ԴԻԱՐԲԵՔԻՐ — Դիարբեքիրում ավելի քան մեկ դար անց առաջին անգամ հայկական լավաշի փուռ է բացվել։ գրում է Rudaw գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ արմատներով սասունցի հայազգի Յաման ընտանիքը Տիգրանակերտ քաղաքում լավաշի փուռ են բացել։
Ընտանիքն, այսպիսով, նպատակ ունի վերականգնել այստեղ հայկական լավաշի պատրաստման ավանդույթը, որը մոռացվել է շուրջ մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներից ի վեր:
«Լավաշ պատրաստելու մշակույթը Դիարբեքիրում շատ տարածված է եղել դեռ մեկ դար առաջ: Տեղի հայ բնակչության հետ միասին այս ավանդույթն էլ կորավ։ Որոշեցի կրկին ապրեցնել այստեղ այդ ավանդույթը, և հիմնեցի այս փուռը: Թուրքիայի տարբեր գավառներում լավաշ տեսակի հացը պատրաստվում է:
Ուրֆայում , Արարատում էլ են պատրաստում… Սակայն հայկական լավաշը մի փոքր այլ է: Համն ու բարակությունն այլ են: Խմորը, պատրաստման եղանակնը տարբեր են», — պատմում է փռի հիմնադիր Էրհան Յամանը՝ ավելացնելով, որ լավաշը բացառապես հայկական մշակույթի մասնիկ է և առաջինը ստեղծվել է հենց հայերի կողմից:
«Այս հացը շատ լավն է, մարդու ստամոքսը չի ծանրաբեռնում, ամեն ճաշատեսակի հետ կարելի է օգտագործել, մենք այլ տեսակի հաց չենք օգտագործում», — պատմում են Յաման ընտանիքի անդամները։
Ընտանիքը պատմում է, որ փռի բացման առաջին օրն իրենք վաճառել են 60 հատ լավաշ, իսկ այսօր արդեն օրական 600 լավաշ են վաճառում։ Էրհան Յամանը նախատեսում է առաջիկա երկու տարում օրական վաճառվող լավաշի քանակը հասցնել 2000: