ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ անդամ Ադամ Շիֆը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության պաշտոնյաներին։ Այդ մասին ասված է Շիֆի հեղինակած բանաձևի մեջ, որը նա ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ։ Ադամ Շիֆը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Բաքվի  պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Շիֆը հիշեցնում է, որ 2020 թ. նոյեմբերի 9–ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ բոլոր կողմերը համաձայնել են «ռազմագերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց փոխանակմանը»։ Երեք տարի անց Բաքուն դեռևս ազատ չի արձակել բոլոր ռազմագերիներին, փոխարենը շարունակում է բանտարկել ավելի շատ ռազմագերիների, պատանդների` ներառյալ 2023 թ. սեպտեմբերյան վերջին ագրեսիայի ժամանակ։

«Բաքուն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ընթացքում իրականացված լուրջ վայրագությունների համար, իսկ հայերին շարունակելով ապօրինի կալանքի տակ պահել` խորացնում է խնդիրը: Բաքվի վերաբերմունքն այդ բանտարկյալների նկատմամբ, ներառյալ խոշտանգումներն ու սպանությունները, ուղղակի սպառնալիք են ներկայացնում միջազգային իրավակարգի համար»,– հայտարարել է Շիֆը։ 

Բանաձևում մասնավորապես ասվում է, որ բացի այն, որ Բաքուն պարտավոր է անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին, նաև պետք է տեղեկատվություն տրամադրի դեռևս անազատության մեջ գտնվողների և անհետ կորածների կարգավիճակի մասին։

Նաև կոչ է արվում դադարեցնել ԱՄՆ–ի օգնությունը Բաքվին և լիարժեք կատարել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907–րդ հոդվածը՝ Բաքվի կողմից Մարդու իրավունքների շարունակական խախտումների լույսի ներքո։