Այս լուսանկարը ներկայացված է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կայքում, արվել է 1880-ականներին Արևմտյան Հայաստանում: Ըստ կից ինֆորմացիայի պատկերված են հայ հոգևորականներ, որոնք շրջապատել են Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու գահը (Վարագավանք): Հաշվի առնելով որ Սենեքերիմ-Հովհաննես Արծրունին գահակալել է 11-րդ դարում հետևում է որ գահը նույնպես պիտի թվագրվի այդ ժամանակաշրջանով, սակայն գահի արտաքին տեսքն ու գերազանց պահպանվածությունն արդեն ոչ մի կերպ չեն հիմնավորում այդ տեղեկությունը:
Կից ներկայացնում եմ Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից Ռուսական ցարին նվիրված «Ալմաստե գահը» (1659 թ): 1660 թ.-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Իրանի Սպահան քաղաքից Մոսկվա է մեկնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական: Նա ցար Ալեքսեյ Միխայլովիչին նվիրում է թանկագին գահ, որը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները: Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, զարդարված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով:
Երկու գահերի միջև նմանությունն առաջին հայացքից էլ ակնհայտ է, դրանք արված են նույն սկզբունքով և գեղարվեստական լուծումներով:
Ամենայն հավանականությամբ որպես 11-րդ դ. գահ ներկայացվող Վարագավանքի անհայտ գահը հայ վաճառականների կողմից նվիրվել է եկեղեցուն իբրև ընծա: Հնարավոր է, որ օգտագործված լինի նաև որպեսկաթողիկոսական գահ: Սակայն ինչ-որ հանգամանքների բերումով կաթողիկոսական գահի շուրջ լեգենդ է հյուսվել և արդեն 19-րդ դ. վերջում նույնականացվել Սենեքերիմ Արծրունու գահի հետ (լուսանկարչին միտումնավոր սխալ տեղեկություն տալը քիչ հավանական տարբերակ եմ համարում):
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կայքը
Սսի կաթողիկոսական գահը (Աղբյուր՝ haykakanq.blog)
Սա եզակի դեպք չէ, երբ հայրապետական գահին վերագրվում է նաև պետական-արքայական անցյալ: 1810 թվականին Մեծի Տանն Կիլիկիո Կիրակոս Ա Աջապահյան կաթողիկոսը Կիլիկիո Մայրավանքը տեղափոխում է նախկին արքայական ապարանքի տեղը և Սսի Սբ ՍոՖիա (Սոփիա) Մայր տաճարը ամբողջությամբ վերանորոգվում ու պարսպապատվում է: 1852-ին Վիկտոր Լանգլուան նշում է, որ Մայրավանքի կառուցման համար օգտագործվել են նաև արքայական ապարանքի քարերը: Զապել Եսայանը Սիս և Կիլիկիա կատարած իր ուղևորության մասին հուշերում գրում է, որ, ըստ վանականների, տաճարի հայրապետական գահը նախկինում դրված է եղել տաճարի կենտրոնում, որի վրա նստել են հայոց արքաները Սբ Պատարագի ժամանակ: Կից ներկայացնում եմ նաև Մայրավանքի գահից մի լուսանկար:
Վարագավանքի գահը