Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ դարեր շարունակ իրականացված հալածանքի քաղաքականությունը չի շրջանցել նաև լեզվական ոլորտը: Բնականաբար, այդ քաղաքականության գլխավոր նպատակն էր ստիպել կայսրության տարածքում բնակվող բոլոր ոչ թուրք ժողովուրդներին չկիրառել և մոռանալ իրենց մայրենի լեզուները, փոխարենը կիրառել թուրքերեն (օսմաներեն): Լեզվի հետ կապված հասարակական-քաղաքական զարգացումները Օսմանյան կայսրությունում առավել ակտիվացան XIX դարի սկզբներից, մասնավորապես` Թանզիմաթյան ռեֆորմներին զուգահեռ, երբ փորձ արվեց մտավորականների կողմից պարզեցնել խրթին օսմաներենը, սակայն այդ ջանքերը ունեին այլ թիրախ ևս` ավելացնել թուրքախոսության աշխարհագրությունը և մակարդակը: 1876 թ. ընդունված օսմանյան սահմանադրությամբ առաջին անգամ թուրքերենին (օսմաներենին) տրվեց պետական-պաշտոնական լեզվի կարգավիճակ:
Թուրքերենի պարտադրման մշակված քայլերը էլ ավելի ցայտուն դրսևորվեցին XX դարի սկզբին երիտթուրքական կառավարման տարիներին և ոչ թուրք ժողովուրդների լեզուների դեմ պայքարը սկսեց ձեռք բերել պետականորեն կազմակերպված բնույթ:
Օրինակ` ըստ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի, Պոլսի քաղաքային իշխանությունները քաղաքի ֆրանսերեն ցուցանակները 1-2 օրում փոխարինեցին թուրքերենով, տարածվեց «պետք է գրվի թուրքերեն» կոչ-հրահանգը: Պետական կառույցներին զուգահեռ մուսուլման հասարակությունը նույնպես ընդգրկված էր ոչ թուրք ժողովուրդների լեզուների դեմ պայքարում, և արձանագրվում էին այլալեզու ցուցանակների կոտրում, այլախոսների դեմ հրապարակային բռնություններ և այլն: Այս հալածանքները և սպառնալիքները տվեցին որոշ արդյունքներ և ահաբեկված առևտրականները, արհեստավորները, հյուրանոցատերերը և այլն սկսեցին իրենց խանութների, արհեստանոցների, հյուրանոցների հայերեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն գրությունները դարձնել թուրքերեն:Ինչպես ազգայնամոլական քաղաքականության այլ բաղադրիչներ, այնպես էլ ոչ թուրք ժողովուրդների մայրենի լեզուների դեմ պայքարը գրեթե նույն մեթոդներով շարունակվում է նաև հիմա։
Լեզվի կամ առավել կոնկրետ լեզվական ձուլման խնդիրը ազգայնամոլական ուժերի օրակարգում էր Քեմալական Թուրքիաայի հիմնադրման արդեն առաջին տարիներին: Այսպես, 1925 թ. թուրքական թերթերում քարոզչական հայտարարություներ էին տպագրվում, որտեղ ի շարս թուրքական ապրանք գնելու, թուրքական խանութներից օգտվելու կոչերին` հստակ նշվում էր. «Թուրքերեն չխոսողին մի պատասխանիր»: