Ապրիլի 13-ին Ժնևի Trembley զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի: Այս մասին հայտնում է Bluewin-ը:

Երկար դատական քաշքշուկներից հետ Ժնևի դատարանը մերժել է զբոսայգու մոտ ապրող մարդկանց հունվար ամսին ներկայացված հայցը, ովքեր դեմ էին արտահայտվել հուշարձանի տեղադրմանը։ Վերջիններս նշում են, որ կանաչ գոտիները, որոնք նախատեսված են հանգստի համար, քաղաքականացվում են։
Այսօր արդեն սկսվել են հուշարձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքները:
Աղբյուրը մանրամասնում է, որ շվեյցարական իշխանությունների այս որոշումից հետո Շվեյցարիայի Դաշնային խորհրդի թուրքամետ նախկին պատգամավոր Իվ Նիդեգերը սկսել է պնդել, որ հուշարձանը չի կարող տեղադրվել ընդհանրապես որևէ վայրում:
Ի դեպ, առաջարկ կար հուշարձանը տեղադրել Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հարևանությամբ գտնվող «Արիանա» թանգարանի այգում, բայց Դաշնային դատարանը վերջնականապես հստակեցրեց տեղանքը։
Նշենք, որ 9մ բարձրություն ունեցող հուշարձանը բաղկացած է 9 լապտերից, որոնք արցունքի տեսք ունեն։
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: Իսկ 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: