Եվրամիությունը Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում։ Այս մասին Երևանում Արևելյան Հայաստանի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսին ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն դրան պատրաստ կլինի։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Գերմանիան այս ուղղությամբ մտքեր են փոխանակում և համագործակցության մեծ հնարավորություններ կան:
«Մենք սերտ փոխանակում ենք մեր մտքերը, մեր գաղափարները և համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ կան։ Այս բարդ աշխարհաքաղաքական ժամանակներում որոշիչ է, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Բաքվի միջև, որը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղությանը։ Այս իրավիճակում հատկապես տնտեսական հարաբերությունները կարող են էլ ավելի խորանալ»,- ասաց Բերբոքը՝ հավելելով, որ տարածաշրջանում անհրաժեշտ է խաղաղություն, որպեսզի խոշոր ներդրումների հոսք լինի, տնտեսությունը զարգանա, ինչը նաև խթան կհանդիսանա վիզային ռեժիմի դյուրացմանը։