնյա բնակիչները փակվել են եկեղեցիներում: Փրկեք մեզ»: Իրավիճակի բարդությունը զգում է նաև կառավարությունը: Նա հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ասված է, թե քրդերի շարժումը ուղղված է կառավարության և քրիստոնյաների դեմ: 

Ինչպես տեսնում ենք հոդվածներում թուրքական կառավարությունը ոչ միայն հրաժարվում է բարեփոխումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, այլև պետական մակարդակով թշնամանք է սերմանում հայ բնակչության հանդեպ։