Արևմտյան և Արևելյան Հայաստանների  եւ հայության զարգացման ներկա բարդագույն ժամանակահատվածում հայկական ինքնության հիմնախնդիրը ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում, այլեւ ունի լուրջ գործնական նշանակություն:

Ուժեղ ազգային ինքնությունը ռազմավարական ռեսուրս է ազգային պետության կառուցման եւ ամրապնդման գործընթացում, մինչդեռ ազգային ինքնության լղոզումը բնավ չի նպաստում, այլ ավելին, խոչընդոտում է համազգային խնդիրների եւ նպատակների շուրջ անհատի եւ հասարակության միավորմանը: Ի վերջո, ո՞վ է այսօր հայը: Որքան էլ հարցը նուրբ է եւ շոշափում է միլիոնավոր մարդկանց (հատկապես արտերկրում բնակվող մեր հայրենակիցների) զգացմունքները, այդուամենայնիվ նրան պատասխանելն անհրաժեշտ է: Թեման հավուր պատշաճի լուսաբանելու համար նախ եւ առաջ համակողմանիորեն ներկայացնենք այն իրադրությունը, որում գտնվում է հայ ազգն այսօր. այն անառարկելի իրողությունները, որոնք մենք պարտավոր ենք տեսնել եւ ընդունել այնպես, ինչպես նրանք կան, այլ ոչ թե աչք փակել, ինչպես անում է հայության մի ստվար հատվածը։

Հարկ է հատուկ նշել ամենահրատապ վտանգը՝ Թուրքիայի իշխանության մասնակցությամբ մեթոդապես ծրագրվող ու մանրազնին նախապատրաստվող ադրբեջանական ներխուժման լուրջ հավանականությունը, որի հաջող իրականացման՝ Արցախի եւ հարակից ազատագրված տարածքի բռնազավթումից հետո, Արևելյան Հայաստանի անհետացումն աշխարհի քարտեզից կդառնա անխուսափելի, քանի որ հաջորդ (եթե ոչ միաժամանակյա) հարվածը կհասցվի թյուրքական երկու դաշնակիցներին տարանջատող վերջին պատվարին՝ Սյունիքին, որն առանց արցախյան «պատնեշի» զրկված  գոյատեւման հնարավորությունից: 

Եթե կրճատենք ցանկացած ծառի կենսատարածքը, ապա այն այլեւս չի աճի, կչորանա։ Հիմա հայության կենսատարածքն անընդհատ կրճատվում է։ Սա զուտ հողի խնդիր չէ, սրանով մեր գոյության, անվտանգ գոյության հարցն է դրված, հակառակ դեպքում՝ դրվում է հայության վերացման հարցը, եւ դրան պետք է հակադրենք մեր վերապրելու հարցը։ Իհարկե, կա նաեւ հայրենիքի զգացողության կարեւոր պահը։ Հայրենիքի կորստի մեջ զգայական պահն ենք դնում, հոգեւոր արժեքները, որից մենք զրկվելու իրավունք չունենք, այլապես մեր ինքնության պահպանման հարցն է առաջանալու։ Իսկ որպես կենսաբանական մարմին, կենսաբանական հանրություն, մենք նաեւ կենսատարածք ենք կորցնում։ Սա առաջնային խնդիր է, որը լուծում է պահանջում։

Միջազգային հանրությունը պատերազմի ընթացքում կրավորական կեցվածք ընդունեց, որը, ցավոք, նոր չէ, դա մենք տեսել ենք Սումգայիթում, Բաքվում, Գանձակում. երբ Բաքվում հայ ճանաչված ընտանիքներից մեկին պաշտպանելու համար սովետական բանակի զինվոր են կանգնեցրել դռան մոտ, ընտանիքը, դժոխային ձայները չլսելու համար, հեռուստացույց է միացրել, որով ցույց էին տալիս ցամաք նետված կետի փրկությանը նվիրված հուզիչ մի ռեպորտաժ, մինչդեռ աշխարհի մեկ այլ անկյունում հարյուրավոր մարդկանց են մորթում, խոշտանգում եւ սպանում, իսկ միջազգային հանրությունը «քնած» էր։ Մենք տեսել ենք նաեւ 1894-1915 թվականներ։ Այս ամենից եզրակացություն, որ մեր հույսը պետք է լինեն առաջին հերթին մեր բազուկը, ինտելեկտը, մեր սերնդի թվաքանակի ավելացումը, նրա առողջության պահպանումը, այսինքն՝ այն ամենը, ինչը կդարձնի մեզ ավելի ուժեղ եւ կենսունակ։

Ներկայումս տեսնում ենք, որ բազմաթիվ գյուղերում, որոնք Արցախի բռնազավթմամբ հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում, տեղի բնակչությունը չի կարողանում հանգիստ գոյատեւել, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել, մինչդեռ այդ ամենը միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունքներ են։