Հայրենիքի զինվոր Դավիթ Դանիելյանը Արարատի մարզի Հովտաշատ գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 24-ին։ Սովորել էր Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում եւ ուզում էր դառնալ ծրագրավորող։ 

Դավիթի մասին հիշելիս, հարազատները նշում են, որ Դավիթ Դանիելյանը շատ էր սիրում իր հայրենիքը, գյուղը, տունը ու երբեք չէր մտածում հայրենիքը լքելու մասին։ Բանակ զորակոչվելուն էլ շատ էր սպասում։ Հպարտ էր, որ զինվոր է ՝ իր հայրենիքի զինվորը։ 

Պատերազմը սկսվեց Դավիթի ծննդյան օրը ՝ սեպտեմբերի 27-ին։ Քաջ, ընկերասեր 19-ամյա Դավիթը մեկն էր այն հերոսներից, որն ընկավ ռազմի դաշտում։ Չխնայելով իր կյանքը՝ Դավիթը պատերազմի ողջ ընթացքում պայքարել է հանուն հայրենիքի եւ այդ պայքարի ընթացքում անգամ չի մոռացել ընկերների մասին։

Դավիթի զոհվելուց հետո, նրա ձեռքում գտել են զոհված ընկերոջ խաչը ու մաշված զինվորական գրքույկը ՝ նույնիսկ նրա մահն էր հանուն ընկերոջ։

Դավիթը պատերազմի ընթացքում շատ փորձությունների միջով անցավ, շատ ընկերներ կորցրեց եւ շատ վայրերում պայքարեց, բայց չհանձնվեց։ Դավիթն ուզում էր, որ իրենով հպարտանային, բայց չէր պատմում իր հերոսությունների մասին։ Ասում էր՝ «կգամ կպատմեմ»։ Շատ էր ուրախանում խրախուսանքի կամ մեդալի արժանանալիս։ Դավիթը չէր սիրում անարդարությունը։ Միշտ օգնում էր նրանց, ովքեր ունեին դրա կարիքը։ Ուրախ էր, երբ իր ընտանիքի անդամները նույնպես ուրախ էին։ Իր տեսակով նպատակասլաց, պայքարող Դավիթին բոլորն են հիշում, բոլորն են սիրում։

Պատերազմը սկսվեց Դավիթի ծննդով, Դավիթի մահով էլ ավարտվեց՝ նոյեմբերի 9-ին Դավիթն անմահացավ: Ընկերների, հարազատների համար Դավիթը հաղթել է պատերազմում, որովհետեւ հաղթել է վախին, դժվարություններին։ Դավիթին տված իրենց խոստումը պահելու են եւ հաստատակամ են իրենց որոշման մեջ՝ Դավիթի նպատակներն ու իղձերն անկատար չեն թողնելու: