


Արտյոմ Քոլանջյանը ծնվել է 1993-ին ՝ սեպտեմբերի 22-ին։ Արտյոմը դեռ մանկուց երաժշտական նախասիրություններ ուներ։ Երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին էր հաճախել, բայց հետո կիսատ էր թողել։ Ավելի ուշ երաժշտությունը նրա կենսակերպն էր դարձել։ Զուգահեռաբար աշխատում էր Հանրային հեռուստատեսության տեխնիկական բաժնում։
2011-2013 թթ․ Արտյոմը ծառայել է Լուսակերտում, ապա՝ Թալիշում։ Հրետանավոր–հաշվարկող, ավագ սերժանտ Քոլանջյանը դասակի հրամանատար էր, արժանացել էր շնորհակալագրերի ու պատվոգրերի։ 2016 թ․ ապրիլյան քառօրյայի ժամանակ Արտյոմն ընտանիքից գաղտնի կամավորագրվել էր ու գնացել։ Երբ տուն էին եկել, տեսել էին, որ նա չկա, ավելի ուշ իմացել էին առաջնագիծ գնալու մասին։ Այդ ժամանակ Արտյոմն առաքիչ էր աշխատում, պատերազմի օրերին նրան եւ մյուս աշխատողներին աշխատանքից հեռացրել էին, ապա վերականգնել։ Պատերազմից հետո Արտյոմը եւս 25 օր մնացել էր Ճամբարակում։
2020 թվականի սեպտեմբերի 22-ին Արտյոմի ծննդյան օրն էր։ 5 օր անց պատերազմի լուրը լսելուց հետո հանել էր քառօրյային ստացած զինվորական համազգեստը, լվալ տվել, ։ Հագել էր զինվորական համազգեստն ու զինվորական կոշիկներն եւ տան մեջ սկսել անհանգիստ քայլել։
Ռազմաճակատ գնալու փորձը ձախողվել էր․ սեպտեմբերի 29–ին փորձել էր ինքնակամ գնալ, բայց չէր ստացվել։ Հոկտեմբերի 3-ին Արտյոմը մոր հետ գնացել էր դասընկերոջը տեսնելու, որին ուղեգիր էր եկել զինկոմիսարիատից։ Դեռ ընկերոջ տուն չհասած՝ Արտյոմի ձեռքին զանգ եկավ, ասեցին՝ զինկոմիսարիատից է ․Արտյոմը նույն րոպեին զինվորական դարձավ։
Ժամը 14-ին զինկոմիսարիատ պիտի ներկայանար, բայց այնտեղ էր 30 րոպե շուտ։ Մինչեւ երեկոյան 8-ը սպասել էին, բայց Արտյոմի անունն այդպես էլ չէին կարդացել։ Նա մոտեցել էր, գրիչով գրել անունը, որ կարդան, հետո նստել էր Արցախ մեկնող ավտոբուսը։Մինչ մեկնելը ընկերները փորձել էին համոզել, որ չգնա, քանի որ քառօրյայի ժամանակ իր պարտքը տվել էր։
Արտյոմին նախ Լուսակերտ էին տարել՝ վարժանքների։ Արփինեն որդուն վերջին անգամ տեսել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից 3 օր անց Լուսակերտից ճակատ գնացողների ցանկում Արտյոմի անունը դարձյալ չկար։ Ընկերները պատմել են, որ ինքն է ավելացրել անունն ու մեկնել։
Ընտանիքը գիտի, որ Արտյոմենց հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջան էին տարել։
Վերջին անգամ մոր հետ խոսելուց ասել էր՝ դուխով, հաղթելու ենք։Արտյոմի մարմինն անմիջապես Երեւան էին բերել, բայց այդ մասին տնեցիներն ուշ էին իմացել։ Ազգանունը սխալ էին գրել։
Հոկտեմբերի 28-ին դատաբժիշկներից մեկը ճանաչել էր Արտյոմին, նրա վրա դաջվածքներ կային։ Նույն օրն առավոտյան մայրը՝ Արփինեն պաշտպանության նախարարություն էր գնացել՝ ասելով, որ որդուց մի քանի օր լուր չունի, փորձեն ինչ-որ տեղեկություն տալ։ Երբ երեկոյան տուն էր եկել, տեսել էր, որ մարդիկ են խմբով ներս մտնում իրենց տուն, ու ամեն բան հասկացել էր։ «Չնայած սաղ կյանքս պիտի տանջվեմ էս ցավից, բայց վստահ եմ, որ իմ էրեխեն գերի չէր մնա մի վայրկյան անգամ։
Արտյոմ Քոլանջյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով։