Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում բնակվում են հարյուրավոր հայ հեթանոսներ։ Նրանք հավատում են արևի ուժին, խոնարհվում հին հայկական աստվածների առջև, իրենց համարում մեծ հայրենասերներ և նշում իրենց սեփական տոները։
Sputnik Արմենիայի թղթակիցները ներկա են եղել հեթանոսական Զատիկը նշելու արարողությանը և զրուցել «Արորդիների ուխտի» ներկայացուցիչներ՝ քուրմ Վարուժ Աղաջանյանի և Գուսան Հայկազունու հետ։
Տասնյակ մարդիկ հավաքվել են Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մոտ գտնվող բլրի վրա՝ նշելու Զատիկը։ Այդ բլրի վրա հնում գտնվել է հեթանոսական աստվածամայր Անահիտի՝ պտղաբերության աստվածուհու տաճարը։ Հենց նրան է նվիրված Զատիկը։
— Փա՛ռք Անահիտին։
— Փա՛ռք։
— Թո՛ղ մեր հողը բերրի լինի այս տարի։
— Թո՛ղ։
Այսպես են միմյանց ողջունում արիացիները՝ բարձրանալով ոչ մեծ բլրի վրա։ Նրանցից յուրաքանչյուրը գույնզգույն ձվեր է բերել՝ օծելու համար։ Ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու հետևորդների, որոնք ձուն ներկում են միայն մուգ կարմիր գույնով (Հիսուս Քրիստոսի թափած արյան խորհրդանիշ), արիացիներն օգտագործում են բոլոր հնարավոր գույները։ Զատկի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ է։
«Բնությունը չի սահմանափակում իրեն գույներով, ուստի մենք ձվերը տարբեր գույներով ենք ներկում»,- ժպտում է քուրմ Վարուժը՝ երեք արիացի քրմերից մեկը, որոնք «Արորդիների ուխտ» կրոնական կազմակերպության գլխավոր ներկայացուցիչներն են։ Նրա վզից կախված է արևախաչով հմայիլ, որը հավերժության նշանն է, իսկ մատին հսկայական մատանի է՝ կեռախաչի նշանով, որը հավերժության և հաջողության ևս մեկ խորհրդանիշ է։
Հին հայերի մոտ տարին սկսվում էր մարտի 21-ին։ Այնուհետև սկսվում է տարեշրջանն իր գլխավոր 8 տոներով՝ Զատիկ, Վարդավառ, Նավասարդ, Խաղողօրհնեք, Ննջեցյալների հիշատակության օր, Միհրի ծնունդ, Տրնդեզ։
Առաքելական եկեղեցին գրեթե նույնությամբ տոնում է հեթանոսական տոները՝ այն հարամարեցնելով քրիստոնեական հավատամքին, ինչպես այսօրվա Զատիկը։
«Դա բացատրվում է նրանով, որ չորրորդ դարում, փորձելով հեթանոս ժողովրդի մեջ սերմանել սեր և հավատարմություն նոր կրոնի՝ քրիստոնեության հանդեպ, քահանաները իրենց տոները նշել են հենց հեթանոսական տոների օրերին և նույնիսկ պահպանել են որոշ հեթանոսական ծեսեր, օրինակ, Տրնդեզի ժամանակ կրակի վրայով ցատկելը»,– բացատրեց քուրմ Վարուժը։
«Արորդիների ուխտը» ստեղծվել է Հայաստանում, 90-ականների սկզբին բանասեր Սլաք Կակոսյանի կողմից։ Արիացիների համոզմունքների հիմքում 20-րդ դարի սկզբի ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի ուսմունքն է։ Նժդեհը հավատացել է հայ ժողովրդի վսեմությանը, ուսումնասիրել հնագույն ավանդույթները, իսկ նրա զորքերը Զանգեզուրի համար պայքարում երդվել են Վահագնի՝ ռազմի աստծո անունով։
Ձվերը, գինին և գաթան օծված են, Վահագն աստծո հիմնը երգված է, եկել է ուտելու ժամանակը, իսկ դրանից հետո կատարելու են սիրված ազգագրական երգեր, հատկապես, որ դրանց ստեղծողը բոլորի հետ միասին բլրի վրա է։
Գուսան Հայկազունը 66 տարեկան է, սակայն նա 45 տարեկանում է դարձել հեթանոսական աշխարհայացքի հետևորդ։
Իր երկրորդ կնոջ հետ նա պսակադրվել է Նեմրութ լեռան վրա, որը հիմա գտնվում է Թուրքիայի տարածքում։ Նեմրութը սուրբ լեռ է, որի վրա տեղակայված են հայոց հնագույն դիցերի և դիցուհիների արձանները։ Գուսանը հպարտ է, որ վերջին 1700 տարիների ընթացքում նա առաջին հայն է, որն ամուսնացել է սուրբ լեռան վրա։
«Ձեր ազգանունն ի՞նչ է։ Պողոսյա՞ն։ Դե, հայկական չէ։ Պողոսը, Պետրոսը հրեական անուններ են։ Փոխելու ցանկություն չեք ունեցե՞լ», — ժպիտով հարցնում է գուսան Հայկազունը։
Նա երկու տարի առաջ իր Նազարյան ազգանունը փոխել է և դարձել Հայկազուն՝ գտնելով, որ Նազարը նույնպես հայկական անուն չէ։
Արևորդիներին իրենց ծեսերն անցկացնում են Հայաստանի տարբեր վայրերում։ Նրանց գլխավոր տաճարը, բնականաբար, եղել և մնում է Գառնին՝ միակ կառույցը, որը պահպանվել է Քրիստոնեության ընդունումից հետո։ 301թ-ին Քրիստոնեություն ընդունելուց հետո Հայաստանում ավերվել են բոլոր տաճարները, պահպանվել է միայն Գառնու տաճարը, այդ ընթացքում բարբարոսաբար սպանվել են քրմերը, այրվել գրքերը։
Բայց մերօրյա արևորդիներն իրենց տոները մի քանի բնակավայրում են անցկացնում՝ Զատիկը՝ Անահիտ աստվածուհու քանդված տաճարի տեղանքում են անցկացնում՝ Մեծամորում, մյուս տոները՝ Էրեբունի ամրոցում և Կարմիր բլուրում։
Իշխանությունները երբեք չեն արգելել արիացիներին անցկացնել այս կամ այն միջոցառումը․ որպես պաշտոնական կրոնական կազմակերպություն՝ նրանք լիովին ունեն դրա իրավունքը։ Եվ նույնիսկ եկեղեցին, որի հետ արիացիների հայացքները հայ ժողովրդի կյանքի, կրոնի և ապագայի վերաբերյալ բոլորովին չեն համընկնում, երբեք խոչընդոտներ չի ստեղծել կազմակերպության համար։ Եկեղեցին ունի իր հետևորդները, արիացիները՝ իրենց։ Հավանաբար, հենց այդպես էլ պետք է լինի։ Վերջին հաշվով, ինչ տարբերություն, թե բարի գործ անելիս ում անունն է տալիս մարդը՝ Հիսուսի, Վահագնի, թե հնդկական Շիվա աստծու։ Գլխավորն այն է, թե ինչպես է կյանքում նրան օգնում հավատքը։