Հայ ազգը, հազարամյակներ շարունակ ունենալով ամուր եւ հզոր ինքնագիտակցություն, կերտել է իր տեսակին համապատասխան մշակույթ, որը յուրովի է ամփոփված հայ ազգի «Մեծ Լույս» կամ «Արեւ» արեւապաշտական հավատամքի մեջ՝ որպես Առաքելականության, Լուսավորչականության, Բանախոսության, Արիականության, Բարեպաշտության գաղափարախոսություն: Հայոց Հին հավատքից Նոր հավատքի ժառանգական փոխանցումը, հաջորդականությունը եւ փոխկապակցվածությունը հաստատելու համար Western Armenia Tv-ին կատարել է պատմական, մշակութային, լեզվաբանական վերլուծություն:

Առաջին վերլուծությունը նվիրված է ԱՐ-ԱՐԵՒԻ գաղափարախոսությանը։

Ավելի քան 10.000 տարվա պատմություն ունեցող քարեղեն արձանագրությունները վկայում են Լույսին ու Արեւին՝ մարդու խոնարհման մասին. Լույսն ամեն առավոտ բացվում է, արեւն ամեն առավոտ երբ բարձրանում է, բերում է լույս եւ ջերմություն, պաշտպանում է մարդուն ցրտից եւ՝ մութ ու խավարից եկող շատ այլ վտանգավոր երեւույթներից: Դեռեւս մեր նախնիները գիտեին , որ առանց արեւի եւ լույսի երկիրը կմնա առանց բնության եւ առանց կյանքի:

Արեւը մեկ տարվա ընթացքում անցնում է 12 աստղատների միջով: Այդպես էլ նա ցույց է տալիս 12 ամիսները, տարվա 4 եղանակները, նրանց գոյության կերպը եւ հավասար վիճակը տիեզերքում:

Այս պատկերով 12 աստղատները կոչվում էին տարվա եղանակային ժամանակաշրջան, որտեղով արեւը անցնում է մեկ տարում:

Լույսն ու Արեգակը ունեցել են իրենց աստվածները, կամ իրենք հենց աստվածներ են համարվել:

Լույսին ու Արեգակին կամ երկնային մարմիններին տրվել են անուններ, որոնք իմաստավոր ված հնչյունների միացություն են եղել, կամ կոդեր: Դեռեւս 19-րդ դարում եվրոպացի նշանավոր աստղագետներ Օլկոտը եւ Մաունդերը ընդունել են այն հիմնավոր կարծիքը, որ կենդանակերպի տասներկու համաստեղության ընկալումը եւ անվանումները կարող էին տալ միայն այն մարդիկ, ովքեր ապրել են 36-42 աստիճանների միջեւ, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում: Կենդանակերպի համաստեղություններով պայմանավորված՝ արեգակնային տարին 12 ամիսների բաժանելը, կարծես թե, նույն մարդկանց գաղափարն է: Արեգակնային ժամացույցի վրա օրը բաժանված է 12 մասի, որը նշում է ցերեկվա եւ գիշերվա ժամերը: Այսինքն՝ օրը ունեցել է 24 ժամ: Եվ, իրոք, 24 ժամ է օրը նաեւ ըստ հայկական հնագույն տոմարի, որտեղ ամեն ժամ ունի իր հայկական անվանումը:

Ար աստծո պաշտամունքի ծագումն ու տարածումը: Հայկական լեռնաշխարհը համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկն է: Հայերն այստեղ վաղ են կազմավորվել որպես ազգ, ունեցել ուժեղ պետականություն եւ բարձր մշակույթ: Այն, որ հայերն Արևմտյան Ասիայում մեծ տեղ ու դեր են ունեցել, վկայում են նյութական մշակույթի բազմադարյան հետքերը, պատմական, դիցաբանական զրույցներն ու առասպելները, աշխարհագրական եւ անձնական անունները:

Անհիշելի ժամանակներից հնդեվրոպացիների նախահայրենիք հադիսացող Հայկական լեռնաշխարհում ապրող ցեղի ուղղակի ժառանգորդը հայ ժողովուրդն է, որը հազարամյակներ ապրում եւ արարում է իր բնօրրանում: Գեղեցիկ ու դաժան այս լեռնաշխարհում է հայ մարդը կառուցել հոյակապ կոթողներ, շենքեր ու քաղաքներ, այստեղ է ստեղծել ավանդություններ, զրույցներ: Այստեղ է երկրպագել նաեւ իր առաջին աստծուն` արեւի հզոր աստված Ար- Արային:

Հնագույն ժամանակներում յուրաքանչյուր ցեղ ունեցել է պաշտամունքի իր առարկան` աստվածը, իսկ յուրաքանչյուր աստված` իր անունը: Բացի բազմաթիվ աստվածներից ցեղն ունեցել է իր գլխավոր աստվածը: 

Հնագույն պատմական վկայությունները, լեզվական, ազգագրական եւ հնագիտական նյութերը ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհի բնիկների` արիների հնագույն գլխավոր աստվածն արեւի Ար աստվածն էր: Երկնային լուսատուներից ամենալուսավորն ու պայծառն արեգակն է, որը լույս ու ջերմություն է տալիս մարդուն` ապահովում բերք ու բարիքով: Մեր նախնիները` պաշտելով արեւը, նրան վերագրել են արարչական զորություն, ընդունել են նրան որպես ամենայն բարիքներ ստեղծող գերբնական մի ուժ, որպես կյանքի աղբյուր, սկիզբ ամեն ինչի: Եվ բնական է, որ մարդը «զԱրեգակն աստված համարեր եւ անոր նայելով զաստված պաշտեին»: Գարունը եւ տաք արեւը, որ փոխարինել են Հայկական լեռնաշխարհի հաճախ շատ ցուրտ ու երկարատեւ ձմռանը, մեծ ուրախություն են պատճառել մարդկանց, ովքեր մեծ անհամբերությամբ էին սպասում արեւին, գարնանն ու բնության զարթոնքին, գարնան գալուստը նշելով մեծ տոնակատարություններով (բարեկենդան, տեարնընդառաջ, համբարձման տոն):  Արեւը մարդուն հետաքրքրել է նաեւ նրանով, որ ամեն օր մեռնում ու հարություն է առնում: Արեւի մեռնելը, անհետանալն անվանել են մայրամուտ, իսկ նորից ծագելը` հարություն առնել: Մարդը նկատում էր, որ ինչպես արեւն է մեռնում ու հարություն առնում, այնպես էլ տարին է մահանում (ձմեռ) ու մահից հետո հարություն առնում (գարուն): Անտարբեր չմնալով այս գաղափարից` մարդն իր գլխավոր աստծուն օժտել էր նաեւ մեռնող եւ հառնող հատկությամբ: Ար աստվածը մեռնող եւ հառնող բնության աստվածն էր` հետագայում ձեռք բերելով նաեւ ռազմի եւ քաջության աստվածության նկարագիր:

Շարունակելի․․․