Սահակյան Ժորան ծնվել է 2001 թվականի ՝ հունվարի քսանյոթին, Արցախի ՝Հադրութի շրջանի  Տող գյուղում։ 2020թ․ 44-օրյա պատերազմի հետեւանքով Հադրութի շրջանի Տող գյուղն անցավ Բաքվի վերահսկողության տակ։ Գյուղի համար մղված մարտերում գյուղացիներից զոհեր չեն եղել։ Պատերազմին Տողից 9 ժամկետային զինծառայող է մասնակցել, ռազմաճակատի տարբեր հատվածներում: Նրանցից Ժորա Սահակյանը զոհվել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանում գտնվող Ուրյան բարձունքում:  Ժորան Սահակյանների ընտանիքի առաջնեկն էր։ Ժորա Սահակյանը զորակոչվել էր 2019 թ.-ի հուլիսին, ծառայում էր 5-րդ պաշտպանական շրջանում, Մարտակերտի զորամասում։ 

Ժորա Սահակյանի հայրը ՝ Վահիդ Սահակյանը, « Հետք»-ին տված հարցազրուցում ասել է․

«Ծառայությունից չէր դժգոհում, միշտ ասում էր` ամեն ինչ լավ է»։ Պատերազմը սկսվելու օրը՝ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան, Վահիդ Սահակյանը Տողում էր կնոջ և երկու դուստրերի հետ, որդին՝ Մարտակերտում ծառայության։

«Տանն էի, պայթյունների ձայնը լսեցի, հասկացա, որ պատերազմ է։ Գնացի գյուղամեջ, անմիջապես սկսվեց գյուղի մոբիլիզացիան։ Գյուղապետը այդ ժամանակ Երևանում էր, տեղեկացրինք իրավիճակը, հրահանգեց ցուցակները ՄՈԲ-ի կազմել մինչև իր հասնելը։ Մոտ 20 հոգի գյուղից ՄՈԲ է ձևավորվում ու գնում են Հադրութի զինկոմիսարիատ։ Այնտեղից ուղարկում են դիրքեր՝ Տող գյուղից արևելք մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող, Կարախանբեյլիից մինչև Քյուրդեր կոչվող տեղամաս։ Հոկտեմբերի 11-ին գալիս են Տող, երեք օր հետո գյուղի Կավաք կոչվող բարձունքի վրա կրակոցներ են լսվում, ադրբեջանական ուժերը մոտենում էին: Գյուղի` Քարքարաբանդ էին ասում, էդ տեղամասում ՊՆ խաղաղապահ զորքի գումարտակի հետ մեր ՄՈԲ-ի տղերքը դիրքեր են զբաղեցնում, հոկտեմբերի 17-ից արդեն գյուղի աշխարհազորը Տողում էր տեղակայված։ Հոկտեմբերի 21-ին ադրբեջանցիները հասան Տող, մեկ օր դիմադրեցինք, բայց չկարողացանք պահել գյուղը»,-պատմել  է Վահիդ Սահակյանը.

Պատերազմի առաջին օրվանից Վահիդ Սահակյանն ամեն օր խոսում էր որդու՝ Ժորայի հետ, որի գումարտակը Մարտակերտում մարտական գործողությունների էր մասնակցում։ Հոկտեմբերի 23-ից գումարտակը տեղափոխվում է Մարտունի։

«Հետը որ խոսում էի, ասում էր՝ պապ, մենք ընենց կարևոր դիրք ենք պահում, որ էս հանձնենք, մտնելու են քաղաք։ Չգիտեմ՝ քաղաք ասելով ինչ նկատի ուներ՝ Ճարտա՞ր, թե Մարտունի։ Բայց էն, որ էդ ժամկետային զինծառայողները մինչև վերջ իրենց առաջադրած խնդիրը կատարել են, էդ հաստատ է»,-հիշել  է Վահիդ Սահակյանը։

Հոկտեմբերի 24-ի գիշերը լույս 25-ին Մարտակերտի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտը, որտեղ ծառայում էր Ժորան, դիրքավորվում է Մարտունու Ուրյան բարձունքի վրա։ Այնտեղ 90-ականներից մնացած դիրքեր էին, նոր դիրքեր չէին հասցրել փորել. հոկտեմբերի 25-ից մտել են մարտի մեջ:«Ուրյան բարձունքը քաչալ բլուր է, ո՛չ ծառ գոյություն ունի, ո՛չ քար ու անընդհատ անօդաչուներն էլ վերևը, օդը՝ բաց, տղերքը դարձել են բաց երկնքի տակ նշանակետ, բայց քանի անգամ հետ են մղել ադրբեջանցիների հարձակումը։ Հակառակորդը տեսել է, որ չի կարողանում, հետ է եկել ու հրետանի է սկսել աշխատացնել»,- պատմել  է Վահիդ Սահակյանը։Հոկտեմբերի 27-ի գիշերը լույս 28-ին Ուրյան բարձունքում զոհվում է վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը։ Վաշտն առանց հրամանատարի շարունակում է պահել դիրքը։ 

«Առանց հրամանատարի, առանց նորմալ փորված դիրքերի նրանք մնացել են մինչև վերջ։ Հիմա եմ մտածում՝ երևի երդվել էին իրար չթողնել դիրքը, ինչ էլ որ լինի, նույնիսկ կյանքի գնով պահել այն»,- ասում է Վահիդ Սահակյանը։

Հոկտեմբերի 30-ի երեկոյան, ժամը 6-ի սահմաններում Ուրյան բարձունքի դիրքում ավիահարվածից զոհվում է 19 զինծառայող, որոնց մեջ էր Ժորա Սահակյանը։19 զոհվածներից 17-ը Մարտակերտի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտի զինծառայողներ էին, 2-ը՝ «Մարտունի 2»-ից (2-րդ պաշտպանական շրջան)։ Պատերազմից հետո՝ 2020թ.-ի նոյեմբերի 18-ին, որոնողական ջոկատները Ուրյան բարձունքից դուրս են բերում զոհված զինծառայողների  աճյունները։ Դեկտեմբերի 15-ին ԴՆԹ-ով նույնականացվում է Ժորա Սահակյանի մարմինը, դեկտեմբերի 16-ին նրան հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։