Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։ Լուիս Մորենո Օկամպոն նշել է, որ Բաքվի ռազմական ագրեսիայից հետո Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը ևս ցեղասպանության ձև է՝ շեշտելով, որ ցեղասպանությունը միայն մասսայական սպանությունը չէ։
Հարցին թե Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ի՞նչ իրավական մեխանիզմներ կան, որոնք կարող են գործել։ Լուիս Մորենո Օկամպոն պատասխանել է, որ պետք է պայքարել ժողովրդի իրավունքը հարգելու համար, քանի որ ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է, ուստի պետք է հարգել նրա իրավունքները։ Օկամպոն նշել է, որ առաջնահերթ խնդիր է համարում ապաքինվելը, պատանդներին ազատելը։ Բաքվում կա 53 բանտարկյալ։ Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքն այնպես չի գործում, որ, օրինակ, եթե ինչ-որ մեկը գողանա քո հեծանիվը, դու կարող ես դիմել ոստիկանություն և դատարան: Ոչ, նման բան չկա: Կա Արդարադատության միջազգային դատարան, ենթադրաբար, պետությունների համար, և կա Միջազգային քրեական դատարան՝ անձանց հետապնդելու համար: Այդ մարդկանց ազատ արձակելու իրավական գործընթացը պարզ չէ, բայց պետք է քաղաքականապես զարգացնենք գործընթացը։ Այդ իսկ պատճառով Եվրախորհրդարանում Արցախի հարցով համաժողովը կարևոր էր։