«Հայրենակից, թուրքերեն խոսիր» ակցիայի, այսպես կոչված, իրավական ձևակերպումը կարող ենք համարել 1937 թ. դեկտեմբերի 27-ին ՀԺԿ պատգամավոր Սաբրի Թոփրաքի խորհրդարանին ներկայացրած օրենքի նախագիծը, որը վերնագրված էր «Ազգային թուրքական լեզվի փոխարեն օտար լեզու կիրառողներին պաժելու մասին», համաձայն որի արգելվում էր հանրային վայրերում, բացի թուրքերենից, այլ լեզու կիրառել ՝ հայերեն, հունարեն, ֆրանսերեն: Ըստ այդ նախագծի առաջին հոդվածի, օկուպացված Արևմտյան Հայաստանի քաղաքացիները, բացի թուրքերենից, այլ լեզուներ կարող էին կիրառել «միայն իրենց տանը», տնից դուրս անգամ ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու ժամանակ մայրենի լեզվի կիրառումը պետք է պատժվեր. «24 ժամից մինչև մեկ շաբաթ ժամանակով, կամ տուգանքով տասը լիրայից մինչև 100 լիրա»: Այսինքն բնիկ ժողովուրդը ՝ իրենց օկուպացված հայրենիքում չէին կարող խոսել մայրենի լեզվով։ Այս օրենսդրական նախագիծը նաև ենթադրում էր մատնիչների մի հոծ բանակի ստեղծում, որը իշխանություններին կհայտներ «կարգազանցների» մասին: Բացի այդ, օրենքը նախատեսում էր, որ այն անձինք, ովքեր կդապարտվեին այդ հոդվածով, չէին կարող աշխատել որպես ուսուցիչ, դատապաշտպան, լրագրող, նրանց դիպլոմները պետք է չեղյալ համարվեին: Ճիշտ է, այս օրենսդրական նախաձեռնությունը դե յուրե իրավական կարգավիճակ չստացավ, սակայն դե ֆակտո դրա շատ դրույթներ կյանքի կոչվեցին: , «Հայրենակից, թուրքերեն խոսիր» նախաձեռնությունը շարունակվեց նաև հետագայում` 1930, 1940, 1960-ականներին և գլխավոր շարժող ուժը ուսանողական ու երիտասարդական ազգայնամոլական կազմակերպություններն էին: Սակայն կարևոր է փաստել, որ «Հայրենակից, թուրքերեն խոսիր» նախաձեռնությունը, ըստ էության, երբևէ չի էլ դադարել. եթե պաշտոնապես սկսվել է 1928-ին, ապա դադարեցվելու մասին գրեթե ոչ մի փաստ չկա և Օկուպացված Արևմտյան Հայաստանում այսօր էլ նույն կերպ շարունակվում է, իսկ հասարակության տրամադրությունները էլ ավելի ագրեսիվ են դարձել: