Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է, որ
Հայկական հուշարձանները ոչնչացնելու Բաքվի քաղաքականությունը նոր չէ, այդ քաղաքականությունն ամենուր է՝ որտեղ Բաքվիի բանակը մտնում է։ Նշել է, որ 1994 թվականից ի վեր այդ ամենին ականատես ենք եղել և՛ հյուսիսային Արցախում, և՛ Նախիջևանում, և 44-օրյա պատերազմից հետո Հադրութում, Քարվաճառում և այն բոլոր տարածքներում, որոնք անցան Բաքվի հսկողության տակ։
Րաֆֆի Քորթոշյանի դիտարկմամբ՝ հայկական կողմն այս պահին պետք է օգտագործի բոլոր հնարավորություններն ու միջոցներն առժամանակ դանդաղեցնելու Բաքվի կողմից իրականացվող՝ Արցախում հայկական մշակույթի ոչնչացման գործընթացը։ Իսկ դրա համար ճանապարհները մի քանիսն են, եթե չկա ռազմական ճանապարհը, պետք է գործադրվեն դիվանագիտական և դատական ուղիները։
Նա բերեց Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը, որի դեպքում դիվանագիտական ճանապարհով հաջողվել է պահպանել բազմաթիվ հուշարձաններ, այսինքն՝ այդ հուշարձանները պահպանվում են, քանի որ Հայաստանն Իրանի հետ ունի դիվանագիտական հարաբերություններ։ Եթե դիվանագիտական ճանապարհ էլ չկա, մնում է միայն միջազգային դատական գործընթացներ սկսել, որի համար հայկական կողմն ունի 45 տարի ուսումնասիրած փաստեր։
Րաֆֆի Քորթոշյանը նշել է, որ դատարան դիմելու համար ունեն բավարար փաստեր։ 45 տարի հավաքվում են նյութեր ոչ միայն Արցախից, այլև սփյուռքից։ Արցախում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը սկսել է աշխատել 1978 թվականից։
Ժամանակին լուսահոգի Սամվել Կարապետյանն ասել էր. «Եթե դու չես պայքարում արևի տակ զբաղեցրած քո տարածքի համար, ուրեմն դու ուղղակի գոյություն ես քարշ տալիս»:Լրագրողի հարցին՝ այսօր հայ ազգն իր գոյությո՞ւնն է քարշ տալիս, Րաֆֆի Քորթոշյանը պատասխանեց. «Մենք իրավունք չունենք մեր գոյությունը քարշ տալու, եթե մենք մեր գոյությունը քարշ ենք տալիս, ուրեմն՝ նշանակում է՝ մենք գոյություն չունենք։ Պարտությունները պետք է լինեն ժամանակավոր, և մենք պետք է աշխատենք՝ միայն աշխատանքով է հնարավոր փոխել իրավիճակը»,- ասել է Քորթոշյանը։