Հայաստանն առաջին անգամ լայնորեն ներկայացված կլինի ամենամյա Smithsonian Folklife Festival-ում, որը Վաշինգտոնում կանցկացվի 2018թ. հունիսի 27-ից հուլիսի 1-ը և հուլիսի 4-8-ը:
Փառատոնը կազմակերպում է Smithsonian հաստատության մշակութային կենտրոններից մեկը՝ Center for Folklife and Cultural Heritage-ը: 50 տարիների ընթացքում միջոցառմանը մասնակցել են 30․000-ից ավելի երաժիշտներ, արվեստագետներ, խոհարարներ, արհեստավորներ և այլն՝ ավելի քան 100 երկրից: Միջոցառումները կանցկացվեն Վաշինգտոնի Ազգային կենտրոնում (National Mall)՝ նպատակ ունենալով ամրապնդել և պահպանել աշխարհի մշակույթները:
Այս տարի փառատոնը կլինի միջազգային և կներկայացնի Հայաստանի, Աֆրիկայի և Կատալոնիայի մշակութային ժառանգությունը։ Հայաստանն առաջին անգամ ներկայացված կլինի փառատոնին։ Տասնօրյա միջոցառումն անվճար է բոլորի համար: Այցելուները կիմանան Հայաստանի մասին, կծանոթանան հայկական ավանդույթներին, մշակութային ինքնությանը՝ ճաշակելով հայկական գինիները և ուտեստները: Հայ խոհարարները կներկայացնեն լավաշի պատրաստումը թոնիրում, կսովորեցնեն սարքել ավանդական խորոված և պանիր: Մասնակիցները կկարողանան նաև շփվել հայ դիզայներների և արհեստավորների հետ, վերջիններս էլ կփորձեն սովորեցնել՝ ինչպես գործել, ասեղնագործել ու քանդակագործել: Փառատոնային տրամադրությունը երեկոյան կշարունակվի համերգներով՝ ներկայացնելով հայկական ազգային և ջազ երաժշտությունը:
Մեդիամաքս-ն այդ մասին զրուցել է ծրագրի համակարգողներից Հելի Բուտվինի հետ:
-2018-ին փառատոնը միջազգային է լինելու, և ներկայացվելու են Հայաստանի, Աֆրիկայի և Կատալոնիայի մշակութային ժառանգությունները: Ինչո՞ւ և ինչպե՞ս են ընտրվել հենց այս մշակույթները:
-Փառատոնի այս տարվա թեման համայնքային մշակութային ժառանգության նախաձեռնությունն է: Մենք փնտրում էինք ծրագրեր, որոնք որոշակի բնակավայրերի և մարդկանց մասին կպատմեն: Հայաստանի համար մենք ավելի շատ փնտրում էինք բիզնես նախաձեռնություններ, որոնք կապված կլինեին ուտեստների, գինու, արհեստի հետ, ինչպես նաև ցույց կտային, թե ինչպես են ակտիվ պահում հայկական մշակույթը:
-Հայաստանն առաջին անգամ է մասնակցում փառատոնին և առաջին երկիրն է տարածաշրջանից:
-Փառատոնը հիմնված է ուսումնասիրությունների վրա: Folklife and Cultural Heritage կենտրոնն ունի նաև համակարգողների թիմ, որն ամեն տարի որոշում է ծրագիրը՝ հիմնվելով թեմայի, նաև ուսումնասիրությունների և այն կապերի վրա, որն ունենք համակարգողներս: Հայաստանն ընտրվել է, քանի որ մենք Հայաստանի հետ մեկ այլ ծրագիր ենք իրականացնում՝ My Armenia Cultural Heritage Tourism-ը, որը վերջին 3 տարիների ընթացքում մեր ուսումնասիրող կենտրոնին Հայաստանում աշխատելու հնարավորություն է տվել: Հենց այդտեղից էլ որոշեցինք Հայաստանն ընդգրկել փառատոնում:
Քանի որ շատ էինք ուսումնասիրել Հայաստանը, և արդյունքները շատ ոգևորիչ էին, մտածեցինք, որ իրականում ճիշտ ժամանակն է փառատոնին ներկայացնելու հայկական մշակութային ժառանգությունը:
-Վերջերս Հայաստան էիք այցելել: Այցը փառատոնի՞ հետ էր կապված:
-Ներկայում մի քանի ծրագիր ունեմ, իսկ առաջին անգամ Հայաստանում սկսել եմ աշխատել 2014-ից՝ Smithsonian և USAID հաստատությունների հետ իրականացվող My Armenia Cultural Heritage Tourism ծրագրի թիմի անդամներից էի: Արհեստների հետ կապված նախաձեռնություն եմ վարում My Armenian ծրագրի համար, աշխատել եմ նաև տեղի փառատոնի կազմակերպիչների հետ: Անցած տարի էր, որ որոշեցի համակարգել փառատոնի ծրագիրը:
Հալի Բուտվինը Հայաստանում
-Ովքե՞ր են մասնակցելու ծրագրին և ինչպե՞ս է ընթանալու ընտրության գործընթացը:
-Ծրագրում ենք ունենալ 75 մասնակից և 15 ներկայացուցիչ: Կլինեն երկու տիպի մասնակիցներ. առաջին խումբն ավանդույթը կրողներն են, երկրորդը ներկայացուցչներն են, ովքեր պետք է կարողանան հանրության առջև ազատ խոսել ու շփվել մարդկանց հետ: Նրանք պետք է տիրապետեն հայերենին և անգլերենին ու ոչ թե պարզապես թարգմանեն խոսքը, այլև բացատրեն:
Մասնակիցներից շատերն անգլերեն չեն խոսում, ու այդպիսի պահանջ չկա էլ: Օրինակ, խաչքար քանդակող մասնակիցը կենտրոնանում է աշխատանքի վրա և պատմում իր արած գործը, իսկ ներկայացուցիչն օգնում է հանդիսատեսին հարցերի օգնությամբ հասկանալու՝ ինչ է տեղի ունենում:
Լուսանկարը` Smithsonian Institution
Մեծամասնությունը Հայաստանից է լինելու, չնայած Սփյուռքից էլ մասնակիցներ ունենք: Համակարգողների թիմն է իրականացնում որոշումները, և մենք ենք որոշում՝ ով կարող է ամենալավը ներկայացնել ավանդույթը, բայց նաև հաշվի ենք առնում շատ մարդկանց հետ ունեցած մեր զրույցները: Մի շարք խորհրդատուներ ունենք՝ Institute for Archaeology and Ethnography ծրագրի թիմի համակարգողները, My Armenia ծրագիրը, որն ազգագրական թեմայով նույնպես ուսումնասիրություններ է արել՝ պարզելու, թե ինչ է կատարվում Հայաստանի՝ հատկապես մարզերի մշակութային ավանդությունների հետ:
-Արդեն գիտե՞ք մասնակիցներին։ Կլինե՞ն հայտնի մարդիկ։
-Վստահ եմ՝ հայերը կճանաչեն երաժիշտներից մի քանիսին, սակայն ոչ բոլորին: Չնայած հիմա դեռ չեմ կարող ասել, թե ովքեր են: Փառատոնի գաղափարն է հարթակ ստեղծել ժողովրդական ու ավանդական արվեստների համար: Մենք մի շարք մասնակիցներ ունենք հատկապես մարզերից, ու հիանալի կլինի շատերի համար տեսնել, որ այդքան շատ տաղանդներ կան ոչ միայն Երեւանում, այլև մարզերում: Մենք հոգում ենք բոլոր ծախսերը:
-Ի՞նչը հատկապես պետք է ընդգծեն հայ մասնակիցները: Ո՞րն է հայկական մշակույթը ներկայացնելու նախընտրելի տարբերակը:
-Պարզապես կարևոր է, որ մասնակիցները պատմեն իրենց պատմությունները: Համակարգողների տեսանկյունից մենք ցանկանում ենք, որ առաջին հերթին ԱՄՆ-ում զգան հայ ժողովրդի ջերմությունն ու մեծահոգությունը: Մենք մտածում էինք ուտեստների, խմիչքի, ինչպես նաև հյուրընկալության մասին, որը մարդիկ միշտ զգում են Հայաստան այցելելիս:
Լուսանկարը` Sossi Madzounian/ Smithsonian Institution
Մարդկանց ձեր տուն եք հրավիրում և ճաշ եք հյուրասիրում, այդ առումով մարդիկ այնքան բաց են: Մենք միանշանակ հենց սա ենք ցանկանում փոխանցել և մասնակիցներին ընտրում ենք՝ մտապահելով այդ ամենը: Սա պարզապես ցուցադրություն չէ, այն մարդկանց անձնական պատմություններով կիսվելու մասին է: Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք կիսելու յուրահատուկ պատմություններ ունեն: Ընտրում ենք նրանց, ովքեր իսկապես սրտանց են անում իրենց գործը ու կարող են հայկական մշակույթն այնպես ներկայացնել, որ այդ ուղերձը հասցնեն հասարակությանը:
-Ձեր կարծիքով, որքանո՞վ է փառատոնը կարևոր հայերի համար: Ի՞նչ են հայաստանցիները շահելու այդ միջոցառումից:
-Փառատոնը մեծ նշանակություն ունի հայաստանցիների ու սփյուռքահայերի համար: Միացյալ Նահանգների ամենամեծ հարթակն է, գրեթե մեկ միլիոն մարդ է հավաքվում փառատոնին մասնակցելու համար, ավելի քան մեկ միլիոնն էլ համացանցով են հետևում: Մենք ավելի քան 100 երկրների մշակույթներ ենք ներկայացրել, ու ամենակարևոր բաներից մեկը, որ ես կարևորում եմ, մեծ հետաքրքրությունն է, որն ունի ԱՄՆ հասարակությունը հայկական մշակույթի հանդեպ, ինչը մոտիվացնում է մասնակիցներին: Նրանք միասին են մնալու, այդ մեծ պատվիրակությունը նաև կատալոնացիների հետ է մնալու նույն վայրում:
Մարդիկ կսկսեն նոր կազմակերպություններ բացել կամ նոր վայրերում աշխատել, և դուք պարզապես կսկսեք ավելի շատ ակտիվություն տեսնել: Երբ տեսնում ես, որ մյուսներն իսկապես գնահատում են քո գործը, այդ վստահությունն իսկապես մոտիվացնում է քեզ: Սա մշակութային մասն է, կա նաև տնտեսական կողմ: Մասնակիցների պատրաստած բոլոր ապրանքները մենք վաճառում ենք շուկայի հատվածում: Սա շատ լավ սկիզբ կարող է լինել, մասնակիցները գումար կվաստակեն՝ փառատոնին գալով ու վաճառելով ապրանքը, իհարկե, կհանդիպեն նաև իրենց նոր հաճախորդներին: Այս ամենը կիրականացվի արհեստի դեպքում, կգործի նաև ուտելիքների և գինու համար: Մի շարք մարդկանց առաջին անգամ կներկայացնենք հայկական հիասքանչ գինիները: Կարծում եմ՝ իսկապես հետաքրքիր կլինի:
-Իսկ որքանո՞վ է կարևոր այս փառատոնը Սփյուռքի համար:
-Ցանկանում եմ, որ ԱՄՆ հասարակությունն իմանա, թե որքան հիասքանչ ամերիկահայեր են բնակվում Միացյալ Նահանգներում և ինչ հիանալի գործունեություն են իրականացնում նրանք՝ ապրելով այստեղ:
Ավելին, հույս ունենք նաև զարմացնել փառատոնին ներկա սփյուռքահայերին, քանի որ կարծում եմ՝ շատերը նրանցից չեն այցելում Հայաստան, բայց տեղյակ են ամեն ինչից: Մենք ներկայացնում ենք ավանդույթների պատմությունները, նաև փորձարկում ենք իրականությունը և ցույց տալիս նոր տեխնոլոգիայի մի մասը, որն այսօր գործում է Հայաստանում:
Լուսանկարը` Narek Harutyunyan/Smithsonian Institution
Եթե ամերիկացիները հայերի մասին ինչ-որ մի բան էլ գիտեն, ապա հավանաբար գիտեն ամերիկահայ համայնքների միջոցով, իսկ ԱՄՆ հայերի մեծ մասը Արևմտյան Հայաստանից է: Ավանդույթները տարբերվում են Արևելյան Հայաստանում շարունակվող ավանդույթներից: Շատ ամերիկահայեր չգիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում և ինչու, կարծում եմ՝ նրանց համար չափազանց հետաքրքիր կլինի ինչ-որ նոր բան բացահայտել այն վայրի հետ կապված, որը շատերը հայրենիք են համարում:
Ամալի Խաչատրյանը զրուցեց Հելի Բուտվինի հետ։
Աղբյուրը՝ mediamax.am