Հունիս 27, 2015

Հարևան Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղում երեկ հայկական խաչքարի բացում տեղի ունեցավ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Կարմիր գյուղը թուրքերով ու ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանում ամբողջությամբ հայերով բնակեցված գյուղ է։ Այստեղ 20-րդ դարասկզբից մինչ օրս հայեր են բնակվում, գյուղի ու շրջանի ղեկավարներն էլ այլազգիներ են։ Շրջանում այլ հայաբնակ գյուղեր ևս կան՝ Չանախչին, Շահումյանը, Առքյոխփին և այլն։ Շրջապատված լինելով հիմնականում մահմեդականներով՝ կարմիրգյուղացիները կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, մնալ հայ և քրիստոնյա օտար հողում, զարգացնել իրենց հոգևոր-մշակութային կյանքը գյուղում և բարձր պահել հայի անունը թուրքաբնակ այս շրջանում։ Կարմիր գյուղ մտնլուն պես՝ ազատ կարող ես հայերեն խոսել կամ թակել ցանկացած դուռն ու որևէ հարցով դիմել․ այստեղ բոլորը հայ են, խոսում են հայերեն, պատրաստակամ են՝ օգնել ամեն հարցով, հյուրընկալ են բոլոր հայերի նման և պայքարող՝ իրենց արժեքների համար։ Այս ամենին զուգահեռ՝ նրանք կարողանում են համերաշխ ապրել իրենց հարևանությամբ բնակվող վրացիների, թուրքերի ու ադրբեջանցիների հետ, նույնիսկ կարողացել են նրանց հայերեն սովորեցնել։

 

Գյուղն ունեցել է մոտ 270 տնտեսություն, այժմ գյուղում մնացել է շուրջ 200-ը, իսկ բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտ 500 մարդ։ Արտաղագաղթը շատ մեծ չէ այստեղ՝ համեմատած շրջանի մյուս հայաբնակ գյուղերի։ Մարդիկ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, ինչը բավականին եկամուտ ապահովում է, ինչպես հասկացանք։ Հայաբնակ այս ոչ մեծ համայնքում կա հայկական հանրակրթական դպրոց, որն ավարտելուց հետո երիտասադները ուսումը շարունակում են կա՛մ Թբիլիսիում, որը ընդամենը 40 կմ է հեռու իրենցից, կա՛մ, ովքեր որ հնարավորություն ունեն, Երևանում։ Երկու մայրաքաղաքների հետ էլ կապը մեծ է։ Գյուղն ունի նաև մշակույթի խմբակներ, որտեղ հայկական երգ ու պար են դասավանդում, առաջիկայում մտադիր են նաև դուդուկի խմբակ բացել։ Կարևոր տեղ են տալիս նաև սպորտին, հետաքրքրված են սպորտային իրադարձություններով և ակտիվորեն երկրպագում են հայ մարզիկներին։ Այստեղ մեծ տեղ են տալիս նաև հավատքին, 2012 թվականին կառուցել են փոքրիկ մատուռ, որտեղ անցկացվում են մկրտման, հարսանեկան օրհնության և այլ արարողություններ շրջանի հոգևորականների մասնակցությամբ։ Մեր այցելության օրը երկու քահանաների օրհնությամբ տեղի ունեցավ գյուղի մոտ 20 բնակիչների մկրտման արարողություն։

 

Կարմիր գյուղում, սակայն, հայապահպանության և ազգային արժեքները իր բարձրության վրա պահելու գործընթացը հեշտությամբ չի ընթանում, քանզի հարևան գյուղերի ադրբեջանցիները կարողանում են հսկայական փողերով իրականացվող լոբբինգով ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է հայերի հարցում տարվող քաղաքականությանը, հայկական համայնքների զարգացմանն ու հոգևոր-մշակութային ինքնության պահպանմանը։ Այս էր պատճառը, թերևս, որ Ցեղասպանության 100-ամյակի առիթով այս խաչքարի տեղադրումը հայկական գյուղում իրականացավ խոչընդոտներով և ճնշումների ներքո։ Տեղի հայերի խոսքերով՝ սա մեծ հիստերիա էր առաջացրել ադրբեջանցիների մոտ, նրանք սկսել էին ճնշումներ գործադրել վրացական կառավարության վրա, որպեսզի արգելեն հայկական խաչքարի բացումը այդ գյուղում։ Ուստի վրացական իշխանությունները չէին ցանկանում թույլատրել, որ կարմիրգյուղացիները խաչքար տեղադրեն իրենց գյուղում, և վերջնական թույլտվություն, ինչպես հասկացանք, այդպես էլ չեն տվել։ Խաչքարը, ամեն դեպքում, մեծ ջանքերի գնով ու դժվարությամբ, բայց տեղադրվեց՝ անկախ վրացական կառավարության հարուցած խնդիրների և ադրբեջանցիների հիստերիայի։ Գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ մինչև խաչքարի պաշտոնական բացումը, դրա մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականացրել գյուղի երիտասարդները, քանզի վտանգ կար, որ հարևան գյուղերի թուրքերը կարող էին գալ և վնասել խաչքարը։

 

Ներկայացնելով խաչքարի տեղադրման պատմությունը՝ Կարմիր գյուղի ակտիվ բնակիչ ու այս աշխատանքնեի կազմակերպիչ Վիլիկ Խաչատուրյանը ասաց, որ խաչքարը տեղադրվել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող կարմիրգյուղացի գործարարների, հիմնականում երիտասարդների նախաձեռնությամբ և հավաքական ջանքերով։ Խաչքարը պատրաստվել է Գյումրիում, սակայն այն Վրաստան բերելիս սահմանին խնդիրներ են առաջացել, ցանկացել են մաքսազերծել այն մեծ գումարով, չեն թույլատրել անցկացնել և այլն։

 

«Գյումրիից խաչքարը բերելիս սահմանին ունեցանք լուրջ խոչընդոտներ, սակայն մեր վիրահայոց թեմի առաջնորդի՝ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի, Բաթումիում մեր Արամ կոնսուլի ու նաև Վրաստանում Հայաստանի դեսպանի շնորհիվ կարողացանք սահմանում առաջացած պրոբլեմները լուծել»,-ասաց նա՝ նշելով, որ երբ բերեցին խաչքարն ու սկսեցին տեղադրման աշխատանքները, արդեն տեղի կառավարությունն սկսեց անհանգստանալ, թե իրենք թույլ չեն տվել, որ խաչքար կանգնեցվի գյուղում և այլն։ Այդուհանդեերձ, իրենք, հակառակ արգելքներին ու ճնշումներին, տեղադրեցին այն։ Նա նշեց, որ Մառնեուլի շրջանում բոլոր կառույցները ֆինանսավորվում են ադրբեջանական ընկերությունների փողերով, ուստի նրանց պահանջով է հիմնականում, որ վրացական իշխանությունները ճնշումներ են գործադրում տեղի հայերի վրա։ Վրացական կառավարությունը դեմ էր խաչքարի բացմանը թերևս նաև այն պատճառով, որ Վրաստանի Հանրապետությունը մինչ օրս այդպես էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

 

Խաչքարի բացմանը, բացի Կարմիր գյուղի բնակիչներից, ներկա էին վիրահայոց թեմի առաջնորդի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, Ջավախքին աջակցության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Սամվել Մկոյանը, Վրաստանի Հայարտուն մշակութային կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, ովքեր իրենց ելույթներում ողջունեցին ու շնորհավորեցին խաչքարի բացումը։ Սուսաննա Խաչատրյանն էլ, խոսելով խաչքարի նշանակության ու կարևորության մասին, ասաց․ «Մեր պարտքն է հիշել ու նաև Վրաստանի իշխանություններին ասել, որ մենք ոչ մի վատ բան չենք անում»։

 

Ի սկզբանե նախատեսված էր, որ միջոցառմանը պետք է մասնակցեին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ու Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը։ Նրանք ճանապարհ էին ընկել ու շուտով պիտի հասնեին, սակայն որոշ ժամանակ անց՝ զանգեցին ասացին, որ չեն կարող գալ և հետ են վերադառնում։ Անակնկալ այս հետդարձը տարակուսանք առաջացրեց ներկաների մոտ՝ չբացառելով, որ միգուցե ճնշումների արդյունքում կամ իշխանությունների հետ ինչ-ինչ խնդիրների պատճաով են կեսից հետ դարձել նրանք։ Առաջնորդարանի մամուլի խոսնակ Ս․ Խաչատրյանն ասաց, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել․ «Բայց, իհարկե, ո՛չ դեսպանը, ո՛չ Վիրահայոց թեմի առաջնորդը այն մարդիկ չեն, որ նրանց կարողանային կասեցնել»։

 

Այդուհանդերձ, խաչքարի բացումը, թեպետ բարձրաստիճան հյուրերի բացակայությամբ, բայց բավականին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ և մեծ ոգևորություն առաջացրեց Կարմիր գյուղի բնակիչների շրջանում։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ, hraparak.am