Ժորա Գրիգորի Անդրիասյանը ծնվել է 2002 թվականին հունիսի 11-ին Երևանում, բնակվել է Սարի թաղում։ 2008 թվականին ընդունվել է Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում։ Դպրոցում Ժորան աչքի է ընկել իր ընդունակությամբ, բարությամբ ու անսահման ակտիվությամբ ։ 2017 թվականին Ժորան ընդունվել է Հայ-հունական քոլեջ՝ որպես գարեջրի և գինու տեխնոլոգ ։ Ե՛վ դպրոցում, և՛ քոլեջում ժորան հասցրել էր մեծ սեր ու հարգանք վայելել՝ ամեն ծայրում ունենալով ընկերներ ու ծանոթներ։  

Քոլեջի 4-րդ կուրսը կիսատ թողնելով՝ Ժորան մեկնում է պարտքը տալու հայրենիքին ։ Չնայած ունեցած առողջական խնդիրներին ու անցած վիրահատությունների, Ժորան ծառայության մեկնելու մտքից ետ չի կանգնում և 2020 թվականի հուլիսի 13-ին զորակոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի ականանետային գումարտակի ուսումնական գումարտակ։ Ընդամենը 3 ամսվա ծառայող լինելով ՝ Ժորան մասնակցում է մարտերին ։ Սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան սկսվում են մարտերը։ Մարտերի ժամանակ Ժորան 12 օր շրջափակման մեջ է եղել, ապա հրամանատարի հնարամտության արդյունքում կարողացել են դուրս գալ շրջափակումից։ Շրջափակումից դուրս գալուց հետո կարողանում է ապաստանել ղարաբաղցի մի պապիկի տանը ։ Չնայած պատերազմի օրերին տեղի ունեցած դեպքերին՝ Ժորան այդպես էլ ընտանիքին չի տեղեկացնում շրջափակման մեջ ընկնելու մասին։  

Նոյեմբերի 5-ին հրաման է տրվում 250- հոգանոց խմբին մեկնել Շուշի բերդաքաղաք ինքնապաշտպանական մարտերի։ Նրանց թվում էր և Ժորան, ով ոտքից վիրավորվել էր։ Չանսալով ընկերիների խնդրանքներին չմեկնել իրենց հետ՝ Ժորան մարտիկի վեհ տրամադրվածությամբ առանց վարանելու նետվում է մարտի ։ Խումբը կարողանում է ազատագրել Քարինտակ գյուղը։ Նոյեմբերի 7-ին սկսվում են ամենաթեժ մարտերը Շուշիում, որտեղ էլ Ժորան՝ ամենահավատարիմ ընկերոջ ու նվիրյալ մարտիկի կոչումով, վիրավոր ընկերներին օգնելով ու անձնուրաց կռվելով ընկնում է մարտում դիպուկահարի կրակոցից ։  

Ժորան սիրելի էր բոլորի կողմից։ Բոլորը՝ կուրսընկերները, դասընկերները, հարազատները, հիացմունքով ու ժպիտով են հիշում նրան։ Հիշում են, որ Ժորան երբեք չէր կորցնում հույսն ու հումորը,լավատեսությունը հաղթանակի նկատմամբ։ Ժորան բոլորի ուրախությունն էր, որով և մշտապես ուրախանում էր ինքը ՝ ձայնարկելով՝ բոլորը մերն են, մերոնք են․․․։ Շուտ գալու խոստումով գնաց նա, սակայն ետ վերադաձավ հավերժացած փառքով ։  

Ժորան հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։  

Նյութի համար աղբյուր է հանդիսացել Լիլիթ Չիբուխչյանի հեղինակած «Գնում եմ, որ գամ․․ իրապատում» գիրքը ։