Վերջին շրջանում Բաքուն ՝ մշակութային ցեղասպանությունը տարբեր եղանակներով է իրականացվում: Մեկը՝ պարզապես նախնադարյան բարբարոսություն. ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը, մշակութային այլ կոթողները, երկրորդը՝ փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները: Դա էլ է ցեղասպանություն:
Բաքուն ինչ-որ «աղվանական եկեղեցիների» թեզ են առաջ քաշում:Դա արվում է այն դեպքում, երբ նրանք չեն կարողանում պարզապես քանդել այդ եկեղեցիները, օրինակ՝ Դադիվանքը: Եթե Բաքվի կամքով լիներ՝ վաղուց էին ոչնչացրել: Բայց քանի որ չեն կարողանում՝ փորձում են այլ կերպ վերացնել մշակութային կոթողների հայկականությունը և դարձնել ոչ հայկական մշակույթի կոթող: Թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիներն ու վանքերը հանկարծ պարզվում է, որ «աղվանական» են, և նույնիսկ եթե դրանք հին Աղվանքից մնացած կոթողներն են՝ ի՞նչ կապ ունեն Ադրբեջանի և ադրբեջանական մշակույթի հետ։Դա նույնն է, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե թուրքերն առաջինն են իջել Լուսնի վրա: Հիմա ի՞նչ ասենք: Շումերներին էլ են ներկայացնում իբրև «ադրբեջանցիներ» այն դեպքում, երբ ադրբեջանական ազգը 1936 թվականին է պաշտոնապես ստեղծվել:
Փաստենք, որ Արցախը օկուպացնելուց հետո Բաքվի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում Արցախի՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու և առհասարակ պատմական Արցախից հայկական հետքը վերացնելու ուղղությամբ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում արդեն բազմաթիվ եկեղեցիների, վանքեր, հուշարձաններ պատմական ու մշակութային կոթողներ են հիմնովին ոչնչացրել կամ պղծել, խեղաթյուրել՝ սկսած Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարից՝ մինչև այլ տարբեր սրբավայրեր ու կոթողներ: Մշակութային այս հանցագործությունների և վանդալիզմի դեպքերից շատերը արձանագրված են Western Armenia Tv-ի կայքում:
Նշենք, որ Աղվանքը, որին նաև կոչում են «Կովկասյան Ալբանիա», կովկասյան հնագույն պետություններից է եղել, որը սահմանակցում էր Մեծ Հայքին և զբաղեցնում էր ներկայիս Բաքվի տարածքի մի մասը: Տարածաշրջանում քրիստոնեության տարածումից հետո այս երկրում ապրող ժողովուրդները առաքելական քրիստոնյաներ դարձան և սերտորեն կապված էին Հայ Առաքելական Եկեղեցու հետ: 10-11-րդ դդ. ի վեր, հատկապես սելջուկ-թուրքերի և թաթար-մոնղոլների արշավանքներից հետո Աղվանքը աստիճանաբար քայքայվեց և դադարեց գոյություն ունենալ իբրև ոչ միայն պետական, այլև պատմաաշխարհագրական միավոր: Աղվանքի պատմությունը տարածաշրջանի ամենաքիչ ուսումնասիրված խնդիրներից է, այդ թվում՝ Հայաստանում: Թե ի՞նչ կապ ունեն միայն 1918 թ. ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը և ժամանակակից ադրբեջանցիները Աղվանքի և աղվանական ժառանգության հետ՝ օբյեկտիվ և անաչառ պատմագիտության տեսանկյունից պարզ չէ, քանի որ նրանք ո՛չ Աղվանից ժողովուրդների կրոնն են ժառանգել, ո՛չ էլ նույնիսկ նրանց երկրի անվանումը: