ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը փոխել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բոլոր փականները՝ դրսում թողնելով Նիցցայի հոգևոր հովիվ, Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանին: Վերջինս շտապ հայցով դիմել է դատարան՝ պահանջելով բանալիները:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը:
«Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը 2012 թվականի հունվարի 26-ի գերագույն հոգևոր խորհրդի կողմից զրկվել էր «Հայ առաքելական եկեղեցու» տիտղոսից: Նիցցայում դատարանը նույնպես արգելեց այդ կազմակերպությանն օգտագործել «Հայ առաքելական եկեղեցու» տիտղոսը, նույն ընկերակցությունը երկու անգամ դատի էր տվել ինձ, որ հովվատնից դուրս հանի ինձ: Երկու անգամ դատարանը մերժել է իրենց դիմումը՝ 2013 թվականի և 2017 թվականին»,-ասաց Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը:
Նա ասաց, որ գրեթե մեկ տարի է՝ ինքը միևնույն ժամանակ նշանակվել է Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդի օգնական, բազմիցս ճամփորդում է, տարբեր քաղաքների տարբեր ծխերում է լինում և այդ պատճառով երբեմն Նիցցայից բացակայում է:
«Վերջին անգամ երբ վերադարձա Նիցցա, տեսա, որ բոլոր դռների փականները փոխել են, և ես չեմ կարողանում մտնել հովվատուն: Դրանից առաջ ես Նիցցայից լուրեր ստացա, որ կարգալույծ հայտարարվածները լուրեր են տարածում, թե իբր նորից դիմել են դատարան և շահել են դատը և իրավունք են ստացել մտել են հովվատուն: Գալուս օրը՝ երեկոյան, հավաքվել էինք դարպասների մոտ՝ մեր հավատացյալներից 50-60 հոգի ինձ հետ միասին, իսկ ես գիշերեցի փողոցում՝ եկեղեցու մոտ»,-Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանը:
Հարցին,թե ինչ է պատրաստվում անել և խնդրի լուծումն ինչպես է պատկերացնում, Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանն ասաց, որ շտապ կարգով դիմել է դատարան և երկուշաբթի առավոտյան տեղի կունենա դատական նիստ:
Հարցին, թե ինչ պահանջով դիմել դատարան, հոգևորականը հայտնեց, որ պահանջում է, որպեսզի բանալիները վերադարձնեն իրեն և ինքը կարողանա մտնել հովվատուն:
Ինչ վերաբերում է համայնքի պառակտվածությունը, Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանն ասաց, որ արդեն 11 տարի այդ խնդիրը կա, իսկ դա թուլացնում է համայնքը. «Միջոցառումներ կան, որ մի համայնքը երկու անգամ է նշում, օրինակ՝ Ապրիլի 24-ի կապակցությամբ երկու միջոցառում է տեղի ունենում։ Այս իրավիճակը շատ է թուլացնում համայնքը»:
Նշենք, որ Նիցցայում այդ խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ երբ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը չընդունեց թեմական նոր կանոնադրությունը և սկսեց չճանաչել թեմի իշխանությանը:
WESTERN ARMENIA NEWS