Աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահացել է մարտի 14-ի վաղ առավոտյան 76 տարեկանում: Ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարել է շարժողական նեյրոնային հիվանդության դեմ:


Հանրաճանաչ բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը խոսել էր այն մարդու մասին, որի շնորհիվ իր մոտ մանկուց սեր է արթնացել գիտության հանդեպ: Հայկական ծագումով մաթեմատիկայի իր ուսուցչի` Դիքրան Թահթայի մասին: Այդ մասին գիտնականը հայտնել էր 2016-ին The Global Teacher Prize կայքում հրապարակված իր ուղերձում, որը նվիրված է Global Teacher Prize մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը։
«Շնորհիվ պարոն Թահթայի ես դարձա Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր` գլխավորելով ամբիոնը, որը մի ժամանակ Նյութոնն է զբաղեցրել: Ամբողջ կյանքիս ընթացքում ես փորձում եմ բացահայտել տիեզերքի գաղտնիքները: Մեզանից յուրաքանչյուրը կարծում է, որ ինչ-որ բան կարող է անել կյանքում, և դա մենք կարող ենք անել մեր ուսուցիչների շնորհիվ»,-ասել է Հոքինգն իր դպրոցական ուսուցչի մասին: Թահթան եղել է Հոքինգի մաթեմատիկայի ուսուցիչը Հարթֆորդշիրի Սենթ Օլբանում ուսումնառության ժամանակ: Նա, մասնավորապես, օգնել է ապագա գիտնականին հավաքել իր առաջին համակարգիչը:
«Այսօր մեզ մեծ ուսուցիչներ են պետք, ինչպես երբեք: Մենք միշտ պետք է հիշենք, որքան կարևոր են ուսուցիչները: Ամեն ինչ սկսվում է սիրո սաղմից` երաժշտության, պատմության հանդեպ: Ինձ համար դա սերն էր գիտության հանդեպ»: Նա նշել է, որ լավագույն ուսանողներից չի եղել, իսկ վատ ձեռագիրը վկայում էր ծուլության հակվածության մասին: Հոքինգը հայտնի է տիեզերաբանության ոլորտի իր աշխատանքներով, ինչպես նաև գիտության հանրահռչակմամբ: Նա առաջին անգամ հոդված հրապարակեց, որտեղ հայտնեց սև խոռոչների անհետացման հավանականության մասին:

Դիքրան Թահթան ծնվել է 1928 թ. օգոստոսի 7-ին։ Սերում է Հայոց ցեղասպանությունից հետո Օսմանյան կայսրությունից Մանչեսթր տեղափոխված հայկական ընտանիքից։ Մանկությունը, հայկական ինքնությունը և դաստիարակությունը արտացոլվել են իր նախավերջին՝ «Արարատ ասոցիացիա» գրքում։ Այստեղ նա ներկայացնում է, թե ինչպես էին իր ծնողները ցանկանում զավակներին տալ անգլիական կրթություն, միաժամանակ համոզված լինելով, որ նրանք տանը պիտի խոսեն հայերեն։ Նրան մկրտել են Մանչեսթերի հայկական եկեղեցում, նրա Տիգրան (Դիքրան) անունը կրճատվել է` դառնալով Դիկա: Թահթը երբեք չէր մոռանում իր հայկական արմատների մասին։
1946-ին Թահթան կրթաթոշակ է ստանում Ռոսսալ դպրոցից` Օքսֆորդի Քրիստոսի եկեղեցու համար, որտեղ հիմնական առարկան մաթեմատիկան էր: 1954-ին նա վերադառնում է Ռոսսալ դպրոց, որտեղ սկսում է անգլերեն դասավանդել և պատմություն, սակայն աստիճանաբար անցնում է մաթեմատիկայի դասավանդմանը: 1955-ին նա սկսում է մաթեմատիկա դասավանդել Հարթֆորդշիրի Սենթ Օլբանի դպրոցում, որտեղ նրան աշակերտել է երիտասարդ Սթիվեն Հոքինգը: Նա օգնել է ապագա գիտնականին հավաքել իր առաջին համակարգիչը: Թահթայի մահվանից հետո Թահթայի մասին գրել է «Գարդիանը»` անվանելով նրան «իր սերնդի մաթեմատիկայի ամենաականավոր ուսուցիչներից մեկը»: