Սիրիական հակամարտության մեջ ներգրավված կողմերի օրակարգերում սիրիահայության ապագայի վերաբերյալ դիրքորոշումները կամ նեգատիվ ու ագրեսիվ բնույթ են կրում, կամ լավագույն դեպքում առնչվում են անորոշության փաստի հետ:

 

Զորօրինակ, Միջազգային ընկերակցության օրակարգում այդ խնդիրը մինչեւ 2012 թ. սկիզբն ընդհանրապես գոյություն չուներ, այսինքն` այդ շրջանակներում համարում էին, որ սիրիահայության խնդիր, որպես այդպիսին` գոյություն չունի եւ, որ նրա ճակատագիրը չի կարող շատ տարբերվել` ադրբեջանահայության ճակատագրից:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանահության նկատմամբ իրականացված ռասիզմի գործողությունների ու բռնագաղթի համար ոչ ոք եւ ոչ մի տեսակի պատասխանատվություն չկրեց: Ավելին, նրան այնպես արագընթաց ու այնպես վարպետորեն սփռեցին աշխարհով մեկ ու այնպես անէացրին, ասես գոյություն էլ չէր ունեցել: Այդ գործընթացները նպատակ ունեին եւ ունեն. որքան հնարավոր հեռու հեռացնել հայությանը պատմական հայրենիքի մերձակա տարածքներից:

 

Հայ տեղահանվածների նկատմամբ Միջազգային ընկերակցության նախկին անտարբեր վերաբերմունքի մեջ մի փոփոխություն նկատվեց միայն 2012 թ. մարտին, երբ ԱՄՆ Սենատում Ֆրենք Փալոնը առաջարկեց «2013 թ. ֆինանսական տարում ավելացնել Հայաստանի օգնությունը, Լեռնային Ղարաբաղի օգնության ծավալը, նպատակային հատկացումների հասնել Ջավախքի համար, եւ ֆինանսավորել Մերձավոր Արեւելքից տեղահանված հայերին» (1):

 

Նկատի առնելով Թուրքիայի արդեն ավանդական դարձած, բայց եւ առայժմ անպատիժ մնացած ռասիստական կեցվածքը հայության հանդեպ եւ այն հանգամանքը, որ սիրիական ընդդիմությունը ապաստան ու աջակցություն է գտել հենց այդ երկրում, կարելի է եզրակացնել նրանց ապագա վերաբերմունքը սիրիահայության նկատմամբ. անկասկած նրանք Սիրիայի հայ փախստականների համար նպաստ հաստատ չեն հատկացնելու:

 

Ի՞նչ է առաջարկում հայ հասարակական քաղաքական միտքը: Այն, ինչ մինչեւ այսօր կա հրապարակի վրա, կարելի է բաժանել երեք խմբի.

  1. առաջարկներ, որ վերաբերում են սիրիահայերի ներգաղթ կազմակերպելու հարցին` այն դեպքում, երբ բոլորիս հայտնի ու տակավին անհայտ պատճառներով ՀՀ-ն ի վիճակի չէ պատսպարելու տասնյակ հազարավոր փախստականների: Ուստի, բավարար քաջություն պետք է ունենալ խոստովանելու, որ սա ծրագիր չէ, սա ավելի շուտ անորոշությունից ելք գտնելու ցանկության ոլորտից (2):
  2. առաջարկներ, որ ավելի իրատեսական են, բայց մարտավարական իմաստով սահմանափակ, այն է` ամեն կերպ պաշտպանել սիրիահայության իրավունքները, ամեն կերպ օժանդակել նրան մնալու տեղում (3):
  3. առաջարկ, որ հնչեցրել ենք 2012-ի փետրվարի 9-ին, այն է` «Միջին Արեւելքի հայությունը այլեւս այլ տեղ չունի գնալու, բացի իր բնօրրան հայրենիքից` Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից» (4):

 

Սա արդեն ծրագիր է եւ հայտարարություն անելիս հենվում էինք այդ ծրագրի օգտին գործող հետեւյալ փաստաթղթերի վրա:

Դրանք չորսն են` 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը, 2011 թվականի մարտի 4-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ընդունած «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին» Հռչակագիրը, 2011 թվականի մարտի 29-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ընդունած «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» Որոշումը, 2011 թ. դեկտեմբերի 26-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի ստորագրությամբ «Ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման վերաբերյալ» Հրամանագիրը (5):

 

Այստեղ տեղին չէ եւ հնարավորության չկա այդ փաստաթղթերի մանրամասները վեր հանելու, որոնք ի դեպ արել ենք մեր այլ հրապարակումներում, այդ թվում` «Իրանը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում» հոդվածում (6), ուստի, նշենք միայն, որ այս փաստաթղթերը հնարավորություն են տալիս լիարժեք ապահովելու սիրիահայության անվտանգությունը, ինչպես նաեւ պաշտպանելու սիրիահայության իրավունքները, այդ թվում` բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունքը, դրանից բխող իրավական — քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ:

 

Ճիշտ է, որ սիրիահայության ապագան վտանգված է, բայց ճշմարիտ է նաեւ, որ սիրիահայության ապագայի համար լիակատար եւ ամբողջական պատասխանատվություն են կրում, առաջին հերթին, Միջազգային ընկերակցությունը, այդ թվում նաեւ սիրիական ընդդիմությունն ու Թուրքիայի հասարակական, քաղաքական, զինվորական վերնախավը. բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այդ հակամարտության մեջ:

 

Ճիշտ է նաեւ, որ սիրիահայությունը, ինչպես եւ յուրաքանչյուր ազգային հավաքականություն այս աշխարհի վրա ապրելու, ապագա ունենալու եւ զարգանալու անժխտելի իրավունք ունի: Բայց եւ անվտանգության իրավունք, որովհետեւ Միջազգային ընկերակցության անտարբեր մեղսակցությամբ նա մեկ անգամ արդեն ենթարկվել է ցեղասպանության ու բռնագաղթի, իսկ երկրորդ ցեղասպանություն եւ բռնագաղթ պետք չէ թույլ տալ, ինչի համար պետք է անորոշության փոխարեն ընտրել հատուկ գործողության ծրագիր որպես անվտանգության եւ ինքնապաշտպանության ծրագիր:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

05.07.2015 թ.

 

————————-

Ծանոթագրություն

  1. Տես, ԱՄՆ կոնգրեսականը խնդրում է ավելացնել Հայաստանի եւ Ղարաբաղի օգնությունը 2013 թվականին, www.News.am, մարտ 15, 2012:
  2. Տես, Սանահին Թորոս. Վերադառնանք վերանկախ Հայրենիք, www.eMedia.am, 02.2012: Տես, Արփի Բեգլարյան. Սիրիահայերն ու Աբխազիայի հրեաները. երկու պետություն, երկու տարբեր մոտեցում, www.eMedia.am, 20.06.2012:
  3. Տես, «Հայերի տարհանման խնդիր դեռևս չկա». արաբագետ Սարգիս Գրիգորյան, www.Mardik.am, 22 հունիս 2012 թ.: Տես, Արաբագետն առաջարկում է հնարավոր բոլոր ձեւերով թույլ չտալ սիրիահայերի արտագաղթը, www.Armenpress.am, 22 June 2012 թ. :
  4. Տես, «Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից…», 09.02.2012 թ.:
  5. Նշված փաստաթղթերը տես, http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm կայքում:
  6. Տես, «Իրանը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում», 13.03.2012: