Կիլիկիայի արքա Լևոն Գ-ն ու Կեռան թագուհին՝ իրենց 3 որդիների և 2 դուստրերի հետ (13-րդ դարի մանրանկար): Նկարում պատկերված է թագավորական ընտանիքը, որը 7 նուռերի տեսքով՝ երկնային օրհնություն է ստանում: Այս բարձրարվեստ ու իր բնույթով եզակի գործը «Կեռան թագուհու ավետարան» հայկական ձեռագիր մատյանից է, որը պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքում: Գրվել ու պատկերազարդվել է 1272թ., Սիսում, Կիլիկիայի Կեռան թագուհու պատվերով։ Ձեռագիր մատյանի գրիչն է՝ Ավետիսը, սակայն մանրանկարչի՝ այսինքն ներկայացվող այս գլուխգործոցի հեղինակի անունն անհայտ է (որպես հեղինակ՝ երբեմն նշվում է նաև Թորոս Ռոսլինը)։

Հետաքրքիր տեղեկություն, թե ինչպես է առաջացել թագուհու Կեռան անունը: 1262թ. իշխան, հետագայում թագավոր Լևոն Գ-ն կին է ընտրում իշխան Հեթումի դուստր Աննային: 1269-ին իշխանուհի Աննան դառնում է թագուհի և իրեն դրսևորում որպես բանիմաց ու բարի անձնավորություն: Պալատականներն ու ժողովուրդը սիրով և հարգանքով են վերաբերվում թագուհուն: Կիլիկյան Հայաստանում օգտագործվել է հունարենից փոխառնված «կիրիա» բառը, որը նշանակում է տիրուհի: Այսպես, ժողովրդի սիրուց և հարգանքից ծնվեց «Կիրիա Աննա» (տիրուհի Աննա) թագուհուն դիմելու ձևը, որը ժամանակի ընթացքում դառնում է կրճատ՝ Կեռան:

 

 

https://www.facebook.com/ruben.shukh?fref=ts