Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «…Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ է ստեղծել, որոնք զբաղվում են լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով են վաճառվում… Ես մի անգամ գնացի եկեղեցի` տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ են: Գիտության գրքերը թուրքերն օգտագործում են շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար»:

Ըստ 1912-1913 թթ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ` երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև հիմա, քանզի դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

Սկսած 1920-ական թթ. օկուպացված տարածքում սկսվել է նաև Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու գործընթաց: Ներկայումս Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրված կերպով ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվում են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը` հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է: