Արցախի վերջնական օկուպացումից հետո ականատես ենք լինում, թե ինչպես է Բաքուն  հետևողականորեն ոչնչացնում Արցախի հայկական մշակութային արժեքներն ու հուշարձանները։ Ու այս հարցում Բաքուն միջոցների մեջ խտրություն չի դնում։ Դրա համար մեծ գումարներ են ծախսում, հատուկ պատմություններ են հորինում աղվանների կամ ալբանների առասպելական մշակութային արժեհամակարգի մասին։ Եվ դրանց համատեքստում ուդիական համայնք են մեջտեղ բերել, թե իբր Արցախի վանքերն ու հուշարձանները պատմականորեն նրանց են պատկանել, և այդպես շարունակ։

Հակառակորդի սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ դեպքեր են գրանցվում, որ հայկական եկեղեցիներն ուղղակի քանդվում և ավիրվում են։ Օրինակ՝ BBC-ի թղթակիցն անցյալ տարի նյութ էր պատրաստել այն մասին, թե ինչպես է Մեխակավանի հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կարճ ժամանակահատվածում անհետանում։ Թվում էր, թե Բաքվի այս հանցագործ պահվածքը մեծ ռեզոնանս է առաջ բերելու, բայց, ի զարմանս բոլորիս, ոչ մի համարժեք արձագանքի չի արժանանում աշխարհում ։ Բարձրաձայնողները  Արևմտյան Հայաստանն է, սոսկ անհատներ կամ հասարակական կազմակերպություններ:  

Բաքուն, տեսնելով, որ հեշտորեն մարսում է իր հանցագործությունները, ավելի ագրեսիվ կերպով է ձեռնամուխ լինում մշակութային ցեղասպանության իրագործմանը՝ փորձելով սկսածն ավարտին հասցնել։ Հիմա էլ հատուկ հանձնաժողով են ստեղծել, որ հայկական գրությունները Արցախի հուշարձաններից վերացնեն ու ընդհանրապես ջնջեն հայկական հետքը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Շուշին հռչակել են իրենց մշակութային մայրաքաղաքը ու դրա հետ կապված հատուկ միջոցառումներ են նախատեսում ձեռնարկել, իհարկե՝ ոչ։

Ու այս համատեքստում է տեղավորվում այն իրողությունը, որ պատերազմից անմիջապես հետո Բաքուն ձեռնամուխ է եղել Արցախից օկուպացված տարածքներում տարբեր մշակութային կառույցների ստեղծմանը, որ հետո դրանց շուրջ միֆեր հյուսվեն, թե դարերի պատմություն են ունեցել։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մշակութային ցեղասպանությունը գլուխ բերելու համար Բաքուն գործի է դնում իր խավիարային դիվանագիտության ողջ զինանոցը՝ փորձելով կաշառել տարբեր գործիչների ու պաշտոնյաների, որպեսզի հանկարծ այդ թեման չդառնա միջազգային հանրության ուշադրության առարկա։