ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — XVII դարի ավարտ: Վտանգված է Հայաստանի ապագան: Ազգի լուսավոր զավակները փրկության ուղիներ են որոնում: Նույն այդ ժամանակաշրջանում արյան ծովի ու պատերազմի մեջ է նաև Եվրոպան. 1669 թվականին թուրքերը պաշարում են Վիեննան: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներ Հովհաննես Թութունջին և Շահմուրադ Բաղիշեցին առաջադրում են թուրքական տիրապետության տակ գտնվող բոլոր քրիստոնյա ժողովուրդների համատեղ ապստամբության և հարևան պետությունների դաշնակցության միջոցով Օսմանյան կայսրության փլատակների վրա Հայաստանի և Արևելյան Հռոմեական կայսրության վերականգնման գաղափարը, որի կենսագործունեության համար գլխավոր դերը վերապահում են Ֆրանսիային: Նրանք միանում են Լյուդովիկոս XIV –ի նախաձեռնած հակաթուրքական կոալիցիային: Էջմիածնում և Անգեղակոթում հոգևոր և աշխարհիկ իշխանությունները կայացնում են հայտնի պատմական որոշումը՝ Իսրայել Օրին մեկնում է քրիստոնյա Եվրոպա:

Երիտասարդ վանական Մխիթար Սեբաստացուն , որ պատանի տարիքից նվիրված էր ազգի կրթալուսավորչական գործին, Հայաստանի փրկությունը ներկայանում է հրաշքի տեսքով. տեսիլքում Տիրամայրը նրան պատգամում է մի կողմ թողնել մինչ այդ եղած ազգային կառույցները, ստեղծել նորը: Աստվածամոր տեսիլքի լույսը հետո պետք է դառնար ուղենիշ , որը նրան հասցնելու էր հեռավոր Վենետիկ…

Եվ այր մի՝ Մխիթար անուն

Նա ծնվել էր Պատմական Հայաստանում՝ 1676 թ. Սեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել էր Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում 1690-ականներին Մխիթարն անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնուց վանքերը: 1693թ. ուսման նպատակով մեկնում է Հալեպ, իսկ երեք տարի անց օծվում որպես քահանա: Երազում էր ստեղծել մի հոգևոր հաստատություն, որը պետականությունից զրկված մեր ժողովրդին կկապեր եվրոպական լուսավորությանը և կխթաներ ազգի առաջընթացին , իսկ եվրոպացիներին հաղորդակից կդարձներ մեր բազմահազարամյա քաղաքակրթությանը: Նա իր շուրջն է համախմբում ժամանակի կրթյալ երիտասարդներին և որոշում է հիմնել միաբանություն: Հաղթահարելով բազում քաղաքական խոչընդոտներ՝ 1701թ. սեպտեմբերի 8-ին՝ Աստվածամոր տոնին Մխիթարն ու իր շուրջ համախմբված երիտասարդները հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միբանությունը: Օսմանյան հետապնդումներից խուսափելու համար միաբանության 12 անդամները Մխիթարի գլխավորությամբ հեռանում են Մորեա թերակղզի: Տևական ժամանակ դեգերելով Էգեյանի կղզիներում՝ 1715թ. նրանք ափ են իջնում Վենետիկ: Երկու տարի անց Հռոմի Պապ Կղեմես XI-ը հաստատում է միաբանության կանոնադրությունը, իսկ Հռոմի Սենատի որոշմամբ Մխիթարին մշտական բնակության իրավունքով շնորհվում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են 1717թ. սեպտեմբերի 8-ին՝ միաբանության հիմնադրման տարելիցի օրը: Նկատենք, որ Հռոմի Պապի ու Սենատի այս որոշումն ընդունվում էր պատմաքաղաքական դժվարին շրջանում. 1714թ. թուրքերը պատերազմ էին հայտարարել վենետիկցիներին , իսկ Սենատը նոր որոշում էր ընդունել՝ արգելել որևէ նոր կրոնական կառույցի հիմնումը: Բայց Մխիթարյան միաբանությունը հիմնվեց: Եվ կղզին, որ 10-12 -րդ դարերում եղել էր բորոտների արգելոց ու տևական ժամանակ լքյալ ու անմարդաբնակ էր, դարձավ ծաղկուն մենաստան, գիտամշակութային հզոր կենտրոն …

«Օտարները Հայոց կղզի կոչեն .հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղթոքի հետ ՝ աշխատանք, առաքինության հետ ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ և միշտ Հայաստան, ամեն ինչ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար»:

Մխիթար Սեբաստացի

Վենետիկյան միջավայրում հայերի մասին ամենահին հիշատակությունները վերբերում են 6-7-րդ դարերին և հասնում մինչև Կիլիկյան թագավորության ժամանակաշրջան: Սակայն Սուրբ Ղազարում հիմնված միաբանությունը ոչ միայն դարձավ հայոց քաղաքակրթության մշտական ներկայացուցչությունը Եվրոպայի սրտում, այլև ազգայինը ներդաշնակորեն միաձուլեց համամարդկայինին: Օտարներն այն Հայոց կղզի կոչեցին , որն անցնող դարերի ընթացքում դարձավ Վենետիկի պատմամշակութային ժառանգության անբաժան մասը:Մխիթարյան միաբանությունը նոր էջ բացեց Հայոց պատմության և հայագիտության համար: Անվանի պատմաբան Լեոյի բնորոշմամբ՝ 18-րդ դարը հայ ժողովրդի համար դարձավ Մխիթարյանների դար:

Մխիթարյան միաբանների հրատարակած բազմահազար գրքերն ու աշխատություններն այսօր էլ մեծագույն արժեք ունեն՝ սկսած Աստվածաշնչից մինչև միջնադարյան հայ մատենագիրների ու եվրոպացի փիլիսոփաների երկեր, բնագիտական, պատմա-աշխարհագրական աշխատություններից մինչև շերամապահության մասին գրքեր…Ամենամեծ գործերից մեկը, սակայն Մ. Չամչյանի <<Պատմություն Հայոց>>-ն է, որը լույս տեսավ 1784-1786թթ. Վենետիկում:

Պատմա-աշխարհագրական աշխատություններից հիշատակման է արժանի 1802-1808թթ. Ղուկաս Ինճիճյանի ու Ստեփանոս Ագոնցի ջանքերով լույս հրատարակված <<Աշխարհագրութիւն չորս մասանց աշխարհի>> աշխատությունը՝ բաղկացած 11 հատորից, որտեղ նկարագրվում են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի բոլոր երկրները, նրանց աշխարհագրական դիրքը, բուսականությունը, վաճառականությունը, տեղագրությունը…Հրատարակվում են նաև Ղևոնդ Ալիշանի հայտնի աշխատությունները՝ <<Քաղաքական աշխարհագրություն>>, <<Սիսուան>>, <<Այրարատ >> և <<Սիսական>>.. Տպագրվել են աշխարհագրական քարտեզներ՝ Իգնատիոս Խաչատրյանի և Եղիա Էնտազյանի փորագրությամբ:

Լեզվաբանական և բառարանագիտական աշխատություններից չենք կարող չնշել Մխիթար Սեբաստացու <<Բառագիրք Հայկազեան Լեզուի>> գործը, որը համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը: Իսկ 1836-37թթ. Գ. Ավգերյանը, Մ.Ավգերյանն ու Խ. Սյուրմելյանը հրատարակում են <<Նոր Բառագիրք Հայկազեան Լեզուի >> երկհատոր բառարանը, որը ցայսօր չի կորցրել իր գիտական արժեքը և արդիականությունը:

Մխիթարյան միաբանների հրատարակած աշխատությունների միջոցով ոչ միայն մեր ժողովուրդն է ճանաչում իր պատմությունը, այլև օտարն է գտնում ինքն իրեն: Դրա հազարավոր վկայություններից մեկը Մխիթարյան հայրերի պատրաստած՝ աշխարհում առաջին ճապոներեն-գերմաներեն բառարանն է, որը լույս է տեսել 1865 թվականին:

Մխիթարյան միաբանների հրատարակած պարբերականները նույնքան հռչակավոր էին, որքան աշխատություններն ու գրքերը: Նրանց լույս ընծայած հանդեսները հայ հասարակական միտքը հասցրեցին գիտական բարձր նշաձողի՝ <<Տարեգրություն>>, <<Եղանակ Բյուզանդյան >>, <<<Դիտակ Բյուզանդյան>>…Ոչ մի հանդես , սակայն, հայ հասարակական-մշակութային կյանքում չկատարեց այն դերը, ինչ <<Բազմավէպ>>-ը: Հայագիտական , բանասիրական, գրական այս հանդեսը սկսեց լույս տեսնել 1843 թվականից՝ եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր, պատմաբան և թարգմանիչ Գաբրիել Այվազովսկու խմբագրությամբ: <<Բազմավէպ>>-ին աշխատակցում էին ինչպես հայ գիտության և մշակույթի երևելիները, այլև օտարազգի խոշոր գիտնականներն ու հայագետները: 1887-ից հրատարակվել է նաև <<Հանդես ամսօրյա >> ամսագիրը: Սրանք հայ մամուլի պատմության երիցագույն հանդեսներն են, որոնք լույս են տեսնում մինչ օրս և անընդմեջ հրատարակված 5 ամենահին պարբերականներներից են ամբողջ Եվրոպայի տարածքում:

-Ես ավելի շատ վախենում եմ Մխիթարյանների տպագրած գործիքներից, քան հայ ֆիդայիների զենքերից,-սուլթան Համիդի այս խոստովանությունը լավագույն և ճշմարիտ բնորոշումն է հայ ժողովրդի կյանքում Մխիթարյանների կատարած դերին…

<<Ոչ մեկ հայկական հաստատություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա,արևմտյան ոգիին , ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեսակետուն, որքան Մխիթարի տունը>>:

Արշակ Չոպանյան

Մխիթարյան միաբանության տարեգրությունը վկայում է, որ հայկական Սուրբ Ղազար կղզի են այցելել ու հիացել ժամանակի լուսավոր անհատականությունները՝ գիտության հսկաներ Հ. Պետերման, Հ. Հյուբշման, Վ. Լանգլուա, Ն. Մառ, Ֆ. Ֆեյդիտ, կոմպոզիտորներ՝ Ռ. Վագներ, Ջ. Ռոսինի, Գ. Դոնիցետտի, Ջ.Վերդի, Ի.Ստրավինսկի, ինչպես նաև եվրոպական երկրների միապետներ ու առաջնորդներ: Սուրբ Ղազար կղզու նշանավոր ձիթենիների տակ Ջորջ Բայոնը գրեց << Մանֆրենդը >> ու ավարտեց <<Չայլդ -Հարոլդը>>: Մխիթարյան միաբանության գրավոր հիշատակություններում նշանավոր տեղ է հատկացված Նապոլեոն Բոնապարտի այցելությանը: Ռազմաճակատներում ամենուր հաղթանակներ տանող կայսրը անձամբ եկավ ու խոնարհվեց Մխիթարյան հայրերի գիտական մտքի առաջ և միաբանությանը շնորհեց Ակադեմիայի կարգավիճակ: Եվ սա այն դեպքում, երբ Նապոլեոնի նվաճողական քաղաքականության արդյունքում Իտալիայում փակվել էին դպրոցներ ու համալսարաններ: Մինչդեռ Մխիթարյան միաբանությունը նոր թափով շարունակեց իր գործունեությունը: Ժամանակի հեռվից կարող ենք փաստել, որ այս հարցում մեծ է եղել հայ ժողովրդի զավակների՝ Ֆրանսիայի բանակում և ազգային կյանքում կատարած դերը:

…Մխիթարյան միաբանությունն այսօր հայ և համաշխարհային մշակույթի ու պատմության սրբազան շտեմարան է, ուր պահում-պահպանվում են ոչ միայն պատմական տարբեր ժամանակներից մեզ հասած 4000-ից ավելի հայկական ձեռագիր մատյաններ, այլև արվեստի եզակի գլուխգործոցներ՝ իտալական Վերածննդի վարպետների կտավներից մինչև Հովհաննես Այվազովսկի, Վարդան Մախոխյան, Գևորգ Բաշինջաղյան, Էդգար Շահին , Մարտիրոս Սարյան, Ժան Սեմ, Գառզու…

Երեք դար անց էլ Մխիթարյան միաբանություն այցը ամեն մի հայի համար սկսվում է Մխիթար Սեբաստացու շիրիմին խոնարհումով: Մխիթարյան միաբանն այսօր էլ իր հոգում վառ է պահում աստվածային սիրո կրակը ու սերունդներին հղում Մխիթար աբբահոր պատգամը՝ «Ամեն ինչ Հայրենիքի համար, հայ ժողովրդի համար»: Եվ դեռ բազում դարեր Սուրբ ղազար կղզում ճառագելու է հայոց քաղաքակրթության ջահը՝ տիեզերական ներդաշնկության մեջ պահելով հոգևորն ու աշխարհիկը, ազգայինն ու համամարդկայինը…

 Հասմիկ Պողոսյան

Աղբյուրը՝ magaghat.am

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱԳՐՈՒԹԻՒՆ

WESTERN ARMENIA NEWS