ԱՐ աստծո պաշտամունքի հետքերը հնագիտության մեջ: Արեւի հայոց հնագույն ԱՐ աստծո պաշտամունքի խոր հնության ու տարածվածության մասին են վկայում Հայկական լեռնաշխարհում կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական մշակույթի բազմաթիվ արժեքներ:

Մեր հնագույն նախնիները դիտարկել, ուսումնասիրել են երկինքը, արեւը, լուսինը, աստղերը, բնության տարերքներն ու աղետները եւ յուրովի պատկերել տեսածն ու զգացածը: Հայտնաբերված հնագիտական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց վրա կան բազմաթիվ զարդաքանդակներ արեգակի, լուսնի, աստղերի, երկրի ու այլ մոլորակների պատկերներով, սակայն շատ են արեւի պատկերները: Արեւը մեր նախնիները պատկերել են երկրաչափական մարմինների` խաչ, շրջանակ, սվաստիկա, կենդանիների ու թռչունների`առյուծ, ձի, ցուլ, խոյ, արծիվ, իսկ ավելի ուշ մարդկային կերպարանքով` Ար, Արամազդ, Վահագն, Միհր:

Արեւի ու նրա խորհրդանիշների ուսումնասիրության համար կարեւոր են Ք.ա. 5-3-րդ հազարամյակներին թվագրվող Արագածի, Գեղամա լեռների, Սյունիքի, Նախիջեւանի, Մեծամորի ժայռապատկերները: Ժայռապատկերներին արեւը պատկերված է ճառագայթավոր անվի, խաչի տեսքով: Ուսումնասիրությունների համաձայն` ինչպես Հայաստանում, այնպես էլ Շումերում, Բաբելոնում, Եգիպտոսում, Ասորեստանում ամենատարածվածներից էր արեւի գունդը պատկերող անվաձեւ սկավառակը: Արեւն իր պտույտի պահին պատկերվել է որպես անիվ, ճառագայթները` ճաղեր, իսկ ընթացքը` անվի պտույտ: Գեղամա ժայռապատկերներից մեկում արեւը պատկերված է ճառագայթավոր անվի ձեւով` վրան մի խոշոր թռչուն, կտուցը դեպի հրավառ գունդը:

Կան արեւ-լուսին կապն արտահայտող ժայռապատկերներ, որոնցից մեկում պատկերված է մակույկաձեւ լուսին, իսկ մակույկ-լուսնի մեջ` արեւ: Վանի թագավորության մի կնքադրոշմի վրա , ուր աղեղնավոր հերոսը կռվում է վիշապի դեմ, նրանց վերեւում պատկերված է մակույկ-լուսին ու արեւ:

Հայկական ժայռապատկերներում արեւ-խաչը պատկերված է քառաթեւ` շրջանակի մեջ առնված, հավասարաթեւ ու անհավասարաթեւ պատկերներով` ինչպես Գեղամա ժայռապատկերներում:

Ար աստծո պաշտամունքն իր խոր հնությամբ, նկարագրի գեղեցիկ հատկանիշներով ու խաղաղ բնույթով մեծ ազդեցություն է ունեցել մեր նախնիների հավատալիքների, հայոց լեզվի, մշակույթի, կենցաղի ու սովորույթների ձեւավորման վրա: Ար աստծո անունը հատկապես զգալի է հայոց անձնական ու աշխարհագրական անուններում:

Արեւի ԱՐ աստծո անունը Հայ-Արմեն ու հայոց անձնական ու աշխարհագրական անուններում: Հայոց պատմության ու մշակույթի հարցերով զբաղվող գիտնականներին հետաքրքրել է հայ եւ արմեն անունների առաջացումը: Հայ պատմիչներից առաջիններից մեկը Մ.Խորենացին այն կապում է Հայկի ու Բելի ճակատամարտից հետո Հայկի սերունդների տեղաշարժի հետ: Նա մեկնաբանում է, որ Հայ անունն առաջացել է Հայկի, իսկ «Արմեն», «Արմենիկը»` Հայկի ծոռնորդի` Արամի անունից: Խորենացու այս բացատրությունները երկար ժամանակ անվիճելի էին համարվում: Սակայն ժամանակ առ ժամանակ փորձեր էին արվում նորովի բացատրելու հայ եւ արմեն անվանումների ծագումը: 19-րդ դարի եւ 20-րդ դարի սկզբներից եվրոպացի գիտնականները սկսեցին հետաքրքրվել հայերի ու Հայաստանի պատմությամբ, մշակույթով, նաեւ հայ եւ արմեն անունների ծագման հարցերով:

Գիտնականների մի խումբ հայ անունը փորձում է բացատրել հնդեվրոպական պըտի`պետ, գլխավոր բառով, իբր իրենց այդպես են կոչել եկվոր արմենները`բնիկներից տարբերվելու համար: Հետագայում պըտինը ձեւափոխվելով դարձել է հայ: Պ. Ենցնը գտնում էր, որ հայ անունն առաջացել է հեթիթների հաթ, հաթիո էթնիկական անուններից: Ն.Մառը հայ անունը կապում է Ք.ա.6-րդ դարում Հայաստան արշաված հանիողներ կամ հենիոխներ ցեղի անվան հետ: Լ.Շահինյանն իր «Գիրքը դարերի խորքից» աշխատության մեջ մերժում է բոլոր ոչ խորենացիական տեսակետները: Գիտնականների կողմից ընդունվեց Խորենացու տեսակետը` Հայկի անունով երկիրը Հայք, Հայաստան եւ Արամի անունով Արմենիա կոչվելու մասին: Սակայն ժամանակի հետ առաջանում էին նոր հարցեր, իսկ եթե Հայկ Նահապետն է իր անունը վերցրել Հայ, Հայք անունի՞ց, ե՞րբ է առաջացել հայ անունը, ինչո՞ւ են օտարները մեզ արմեն անվանում, ո՞ր անունն է հնագույնը եւ այլն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնում ցեղի գլխավոր աստվածները մեծ դեր են ունեցել տվյալ ցեղի համախմբման ու կազմավորման գործում: Հաճախ նաեւ կազմավորվող ցեղն ինքն իրեն կոչել է պաշտվող գլխավոր աստծո անունով: Օրինակ` Ասսուր-Աշշուր աստծո անունով են իրենց կոչել ասորիները: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհում հնագույն գլխավոր աստվածն Արն էր, ուստի կարելի է մտածել, որ Ար աստծո անունով բնիկներն իրենց կոչել են ար-հար, իսկ բնօրրանը` ԱՐԱՐԱՏ, ՀԱՐՔ-ՀԱՅՔ:

Հնագույն գրավոր աղբյուրներում եւս հանդիպում ենք փաստերի, երբ «ար»-ը հանդես է գալիս «հար» ձեւով: Այսպես օրինակ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ հանդիպում ենք ՀԱՐՔ ձեւին , իսկ պարսից Դարեհ 1-ին արքայի Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ էլամերեն բնագիրը Հայաստանի համար օգտագործում է ՀԱՐՄԻՆՈՒՅԱ ձեւը /պարսկերեն ԱՐՄԵՆԻԱ, աքադերեն ՈՒՐԱՐՏՈՒ/: Նույն արձանագրության մեջ էլամական բնագիրը հին պարսկերեն aria ձեւի համար օգտագործում է harri ձեւը: Հայկական լեռնաշխարհի հարավային մասերում` Վանա լճի շրջակայքում եւ ավելի հարավ Ք.ա. 2-րդ հազարամյակի կեսերին ստեղծված պետական կազմավորումներից մեկի` ՀԱՐԻ- Միտանի երկրի բնակիչներն իրենք իրենց անվանում էին հարի մարդիկ, իսկ երկիրը` Հարի երկիր: Ելնելով այս փաստից` միանգամայն հնարավոր է, որ մեր նախնիներն իրենք իրենց կոչեին ար-հար: Այս դեպքում ճիշտ է Մ.Գավուքչյանի եզրակացությունը, որ ավելի ուշ հար անվան «ր»հնչյունը դարձել է «յ»` հայ եւ Հայք, որն ավելի բարեհնչյուն է եւ հեշտ է արտասանվում:

Խորենացին օգտագործել է ԱՐԱՐԱԴԻ երկիր /Վանա լճից հարավ/, ՀԱՐՔ /Վանա լճից հյուսիս-արեւմուտք/, ՀԱՅՔ/ Վանա լճի շրջակայք, ապա ամբողջ հայկական լեռնաշխարհ/ եւ ԱՐՄԵՆԻԱ անունները: Նկատում ենք, որ այս բոլոր անունների մեջ առկա է ԱՐ աստծո անունը: Կարելի է ենթադրել, որ Խորենացու հիշատակած ՀԱՐՔ-ը ոչ թե հայերի երկիր է նշանակում, այլ պարզապես աշխարհագրական անուն է, երկրանուն: Ուշադրություն դարձնելով նաեւ Խորենացու այն վկայությանը, որ Հայկը հեռանալով Բաբելոնից, բնակություն է հաստատել ԱՐԱՐԱԴԻ երկրում /շումերական դյուցազնավեպում ԱՐԱՏՏԱ Ք.ա.4-3 հզ./, ուրեմն արդեն կար ԱՐԱՐԱՏ կոչվող երկիրը: Իսկ Հայկ նահապետը, որ ամենայն հավանականությամբ իրական անձ է, աչքի է ընկել իր քաջությամբ, ազնվությամբ ու շիտակությամբ, խոր հետք է թողել ժողովրդի հիշողության մեջ: Դա էլ հիմք է տվել Մար Աբասին, Խորենացուն եւ մյուս պատմիչներին` Հայկին համարելու հայոց նախնի: Հետեւաբար կարելի է ասել, որ Հայկ անունը ծագել է մեր ժողովրդի հայ անունից եւ ոչ հակառակը:

Ար աստծո անունով հարեւանները եւս Հայկական լեռնաշխարհի բնակիչներին անվանել են արմեն, արման, որ նշանակում է արածին, արորդի, արիմարդ: Հնում «մա», «մե» հնդեվրոպական բառարմատներն ունեցել են սերել, ծնել իմաստը:

Հանդիպում ենք նաեւ ԱՐՄԵ-ՇՈՒՊՐԻԱ, ԷՐՄԱՆԻ եւ այլ անունների: Այս բոլորը նույն ցեղի, նույն ժողովրդի տարբեր անվանումներ են: Ուստի մեր երկրի հնագույն անունները` ԱՐԱՏՏԱՆ ու ԱՐԱՐԱԴԸ կազմված են ԱՐ` արեւի աստված եւ «ատ»` տեղանվան բաղադրիչներից:

Հայկական լեռնաշխարհը, որտեղ ստեղծված պետական կազմավորումները հայտնի էին ԱՐԱՏՏԱ, ԱՐԱՐԱԴԻ, ՀԱՐՔ-ՀԱՅՔ, ԱՐՄԵՆԻԱ անուններով` բնակեցված էր ԱՐ աստծուն պաշտող հայ /ար-հար/, արմեն ցեղի մարդկանցով: Բոլորովին պարտադիր չէր, որ Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը միաժամանակ ընդգրկվեր մեկ պետական կազմավորման մեջ: Հայկական լեռնաշխարհի ցեղերը միմյանցից բաժանված էին բարձր լեռներով, անդնդախոր ձորերով, կիրճերով, արագահոս գետերով ու անտառներով, որը դժվարացնում էր միմյանց հետ հաղորդակցվելը: Ուստի պետական կազմավորումներ կարող էին առաջանալ լեռնաշխարհի տարբեր հատվածներում: Ստեղծված պետությունն անպայման պետք է ցանկանար իր գերիշխանությունը տարածել ողջ ցեղի վրա` միավորելով նրան: Այդպես էր Վանի թագավորության ժամանակ, երբ Վանի արքաները փորձում էին միավորել Արարատի ցեղերին: Վանի արքաներից հետո մեր թվականության սկզբին մեծ հաջողության հասավ Տիգրան Մեծը /Ք.ա.95-55թթ./, ում հաջողվեց միավորել Հայկական լեռնաշխարհի մեծ ու փոքր ինքնիշխան պետական կազմավորումներին ու ցեղերին եւ ստեղծել հզոր պետություն:

Ի տարբերություն Վանի թագավորության ու Տիգրան Մեծի ստեղծած տերության, որ հզորանալով ընդգրկել է ամբողջ Մեծ Հայքը, ունեցել ենք Սյունիքի, Լոռու, Կարսի, Աղվանքի թագավորություններ եւ Ղարաբաղի մելիքություններ: Ուստի նախապատմական ժամանակներից Հայկական լեռնաշխարհում ապրող ցեղերն ունեցել են արեգակնային ԱՐ աստծո պաշտանմունք , որի անունով այդ ցեղերը կոչվել են հայ/ար-հար/ եւ արմեն, իսկ ընդարձակ տարածքը, ուր ապրում էին հայ — արմենները, կոչվել է ԱՐԱՐԱՏ, ՀԱՅՔ, ԱՐՄԵՆԻԱ:

Աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ հանդիպել «ար»-ով սկսվող անձնական ու աշխարհագրական այնքան անուններ, որքան Հայաստանում: Գրավոր հիշատակված «ար»-ով անձնական անուններ հանդիպում ենք Ք.ա. 2-րդ հազարամյակից սկսած: Դրանք Հայկական լեռնաշխարհի հարավում կազմավորված պետություններից մեկի` ՀԱՐՐԻ-ՄԻՏԱՆԻ երկրի արքաների անուններն են, որոնք մեզ են հասել Թել-Էլ-Ամառնայ /Եգիպտոս/ եւ Բողազքյոյի /Թուրքիա/ արքունական դիվանների հայտնաբերման շնորհիվ: Այդ անուններից են` Արտատամա, Արտաշումարա, Արտամանյա: Այդ անունները գրված են աքադա-բաբելական լեզվով ու սեպագրերով, որն ազդել է անվան ճիշտ գրության ու արտասանության վրա, քանի որ անունները հարմարեցվել են օտար լեզվի ու սեպագրերի:

Մ. Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության մեջ հիշատակված է 11 հայ նահապետի անուն, որոնցից 5-ը սկսվում է ԱՐ-ով` Արամանյակ, Արամայիս, Հարմա, Արամ, Արա Գեղեցիկ: Այնուհետեւ հիշատակված են Արտավազդ, Արտաշես, Արիոբարզան, Արշակ, Արշամ, Արտավան, Արքեղայոս, Արշավիր, Արտաշիր եւ այլ անուններ:

Վանի թագավորության արքաների արձանագրություններում հանդիպում ենք Արամե, Արգիշտի, Էրիմենա անուններին, որոնց ավելացվում են Արտակ, Արամազդ, Արմեն, Արմենակ, Արտեմ, Արտան, Արսեն, Արեգ, Արբակ, Արծրուն, Արմանուշ, Արեւիկ, Արմինե, Արփի, Արմենուհի եւ այլ անուններ:

ԱՐ աստծո անունով են կոչվել ոչ միայն ցեղն ու բնօրրանը, այլեւ Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ աշխարհագրական անուններ`գետեր, լեռներ, ավաններ, շեներ ու քաղաքներ` Արարատ, Արագած, Արաքս, Արածանի, Արեգունի, Արտազ, Արենի, Արմավիր, Արտաշատ, Արճեշ, Արցախ, Արտամետ, Արմաշ, Արծն եւ այլն:

Ար աստծո պաշտամունքն արեւապաշտ հայի արյան ու էության մեջ է, այն նրա հայրենիքն է, նրա անունները, սուրբ վայրերը, գետերը, լեռները: Այն հայոց հրաշք լեզվի, կենցաղի, սովորույթների, երգերի, պարերի, դյուցազնավեպի, հեքիաթների, զրույցների մեջ է: Դրանցով մենք ապրել ենք հազարամյակներ: Մենք հետնորդներն ենք անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհում ապրող հպարտ, գեղեցիկ, ազնիվ, արարող, բարի ու քաջ հնագույն մի ցեղի, որի աստվածներն անգամ (Ար, Արամազդ, Վահագն, Միհր, Անահիտ) գեղեցիկ են իրենց բնույթով ու հատկանիշներով:

Օգտագործված գրականություն.

1. Հ.Մնացականյան, Արեւապաշտության հետքերը հին Հայաստանում , Երեւան, 1948թ.

2. Մ.Խորենացի, «Հայոց պատմություն», Երեւան, 1981թ.

3. Մ.Գավուքչյան, «Հայ եւ արմեն անունների ծագումը եւ Ուրարտուն», Բեյրութ, 1973թ.

4. Ա.Տերյան, «Ար աստծո պաշտամունքը Հայաստանում », Երեւան, 1995թ.

5. Ստ.Եսայան, «Հայաստանի հնագիտություն», Երեւան, 1993թ.