Հայտնի իրողություն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրության արտաքին և ներքին առևտրում, արդյունաբերական արտադրության մեջ և բանկային գործում հայերն ազդեցիկ դիրքեր էին գրավում: Արևմտյան Հայաստանի հայերի առևտրական բուրժուազիան, դրամատերեն ու արդյունաբերողները, շնորհիվ իրենց տաղանդի ու ձեռներեցության, նույնիսկ օսմանյան բռնատիրության ու կամայականությունների պայմաններում, կարողացել էին տեր դառնալ որոշակի հարստոության, ստեղծել դրամական զգալի կուտակումներ: Հայերի տնտեսական հզորացման մեջ մեծ վտանգ տեսնելով՝ երիտթուրքերն իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի վերացումով նրանց տնտեսական մրցակցությունից ազատվելու և երկրում թուրքերի տնտեսական իշխանությունը հաստատելու հարցերը և միևնույն ժամանակ միջոցառումներ մշակում` հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքի բռնագրավման վերաբերյալ: Մի ամբողջ ժողովուրդ կողոպտելու համար նախ և առաջ հարկ էր հայերի ունեցվածքը դարձնել տիրազուրկ: Այդ նպատակով երիտթուրքական իշխանությունները 1915 թվականի հունիսի 1-ին հրապարակեցին «Տեղահանության օրենքը», որի գործադրմամբ ավելի քան 2.000.000 հայ բռնի տեղահանվեց և ոչնչացվեց: 1915 թվականի հունիսի 10-ին հրապարարկվեց «Այլ վայրեր տեղափոխված հայերին պատկանող անշարժ գույքերի և հողատարածքների կառավարման ձևի մասին» 34 հոդվածից բաղկացած հրահանգները: 1915 թվականի սեպտեմբերի 13-ին երիտթուրքական իշխանությունները հրապարակեցին «Լքյալ գույքերի մասին» ժամանակավոր օրենքը, իսկ 1915 թվականի հոկտեմբերի 26-ին` այդ օրենքի գործադրման համար այլ վայրեր տեղափոխված անհատների լքյալ գույքերին և պարտքերին վերաբերող կանոնադրությանը: Այսպիսով, օրինականացվեց հայերի շարժական գույքերի, կալվածքների, ողջ հարստության բացահայտ կողոպուտն ու յուրացումը, որն արդեն իսկ գործադրվում էր Օսմանյան կայսրության ողջ տարածքում: Լքյալ գույքերի մասին իրավական այս ակտերը ստեղծված էին ոչ թե հայերի իրավունքները պաշտպանելու, այլ զանգվածային թալանը զսպելու և պետական գանձանակը լցնելու նպատակով.
Հայերի դեմ իրականացված ջարդերին ուղեկցվեցին հայերի շարժական և անշարժ գույքերի կողոպուտով, որին մասնակցել են երկրի բնակչության բոլոր խավերը: Հարուստ կողոպուտի հեռանկարը լայն զանգվածների և համախոհների մեծ բանակ հավաքագրեց երիտթուրքական իշխանությունների շուրջը: Երիտթուրքերի վարչակազմը հայերի լքյալ գույքերը հանձնեց տեղահանված հայերի բնակավայրերի իշխանություններին, նախարարություններին շռայլորեն տրամադրեց շենքեր և հողատարածքներ, իսկ փոխարենը գտավ համախոհների հսկա բանակ և ստացավ նրանց աջակցությունը` հայերի բնաջնջումն իրականացնելու համար:
Պետության կողմից հայերի ծրագրավորված կողոպուտի մասին վկայություններ կան թե՛վերապրողների, թե ՛Օսմանյան կայսրության տարածքում գործած օտար դիվանագետների զեկուցագրերում և թե՛ թուրքական աղբյուրներում, որոնք և հաստատում են, որ հայերի ունեզրկումը հայ ժողովրդի բնաջման ծրագրում եղել է կարևոր դրդապատճառ:
Տեր դառնալով հայ ժողովրդի անհատական և հավաքական ունեցվածքին՝ երիտթուրքական իշխանությունները բռնագրավեցին նաև հայերի` օսմանյան դրամատներում և ապահովագրական ընկերություններում պահվող ավանդները:
Աճուրդի առարկա էին դարձել ոչ միայն նյութական բարիքները, այլև մարդկային կյանքը: Թուրքական կառավարությունն ահռելի գումարների տեր դարձավ` նաև հայ կանանց ու մանուկներին վաճառելով:
Անտանտի երկրների ճնշան տակ, 1920 թվականի հունվարի 8-ին, թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց «Լքյալ գույքերի մասին» օրենքը և որոշում ընդունեց հայերի լքյալ գույքերը վերադարձնել տերերին և փոխհատուցել նրանց կրած վնասները, սակայն, հակառակ իշխանությունների խոստումներին, հայերի ունեզրկման գործընթացը շարունակվեց: Քեմալական շարժման ողջ ընթացքում վերապրած հայությունը ենթարկվեց կողոպուտի, կոտորածի և բռնի տեղահանության: Երկիրը հայաթափելուց հետո, թուրքական իշխանությունները 1920, 1923, 1927 թվականներին ընդունեցին օրենքներ, որոնք հայերին զրկեցին քաղաքացիությունից և իրենց պապենական երկիրը վերադառնալու իրավունքից: Այս օրենքները թուրքական իշխանություններին հնարավորություն տվեցին տիրանալու հայերի ողջ ունեցվածքին:
Հայերի ունեցվածքի կողոպուտին իրավական ուժ տալու համար քեմալական իշխանությունները 1922 թվականից մինչև 1929 թվականը ընդունել են «Լքյալ գույքերի մասին» 9 օրենք: Այսպիսով, քեմալական իշխանությունները շարունակեցին և ավարտին հասցրեցին երիտթուրքական կառավարության` հայերին ունեզրկելու ծրագիրի իրականացումը: