Ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանը պատերազմի օրերին եղել է Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի երրորդ դասակի հրամանատարը: Գումարտակը մասնակցել է Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Հաթերքի, Շեխերի, Հադրութի, Շուշիի մարտական գործողություններին: Նոյեմբերի 5-ին դեսանտագրոհային գումարտակն առաջադրանք է ստացել՝ երկու դասակով միանալ Շուշիի մատույցներում պաշտպանական մարտերին: Դասակների հրամանատարներն էին Վրեժ Մանուկյանը և Արման Զաքարյանը: Դասակները նոյեմբերի 8-ի գիշերը կարողացել են դուրս գալ շրջափակումից: Անտառներում մարտ վարելով՝ նահանջել են, նոյեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 04:00-ին, հասել են Ստեփանակերտ: Պատերազմի ընթացքում Վրեժ Մանուկյանի դասակն ունեցել է մեկ զոհ, երկու վիրավոր:
«800-900 հոգանոց զորք նոյեմբերի 5-ին իջել է Շուշիից եւ չի մասնակցել հետագա մարտական գործողություններին։ Կապ 90%-ով չկար, ղեկավարում չկար, իսկ եթե ղեկավարում չկա, չի կարող լինել հաղթանակ»,- ասում է Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի երրորդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանը, որի գումարտակը մասնակցել է պատերազմի բոլոր 7 գոտիների՝ Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Հաթերքի, Շեխերի, Հադրութի, Շուշիի մարտական գործողություններին:
Հարցազրույցներից մեկում Վրեժ Մանուկյանը պատասխանել է այն հարցին թե նոյեմբեր 5-ին ե՞րբ հասել են Շուշի, որտե՞ղ են տեղակայվել, մարտական ի՞նչ առաջադրանք են ունեցել․
«Նոյեմբերի 5-ին ցերեկը՝ ժամը հինգի կողմերը, հասանք ու տեղակայվեցինք Քարին Տակ-Շուշի տանող ճանապարհի խաչմերուկում, էլեկտրացանցի մոտ և եղևնիների բլրի վրա: Մեր բանակի հատուկ նշանակության գումարտակի հետ պետք է պահեինք ճանապարհի աջ մասը և հարակից տարածքները:
Երբ հասանք, Հադրութի հինգերորդ գումարտակը՝ վաշտի հրամանատար մայոր Գեղազնիկ Տոնոյանի գլխավորությամբ, Քարին Տակ-Շուշի տանող ճանապարհի բարձունքն էր պահում, վաշտի մի խումբը դիրքերն էր պահում, մարտերն էր վարում, մի խումբն էլ՝ որպես պահեստուժ, վիրավորների, զինամթերքի վրա էր: Որտեղ որ մենք էին դիրքավորվել, կարելի ա ասել, դիրքեր չկար ընդհանրապես, կային փորած դիրքանման ինչ-որ բաներ, քարերի, ծառերի, բլրի հետևում, ո՛չ թաքստոց, ո՛չ դիրք, ո՛չ կացարան, ոչ մի բան չկար, բաց երկնքի տակ, բաց դաշտում կռիվ էինք անում»։
Վրեժ Մանուկյանը նշել է, որ կապ, ընդհանրապես չկար: Ցանկացած գործողության մեջ, լինի ուսումնական, թե մարտական, կապը ամենակարևոր ատրիբուտն է, որ կարելի է ասել այդ օրերին 85-90 տոկոսով չկար․
«Հրամանատարներից մեկն էլ ես եմ եղել, ես էլ թերություններ ունեցել եմ. 26 տարեկան եմ, պատերազմի ժամանակ 23 տարեկան էի, ես չեմ կարող էն մարտական ուղին անցած լինեմ, էն փորձը ունենամ, էն ֆանտազիան, ու ընենց օպերացիա պլանավորեմ, որ առանց որևէ կորուստ տալու, Սեյրան Օհանյանի ասած՝ մանր խմբերով մեծ տարածքներ ազատագրել, բայց ինձնից շատ ավելի բարձր սպաներ, շատ ավելի մեծ սխալներ են թույլ տվել, ընդհուպ մինչև փախուստ: Չկար հրամաններ տվողը, չկար ղեկավարում, չկար կապ, չկար էդ ամենի վճռականությունը ու դրանից բխող հետևաքներով․ չէին աշխատում ՀՕՊ համակարգերը, ՌԷՊ համալիրները, իսկ հակառակորդի կրակային միջոցները էդ մասում մեզ վրա աշխատում էին ամեն րոպե։
44-օրյա պատերազմի ընթացքում երևի ամենաշատ փամփշտային զոհ, վիրավոր էս մասում է եղել, նոյեմբերի 8-ին էս հատվածում 10 րոպեի ընթացքում 400 հոգի է զոհվել հրաձգային զինատեսակներից:
Նոյեմբերի 6-ից ճանապարհը երկու կողմից փակ էր, շրջափակման մեջ էինք, Շուշիի ճանապարհի գազալցակայանից չէին կարողանում մեր ուժերը գալ օգնության, ո՛չ սնունդ, ո՛չ ջուր, ո՛չ զինամթերք չէին կարողանում մատակարարել, միայն զրահապատ մեքենաներն էին կարողանում գալ վիրավորներ հանելու, մեկ էլ զինամթերք բերելու, բայց իրենց էլ էին խփում, մեր հատվածում վիրավորներ տեղափոխող ՀՄՄ-2 էին խփել:
Նոյեմբերի 7-ին մեր տանկերը առաջ էին շարժվել, մեր դեսանտագրոհային խումբն էլ, հատուկ նշանակության ստորաբաժանման հետ առաջ գնացինք, էնտեղից զենք-զինամթերք, ուտելիք, ծխախոտ վերցրինք, ոչ մի բան չունեինք, չէին կարողանում ապահովել ո՛չ կապով, ո՛չ ջրով, ո՛չ սննդով: Նույն օրը՝ նոյեմբերի 7-ին, նորից հետ իջանք, որովհտեև քանակապես շատ էր հակառակորդը, չկարողացանք պահել առաջխաղացումը:
Նոյեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, կարելի ասել մեզ հետ ընդհանրապես կապ չկար մեր հրամանատարությունը, մեր հարազատները մտածում էին մենք էլ չկանք, կրակի ինտեսիվությունը էնքան մեծ էր, որ ամեն տասը րոպեն մեկ կամ զոհեր էին լինում, կամ վիրավորներ: Ոչ մի զրահապատ մեքենա էլ չէր կարողանում մոտենալ, մենակ Խոջալուի տանկային բրիգադից մի քանի արծիվ տղա իրանց բրիգադի հրամանատարի հետ գալիս էին վիրավոր էին տանում ու զենք բերում:
Նոյեմբերի 8-ին Եղնիկների խմբից Թովմասն (հետմահու Արցախի հերոս) է վիրավորվում, ես և դասակիցս Վանուշ Պողոսյանը մոտենում ենք, դուրս ենք հանում ճանապարհի մոտ, դիպուկահարն էր ոտքից խփել, Սպեցնազից Դեդի հետ վիրակապեցինք, նստեցրինք շտապ օգնության մեքենա, ճանապարհին էդ մեքենան խփեցին»։