2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երեք տարի անց խաղաղ չէ ո՛չ Արցախում, ո՛չ Արևելյան Հայաստանում, կան մարդկային ու տարածքային նոր կորուստներ։

Չնայած երեք տարի առաջ այս օրը, Ռուսաստանի միջնորդությամբ, Արևելյան Հայաստանն ու Բաքուն պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները և կանգ առնել զբաղեցրած դիրքերում, Բաքուն  անցած երեք տարում միայն Հայաստանից շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել, իսկ Արցախը ամբողջությամբ։ 

Ադրբեջանական զինուժն այսօր Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռավորության վրա է՝ նախկին 11 կիլոմետրի փոխարեն։ Ջերմուկցիների պնդմամբ, ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ քաղաքի մատույցներում և նկատելի են անգամ անզեն աչքով։

Ադրբեջանցիները 1-2 կիոլմետր առաջ են եկել նաև Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ, և, ըստ տեղի բնակիչների, գրավել են դիրքերի մեծ մասը։ Սահմանային այս գյուղն այսօր զրկված է խմելու ջրից ու անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։ Երեխաներն ու կանայք գյուղից հեռացել են։ Զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը դիրքային առավելություններ է ձեռք բերել նաև Գեղարքունիքի մարզի Շորժաների ուղղությամբ։

Երեք  տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություններով ռուս խաղաղապահները Արցախում կմնան մինչև 2025 թվականը, ի՞նչ կլինի դրանից հետո, ամեն ինչ կախված Ռուսաստանից։ Եթե 2025-ին Մոսկվան այնքան թուլացած լինի, որ Բաքուն կարողանա պարտադրել իր օրակարգը, և թույլ չտա խաղաղապահների ժամկետի երկարացում, ապա դա կառաջացնի նոր լարվածություն։ 

Նոյեմբերի 9-ի  հայտարարության մեջ նշվում է փախստականների վերադարձի մասին։ Բաքվի ղեկավարը հայտարարում է, որ Արցախ  վերադառնալու իրավունք են ունենալու բոլոր նրանք, ովքեր մինչ 1988 թվականն ապրել են Արցախում  և հանդիսանում են փախստական։ Հիմա հարց է առաջանում՝ եթե այդ կարգավիճակը  Արևելյան Հայաստանում չեն ստանում, ապա շատ հավանական է, որ արցախցիները չկարողանան վերադառնալ։

Պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ հայերը և ադրբեջանցիները դեռևս պատրաստ չեն ապրել  նույն վայրում, իսկ այս պարագայում, Արցախը դե յուրե  բնիկ հայկական տարածք է և հայերը ունեն բոլոր իրավունքները վերադառնալ իրենց տները։