30-ամյա հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Անդրանիկ Լալայանը հայրենիքը պաշտպանելիս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ կյանքի գնով պահելով Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ գտնվող Գետակ-Բրուն բարձունքը։
Անդրանիկ Լալայանը դիվիզիոնի հրամանատար էր նշանակվել 2020թ․-ի փետրվարին: Պատերազմի առաջին օրերին դիվիզիոնը տեղակայված էր Ակնայի շրջանի Գյուլիջա տեղամասում։ Հոկտեմբերի 14-ից Անդրանիկը տեղափոխվում է Մարտակերտի և Մատաղիսի միջև գտնվող Գետակ-Բորուն բարձունքի վրա գտնվող հրամանատարական դիտակետ, որտեղից կոորդինատներ էր փոխանցում իրենց թիկունքում գտնվող հրետանային մարտկոցներին։ Նույն օրը Անդրանիկը զանգահարում է մորն ու ասում, որ կնոջ՝ Անիի և թոռների հետ դուրս գան Արցախից։ Վալիդան հարսի և թոռների հետ տեղափոխվում է Աբովյան քաղաք։
Անդրանիկի հայրը՝ Գրիշա Լալայանը, պատերազմի ընթացքում մասնակցել է Վերին Թաղավարդի պաշտպանությանը: Հոկտեմբերի 27-ին Թաղավարդ գյուղի մի մասը՝ Վերին Թաղավարդը, անցավ Բաքվիի վերահսկողության տակ։
Հոկտեմբերի 18-ին Գրիշան զանգահարում է կնոջը ՝ Վալիդա Ադամյանին և ետ կանչում գյուղ, Անդրանիկը զոհվել է։
Անդրանիկ Լալայանին հուղարկավորում են հոկտեմբերի 19-ին՝ Թաղավարդում։ Հայրը՝ Գրիշան, մնում է գյուղում, որտեղ մինչև հոկտեբերի 27-ը մարտեր էին ընթանում: Վերին Թաղավարդի պաշտպանության վերջին օրը Գրիշայի հետ կապ են հաստատում իրենից բարձր դիրքավորված գյուղացիները և հայտնում, որ շրջափակման մեջ է։
2020-ի հոկտեմբերի 28-ին գյուղի մի մասը՝ Վերին Թաղավարդը, անցնում է Բաքվի վերահսկողության տակ, որտեղ գտնվում է նաև գյուղի գերեզմանատունը։
Թաղավարդի գերզմանատանն էին հուղարկավորված 44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկն ու ևս չորս համագյուղացիներ՝ Հովիկ Ավագյանը, Արամ Ղազարյանը, Արտաշես Դանիելյանը, Էրիկ Հովսեփյանը։
Պատերազմից հետո՝ դեկտեմբերի 19-ին, նրանց աճյունները վերահուղարկավորվել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։ Անդրանիկ Լալայանը հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։