Հայաստանի եւ Բաքվի կամ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունները իրավացիորեն բնութագրվում են որպես թշնամական եւ առավել հաճախ դրա հիմք է ընդունվում 1980-ականների վերջին սկիզբ առած գործընթացները, Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարը, արցախյան պատերազմները: Եվ ըստ այդմ, թյուր տպավորություն է ստեղծվում, որ այդ հարաբերությունները կոնֆլիկտային են դարձել շատ արագ եւ խորհրդային «եղբայրական ժողովուրդներից» հայերն ու ադրբեջանցիները հանկարծակի վերածվել են ոխերիմ թշնամիների: Կարեւոր ենք համարում փաստել եւ շեշտել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ունեին պասիվ բացասականից ակտիվ բացասականի՝ թշնամականի վերածվելու առնվազն երկու կարեւոր հիմք եւ պատճառ: Առաջինը՝ 20-րդ դարի սկզբին այս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, թուրք-ադրբեջանական անթաքույց ծրագրերը մի կողմից ուղիղ հակոտնյա էին Հայաստան պետության շահերին եւ գոյությանը ընդհանրապես, մյուս կողմից մնացել էին թերի իրագործված: Եվ երկրորդ՝ ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում Խորհրդային Ադրբեջանի եւ՛ ղեկավարությունը եւ՛ հասարակության տարբեր շերտեր շարունակել են համակարգված քայլեր անել իրենց ծրագրերը իրականացնելու համար, որոնք առավելապես վերաբերում էին հետեւյալ նպատակ-խնդիրներին.

-Նախիջեւանի, Արցախի վերջնական օկուպացիա՝ հայաթափման, բնիկների՝ հայերի տարատեսակ հալածանքների միջոցով,

-Մեղրիով Նախիջեւանի հետ ցամաքային կապի ստեղծում, որը ավելի հեռահար պանթյուրքիստական նպատակ ուներ եւ հստակ թուրք-ադրբեջանական ծրագիր էր, որը չէր իրականացել 1920-ականների սկզբին,

-Խորհրդային Հայաստանից տարբեր տարածքների զավթում եւ իրենց համար կարեւորություն ունեցող որոշ տարածքների հայկական պատկանելության ապացույցների հերքում ու ոչնչացում:

Այս եւ սրանց հետ փոխկապակցված տարատեսակ խնդիրներ եղել են Խորհրդային Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների բաց կամ քողարկված օրակարգում եւ երբեմն ունեցել են սրացումներ: Այսօր էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների բնույթը պայմանավորում են նույն խնդիրները, իսկ  Բաքվի քաղաքական գործելաոճը դարձել է ավելի ռասիստական եւ ցեղասպանական:   

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով