Ժորա Մարտիրոսյանը Ռուսաստանից էր վերադարձել Հայաստան՝ ծառայության անցնելու համար: Պատերազմի սկզբին կրկին Ռուսաստանում էր, մասնակցում էր «Կովկաս-2020» զորավարժությանը: Հայաստան է եկել պատերազմի 5-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, գնացել մարտի դաշտ ու զոհվել հոկտեմբերի 22-ին Սանասարում:
Հերոս Ժորա Մարտիրոսյանը ծնվել էր 2001 թվականի հունիսի 10-ին Երևանում։ 15 տարեկան էր, երբ ընտանիքը որոշեց տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։ Սակայն 18 տարին դեռ չլրացած Ժորան ծնողներին հայտնել է իր որոշման մասին՝ վերադառնալ Հայաստան և ծառայել հայկական բանակում։
Ժորան նախ ծառայել էր Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ 6 ամիս անց տեղափոխվել Սանասար՝ Կուբաթլու։
«Երեք-չորս ամիս առաջ հայտարարեց, որ անկախ մեր ցանկությունից, ինքը պետք է գա ու ծառայի, չի կարող չծառայել, դա իրենը չի։ Ինքն այդպիսի մարդ էր, ես չէի կարող իրեն դեմ գնալ, քանի որ, չնայած իր տարիքին, շատ հասուն մարդու պես էր մոտենում հարցերին։ Մենք բոլորս միասին 2019 թվականին վերադարձանք Հայաստան։ Հուլիսի 11-ին Ժորաս զորակաչվեց բանակ»,- իր հուշերում գրել է Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։
Մեկ տարի երեք ամսվա ծառայող էր Ժորան, երբ պատերազմը սկսվեց։ Նա տանկիստ էր ու որպես լավագույններից մեկը՝ մասնակցում էր Ռուսաստանում ընթացող տանկային բիատլոնին։ Տիկին Գայանեն գրում է, որ պատերազմի օրերին պարբերաբար խոսում էր որդու հետ: Լավ հիշում է՝ վերջին անգամ հոկտեմբերի 21-ի երեկոյան՝ ժամը 20։30-ի սահմաններում էր հեռախոսով խոսել.
«Կրկնազանգ եղավ. Մեր զրույցից 5 րոպե հետո նորից զանգեց, ինչը երբեք չէր անում, երևի մտքով անցնում էր, որ պետք է․․․ Զանգեց, ասաց՝ մամ ջան, քեզ լավ նայիր, ինչ էլ որ լինի՝ դուխդ չգցես․․․ Այդ պահից տագնապ մտավ մեջս, ու լուսադեմին դեպքը եղել է»։ Տիկին Գայանեն հպարտությամբ էր պատմում որդու մարդկային տեսակի մասին, թե ինչպես իր մտերիմ ընկերոջը միայնակ չի թողել կռվի դաշտում․
«Ինքը եղել է պատերամզի մեջ, երբ եկել է հերթափոխի ժամանակը, Ժորիս շատ մոտիկ ընկերներից մեկը՝ Սարգիսը, որն ունի ընդամենը մի մամա, ուրիշ ոչ մի բան, թաք երեխա է եղել, ու մայրն էլ հիվանդ էր, ինչի մասին բոլորն իմացել են․ Ժորս տեսել է, որ Սարգիսին ուզում են դիրք բարձրացնեն, ասել է՝ ես չեմ հանգստանում, նորից քո հետ դիրք եմ բարձրանում։ Ասել է՝ դու պատկերացնո՞ւմ ես, որ քո հետ մի բան լինի՝ քո մամային ո՞վ է տիրություն անելու, ընկերոջ հետ նորից բարձրացել է դիրք։ Բոլորով իրար հետ՝ Ժորս, Սարգիսը, իրենց երրորդ ընկերը՝ Միսակը ու ևս 3 զինվոր միասին զոհվել են Իշխանաձորի հատվածում»։ Ժորան սկզբում կռվել է Ջրականում , այնուհետև տեղափոխվել Վարանդա, Կարմիր շուկա, հետո՝ Իշխանաձոր։ Ժորա Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության» մեդալներով։