երիտթուրքերի հրամանը՝ հրապարակված թուրքական մամուլում 1919-ին

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Թուրքիայի Պետական խորհրդի անդամ, իրավաբան և «Անգլոֆիլ ընկերակցության» հիմնադիր Սաիթ Մոլլան 1918 թվականին սկսել էր հրատարակել «Թուրքական Ստամբուլ» օրաթերթը:

1919թ.-ի մարտի 25-ին թերթը հրապարակել է Միության և առաջադիմություն («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության կենտրոնական գրասենյակի՝ Հատուկ հանձնաժողովին («Թեշքիլաթ-ե մախսուսե») հղված հանձնարարական նամակը: Այն վերաբերում էր Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի տեղահանությանը: Թերթն այդ նամակը կոչել է «Ողբերգական և սարսափելի փաստաթուղթ» և նշել, որ այն վերահրատարակվել է առանց որևէ փոփոխության: Հանձնարարական նամակը բաղկացած էր 10 հոդվածներից, որոնք քայլ առ քայլ նկարագրում էին բոլոր այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեին հայերի տեղահանման ընթացքում: Սրանք բոլոր այն գործողություններն են, որոնք նկարագրել էին գիտնականներ Թաներ Աքչամը, Դոնալդ Բլոքսհամը և Ուքուր Ումիթ ՈՒնգյորը որպես տեղահանության մի մաս, – գրում է The Armenian Weekly պարբերականը:

«Թուրքական Ստամբուլը» չի նշել նամակի աղբյուրը, ավելին՝ «Միության և առաջադիմության» պահոցներն անհետացել էին Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո: Սակայն, անկախ այս ամենից, ուշագրավ է, որ գոյություն ունեին օսմանյան թուրքական պարբերականներ, ինչպիսիք էին «Թուրքական Ստամբուլը», «Ալեմդարը», «Փեյեմը», որոնք քննարկում և քննադատում էին Միություն և առաջադիմություն կուսակցությանը Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Փաստաթղթի դրույթները՝ ստորև.

  1. Կիրառելով «Ընկերությունների մասին օրենքի» 3-րդ և 4-րդ հոդվածները՝ փակել բոլոր հայկական ընկերությունները, ձերբակալել դրանց գործադիր անդամներին, որոնք ընդդիմանում էին «Միության և առաջադիմության հանձնաժողովի» կառավարությանը, արտաքսել նրանց այնպիսի ծայրամասեր, ինչպիսիք են Մոսուլն ու Բաղդադը, իսկ ճանապարհին կամ տեղ հասնելիս՝ սպանել:
  2. Հավաքել հայերի ամբողջ զենքը:
  3. Ազդել մահմեդական հասարակության կարծիքի վրա համապատասխան միջոցներով, կազմակերպել մի շարք միջադեպեր (այնպես, ինչպես Ռուսաստանն էր արել Բաքվում) Վանում, Էրզրումում, Ադանայում, որտեղ հայերն իրենց գործողություններով են վաստակել մահմեդականների ատելությունը:
  4. Էրզրում, Վան, Մամուրեթ-ուլ-Ազիզ և Բիթլիս քաղաքներում գործողությունների իրականացումը թողնել բնակչության վրա: Զորքերը կիրառել և ռազմական ուժերի գործողությունները ներկայացնել այնպես, կարծես նրանք կանխում են ջարդերը, իսկ ռազմական վայրերում, ինչպիսիք են Ադանան, Սեբաստիան, Բուրսան, Իսմիթ և Իսմիր քաղաքները, հակառակը, աջակցել մահմադեկաններին:
  5. Դպրոցի ուսուցիչների, հատկապես 50-ից ցածր տղամարդկանց ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել: Թողնել կանանց և երեխաներին հետագայում մահմեդականացվելու:
  6. Ոչնչացնել բոլոր այն փախչել հաջողացրած մարդկանց ընտանիքները և քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք ամբողջովին կորցնեն կապն իրենց հայրենի քաղաքների հետ:
  7. Լրտեսության մեջ մեղադրելով՝ պաշտոնանկ անել բոլոր հայ պաշտոնյաներին իրենց կառավարական հիմնարկներից և մասնաճյուղերից:
  8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում ծառայող տղամարդկանց:
  9. Անմիջապես սկսել բոլոր այն գործողությունները, որոնք ժամանակ չեն թողնի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:
  10. Գաղտնի պահել այս հանձնարարական նամակը և առավելագույն խնամքով պահել մեկ կամ երկու անձանց մոտ:

Նամակում նկարագրված հանձնարարականների համաձայն արտաքսված հայերը հետագայում սպանվել և ոչնչացվել են: 

 

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին (19 հուվար 1918) Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: