2020 թվականի պատերազմից հետո Բաքուն  մի նոր թափ է տվել նախկինում արդեն «21-րդ դարի ամենասարսափելի մշակութային ցեղասպանություն» ձևակերպում ստացած իր քաղաքականությանը՝ ավելի ակտիվորեն քան երբևէ ջնջելով Արցախում հայկական ներկայության բոլոր հետքերը։

Հայկական մշակութային ժառանգության վրա հարձակումը տեղի է ունենում ոչ միայն սրբավայրերի և հուշարձանների ոչնչացմամբ, այլև պատմական իրողությունների խեղաթյուրման փորձերի միջոցով։ Լիովին անտեսելով ադեկվատության սահմաններն ու ամեն տեսակ սահմանափակումներ՝ Բաքուն  ոտնձգություն է իրականացնում նույնիսկ Արևելյան Հայաստանի տարածքի հանդեպ՝ Սյունիքն ու Երևանը հայտարարելով պատմական ադրբեջանական տարածքներ և սպառնալով Արևելյան Հայաստանին մի նոր պատերազմով, որը կջնջի Հայաստանը աշխարհի քաղաքական քարտեզից:

Բաքուն փորձում է արդարացնել իր ախորժակը ակադեմիական մակարդակում՝ առաջարկելով տեղանունների զավեշտալի ստուգաբանություններ, ինչպես օրինակ Զանգեզուրի դեպքում, որը Մեծ Հայքի Սյունիք նահանգի հարավային մասի ավելի ուշ անվանումն է, սակայն, Բաքվի պնդմամբ, հիմնված է թյուրքական «Զանգի» ցեղանվան վրա։ Նման մեկնությունները, երբեմն միահյուսված զառանցական հայտարարություններով՝ իբր թե Զանգեզուրը բնիկ ադրբեջանական կամ աղվանական տարածք է, արտացոլված են ոչ միայն 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո արված ագրեսիվ տեսանյութերում, այլև նախորդ տասնամյակների տեղանունային ուսումնասիրություններում և բառարաններում։ Այս մոտեցումը ոչ թե պարզապես անհիմն է, այլև հենց մեկնակետով հակագիտական է, քանի որ հիմնված է հայկական ամեն տարրի ակնհայտ ժխտման միտումի վրա:  Ճիշտ է, Արևելյան Հայաստանի տարածքում կան մի քանի տեղանուններ, որ պարունակում են Զանգի բաղադրիչը, ինչպիսիք են՝ Զանգիբասար, Զանգիթափա, Զանգիլան/Զանգելան և Զանգիլար, և դրանցից մի քանիսի երկրորդ բաղադրիչը կարող է համարվել թյուրքական ծագման, սակայն նշվածները ավելի երիտասարդ տեղանուններ են, որոնք արձանագրված չեն տվյալ տարածքներին առնչվող  պատմական փաստաթղթերում,  և կապ չունեն Զանգեզուր-ի հետ։Սկսած ամենավաղ ժամանակների պատմական փաստաթղթերից մինչև նոր ժամանակաշրջան, հայերը կազմել են հայկական Արցախ, Սյունիք և մասամբ Ուտիք նահանգների հիմնական էթնիկ բնակչությունը։ Այդ են վկայում բազմաթիվ պատմական աղբյուրներ, ճարտարապետական հուշարձաններ, վիմական արձանագրություններ, ձեռագիր հիշատակարաններ, տեղանուններ և այլն։

Յոթերորդ դարի «Աշխարհացոյց»-ում Սյունիքն ու Արցախը ներկայացված են որպես Մեծ Հայքի համապատասխանաբար իններորդ և տասներորդ նահանգներ: Կան հայկական բազում տեղանուններ, որոնք պարունակում են ձոր բառարմատը՝ ‘ձոր, հովիտ, հեղեղի հուն’ իմաստով։ Սա բնիկ հայկական ծագման բառ է և մատենագրության մեջ վկայված է դեռևս 5-րդ դարից։ Այդպես է նաև Զանգեզուր-ը, որը պատմաաշխարհագրական շրջանի երիտասարդ անվանում է Արևելյան Հայաստանում և տարածքով համապատասխանում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի (նահանգի) հարավային մասին։ Նախապես այն վերաբերում էր Գորիսի մերձակայքին, գետին ու լեռներին։Այսպիսով, Ձագեձորն աշխարհագրական ընդգրկմամբ հիմնականում համապատասխանում է արդի Զանգեզուրին։