Լեռնիկ Վարդանյանը ծնվել էր 1978 թ․ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում, կոչումով փոխգնդապետ էր, պատերազմից 9 ամիս առաջ նշանակվել էր Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի հրամանատար։

Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11-ին, Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակից երկու դասակ (2-րդ, 4-րդ) և առանձին ստորաբաժանումներ՝ ընդհանուր մոտ 60 զինծառայող, գումարտակի հրամանատար Լեռնիկ Վարդանյանի գլխավորությամբ հասնում են Թալիշի 165-րդ դիրք, որը գտնվում էր երկրորդ բնագծում։

Ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն գրավել էին առաջին բնագծի մի քանի դիրք: Գումարտակի մի մասը տեղակայվում է 165-րդ դիրքի խրամատներում: Րոպեներ հետո սկսվում է հրետակոծություն, որին հաջորդում է տանկային գրոհ գումարտակի զբաղեցրած դիրքի ուղղությամբ, խոցվում են դիրքի ստորոտում կայանված երեք «Ուրալ»-ները, Լեռնիկ Վարդանյանի «ՈւԱԶ»-ը: 

Լեռնիկ Վարդանյանի հարազատները մինչ օրս հույս ունեն, որ Լեռնիկը չի զոհվել, այլ գտնվում է գերության մեջ։ 

Գումարտակի 2-րդ դասակի նռնակաձիգ Վանուշ Պողոսյանը, որին Լեռնիկ Վարդանյանը հրահանգել էր նռնականետով դիրքավորվել հրամանատարական դիտակետի մոտակա բարձունքում, իր հուշերում պատմել է  ամսի 27-ի դեպքերի, հրամանատար Լեռնիկ Վարդանյանի զոհվելու հանգամանքների մասին։

«Ժամը 11։40-ին հրամանատարական դիտակետի վրա տանկի կրակոցից վիրավորվում է գումարտակի հրամանատարը, բլինդաժում այդ պահին ես էի, հրամանատարը և Մատաղիսի ՌՈ պետի տեղակալ Արշակ Ավագիմյանը: Արշակը և ես վիրակապեցինք հրամանատարի ձեռքը, րոպեներ հետո տանկի երկրորդ հարվածից զոհվեց Արշակ Ավագիմյանը։ Մոտեցա հրամանատարին, ասեց, որ խուճապի չմատնվեմ, վերցնեմ նռնականետը և կրակ վարեմ մոտակա բարձունքից»,- պատմում է շարքային Վանուշ Պողոսյանը:

Մոտ կես ժամից Վանուշը, վերադառնալով դիտակետ, նկատում է, որ հրամանատարը դիտակետից զառիվայրով իջել է դեպի ճանապարհ և պառկած է գետնին։ Նա իջնում է հրամանատարի մոտ:

«Մոտեցա, ստուգեցի զարկերակը, պուլս չկար։ Կապվեցի գումարտակի հրամանատարի տեղակալ Մարատ Իսրայելյանի հետ ու զեկուցեցի։ Տեղակալը հրամայեց, որ վերադառնամ զորքի մոտ՝ 165 մարտական դիրք։ Դիրքի վրա ինտենսիվ կրակ էին վարում, ժամը 4-5-ի միջակայքում, երբ կրակը թեթևացավ, գումարտակի շտաբի պետ Արթուր Ֆահրադյանը ասեց, որ ուղեկցեմ իրեն Լեռնիկ Վարդանյանի մոտ, իջանք հրամանատարի մոտ նորից, ստուգեցինք զարկերակը, կենդանության նշաններ չկային, նկատեցինք նաև ոտքերի վրայով անցած տեխնիկայի հետքեր»,- գրել է Վանուշը:

Նա և շտաբի պետը նկատում են, որ իրենց ուղղությամբ տանկեր են շարժվում, վերադառնում են 165 մարտական դիրք, միանում են զորքին, շարունակում մարտ վարել: Հակառակորդի տանկերն արդեն անցել էին թիկունք, դիրք տանող ճանապարհը նրանց վերահսկողության տակ էր: Ամսի 28-ի լույս գիշերվա ժամը 3-ին որոշում է կայացվում նահանջել, քանի որ շրջափակման վտանգը մեծ էր, նաեւ վերջանում էր զինամթերքը: Ոտքով շարժվում են Մատաղիսի ուղղությամբ։

Սեպտեմբերի 27-ին Թալիշի դիրքերում զոհվել են դեսանտագրոհային գումարտակի զինծառայողներ Ռոման Փոթոյանը, Գրիգոր Թորոսյանը, Նարեկ Հովհաննիսյան, գումարտակի հրամանատարի տեղակալ Մարատ Իսրայելյանը և Մատաղիսի ՌՈ տեղակալ Արշակ Ավագիմյանը: Թալիշում զոհված կամ անհետ կորած են համարվում գումարտակի հրամանատար Լեռնիկ Վարդանյանը և գումարտակի սպա Իրինա Մուսայելյան, ժամկետային զինծառայող Պապ Այվազյանը։

Լեռնիկ Վարդանյանի հայրը՝ Արեգ Վարդանյանը, հարցազրույցներից մեկում նշել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն որդուց։ Միայն իմացել են, որ պատերազմից հետո՝ նոյեմբերին, մարտադաշտից հայտնաբերված զինվորականների անճանաչելի աճյուններն ու մասունքները փորձաքննության են ենթարկել։ Հարազատներին ասել են, որ համընկնում կա իրենց տված ԴՆԹ-ի անալիզների և հայտնաբերված մասունքների միջեւ։ Սակայն Լեռնիկի հարազատները փորձաքննության արդյունքներին չեն վստահում, արտերկրում կրկնակի փորձաքննության են տարել, և իրենց խոսքերով, չի համընկել։  Սեպտեմբերի 28-ին Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է զոհվածների անունները, որոնց մեջ նշված էր Լեռնիկ Վարդանյանի անունը: