Երկուսն էլ զոհվել են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ, Շուշիի մերձակայքում գտնվող  «Խաչի պոստ» դիրքում։

Բորյա Բալայանը և Արթուր Աղաջանյանը եղել են 842 մարտական դիրքում։ Բորյան գնդացրորդ էր, 90-ականներից հայտնի էր «Պիլիմյոտչիկ Բորյա» մարտական անունով, ստացել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, հարձակման օրը նույնպես գնդացիրով է եղել, պահել է դիրքը մինչև բեկորային վիրավորումը։ Սեպտեմբերի 19-ին ստացած վիրավորումից մեկ օր հետո մահացել է Ստեփանակերտի հիվանդանոցում։

Արթուր Աղաջանյանը, որն առաջին արցախյան պատերազմից հայտնի էր «Արջուկ» անունով, 2023թ․ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման օրվա երկրորդ կեսին 842 մարտական դիրքից 5 հոգու հետ 100 մետր առաջ է գնում, դիրքավորվում կարևոր բարձունքի վրա, այնտեղից վարում մարտը։ Ժամը 17։00-ի սահմաններում գումարտակի հրամանատարը կապի միջոցով տեղեկացնում է, որ  շրջափակման մեջ են հայտնվել, տալիս է նահանջի հրաման։ Արթուրը հրաժարվում է կատարել հրամանը՝ դուրս չի գալիս դիրքից: Արթուրը շարունակում է մարտը եւ զոհվում դիպուկահարի կրակոցից:

Զինադադարից հետո նրա խոշտանգված մարմինը գտել են Արցախի փրկարարները։

Երկու ընկերները հուղարկավորվել են Եռաբլուրում՝ կողք կողքի։