Արեւի աստված Արը խաղաղ բնույթով եւ գեղեցիկ համամարդկային հատկանիշներով էր օժտված: Փոքրասիական այլ աստվածությունների հետ համեմատելիս անմիջապես նկատելի է դառնում Ար աստծո նկարագրի խաղաղ բնույթը: 

Իր նկարագրի խաղաղ բնույթն արեւի Ար աստվածը պահպանել է շատ հազարամյակներ` կրելով հրապուրիչ գաղափարախոսություն, ունենալով լայն տարածում` դառնալով «ունիվերսալ կրոն»:

Շատ խոր հնության պատճառով դժվար է ճշտորեն որոշել Ար աստծո ինչպես ծագման, այնպես էլ նկարագրի զարգացման ժամանակաշրջանը: 

Գիտական ուսումնասիրությունները պարզել են, որ հնդեվրոպացիներն ունեցել են ակունքային մի ընդհանուր մշակույթ (հնդկական վեդաները, հայոց «Սասնա ծռեր» դյուցազնավեպը, իրանական «Ավեստան»), որը յուրաքանչյուր ժողովուրդ զարգացրել է յուրովի` բաժանվելով մայր ցեղից: Հնդկական «Ռիգվեդայում» եւ իրանական «Ավեստայում» աղոտ հիշողություններ են պահպանվել նախահայրենիքում գտնվող Երասխ /նաեւ Արաքս, Ռահ/ գետի մասին ՌԱՍԱ (Ռիգվեդա) եւ ՌԱՀԱ (Ավեստա) անունով: Տվյալ դեպքում Հայկական լեռնաշխարհի բնիկների` արիների համար գոյություն է ունեցել արեւի Ար աստծու պաշտամունքը, որը ցեղի գլխավոր աստվածն էր եւ ցեղի տարածման հետ տարածվել էր նաեւ նրա պաշտամունքը: 

Հայոց հեթանոսական տոմարի մեջ եւս պահպանվել են արեւի Ար աստծո պաշտամունքի հետքերը: Այսպես. «հեթանոսական տոմարի 6-րդ ամիսը կոչվել է Արաց, «այն նշանակել է արերի/արմեններ/ օրեր եւ նվիրված էր Ար աստծո տոնակատարություններին»: Ուսումնասիրողները գտնում են, որ Արաց «պիտի նշանակի Արայի օրեր»: Ար աստծո պատկերը մեզ չի հասել հավանաբար խոր հնության պատճառով, սակայն ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ Ար աստվածը հաճախ է պատկերվել իր ուղեկից առյուծի հետ /ավելի հաճախ կանգնած առյուծի մեջքին/: Այդպիսի պատկերներ հայտնաբերվել են Էրեբունի ամրոցի պեղումների ժամանակ: Պահպանված որմնանկարներից մեկը ներկայացնում է Վանի թագավորության ժամանակների գլխավոր աստված Խալդ-Հալդիին` /Արդի, նաեւ Հայկ/ կանգնած առյուծի մեջքին:

Հազարավոր տարիներ հայ ժողովուրդը պաշտել է արեւը ու արեւի Ար աստծուն, բայց պատմական ինչ-որ ժամանակահատվածում այն տեղի է տվել: Սիրված այս աստվածության պաշտամունքը սակայն չի անհետացել, այլ շարունակել է հարատեւել ավելի ուշ հանդես եկած Արամազդ, Վահագն, Միհր աստվածների մեջ` նրանց փոխանցելով իր նկարագրի շատ հատկանիշներ: Հայոց ուշ շրջանի հեթանոսական դիցարանը գլխավորում էր Արամազդը, Վահագնը ժառանգել էր արեւի ու ռազմի, իսկ Միհրը` կրակի /արեւի/ հատկանիշները:

Հայերը եւս ունեցել են Նանե աստվածուհի, ով Արամազդի դուստրն էր: Հայաստանի շատ շրջաններում` (Արցախ, Ուտիք, Լոռի) մեծ մորն այսօր էլ անվանում են Նան, Նանի, Նանե: Նանա սանսկրիտ նշանակում է մայր: Նար աստվածուհու պաշտամունքի հետ է կապված ազգագրական երգի պատառիկ, որ դարեր շարունակ երգվել ու պահպանվել է ժողովրդի մեջ.

Նուրին, Նուրին եկել ա,

Աչպա հուրին եկել ա,

Շալե շապիկ հագել ա,

Կարմիր գոտիկ կապել ա,

Յուղ տվեք, վարսը քսենք,

Ձու տվեք, ձեռքը դնենք:

Երգը երգում էին, երբ անձրեւ ակնկալելու խնդրանքով երեխաները Նար (Նուրի) տիկնիկի հետ շրջում էին տները:Ժամանակի ընթացքում Նար աստվածուհուն եւս փոխարինել են այլ աստվածուհիներ` Ծովինար, Նանե, Անահիտ: Փոքրասիական մայր աստվածուհիները լուսնային բնույթ են ունեցել: Եգիպտացիների Իսիսը, ասորեստանցիների Միլիտան, փյունիկցիների Աստարտան, հույների Արտեմիսը եւ ուրիշներ հաճախ են պատկերվել լուսնի մահիկի տեսքով: Նար աստվածուհուն ավելի ուշ շրջանում փոխարինած Անահիտ աստվածուհին եւս նախ եղել է լուսնի աստվածուհի, իսկ հետագայում նաեւ` պտղաբերության ու սիրո աստվածուհի: Սատաղից հայտնաբերված նրան վերագրվող բրոնզե արձանիկի ճակատին թափված է երկու խոպոպիկ` լուսնի մահիկի տեսքով:

Շարունակելի․․․