Դոկտոր Կարպիս Տէր Եղիայանի մեծ պահանջարկ ունեցող «Ձայներ լռության մեջ» գիրքը, որն աննախադեպ մի լուսանկարչական ալբոմ է՝ նվիրված Արևմտյան Հայաստանին, Կիլիկիային և Կապադովկիային, ապրիլի 6-ին, ժամը 19։30-ին կներկայացվի հանրության դատին։ Միջոցառումը կազմակերպում է Ստամբուլահայերի կազմակերպությունը։ Հաղորդում է massispost.com-ը։
Միջոցառման ընթացքում Սարկիս Մաջարյանը կներկայացնի գիրքը։ Մշակութային մասը ներառում է երաժշտական կատարում։ Այնուհետև շնորհավորական ուղերձով հանդես կգա Հովսեփ Նալբանդյանը։
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանի խոսքով՝ «Ձայներ լռության մեջ» գիրքը հայոց պատմական հողերին նվիրված ամենահրաշալի ալբոմն է։ «Շլացուցիչ լուսանկարներ կան։ Շատերը չեմ տեսել նախկինում։ Ալբոմը ցավալիորեն ներկայացնում է նաև Հայոց Ցեղասպանության ընթացքում մեր ունեցած հսկայական կորուստները։ Ցանկանում եմ՝ յուրաքանչյուր հայ ունենա այս համապարփակ պատմական ալբոմի օրինակը, որպեսզի չմոռանա իր ակունքները և նախնիներին։ Գիրքը գլուխգործոց է»։
Ըստ տիկին Էննի Թոթայի՝ «Ձայներ լռության մեջ» գիրքն ուշագրավ մի հրապարակում է․ «Այն տեղեկատվության հսկայական աղբյուր է։ Հեշտ է ընթերցվում, իսկ պատկերներն այն ավելի հետաքրքիր են դարձնում։ Այն կարելի է ուղարկել կոնգրեսականներին և այլ պետական կառույցներ»։
«Մեր ոչ-հայ ընկերները վայելում են այն՝ բացելուց հետո չկարողանալով փակել»,- նշեց նահանգապետ Ջորջ Դեուքմեջյանը՝ գիրքն իր տեսակի մեջ բացառիկ է համարելով։
Համայնքը սիրով հրավիրվում է մասնակցելու այս հետաքրքիր և լուսավոր իրադարձությանը:

Աղբյուրը՝ massispost.com