ԿԱՐԻՆ — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի վրա հրթիռներ ուղարկելու սպառնալիքներին ի պատասխան՝ Ռուսաստանը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս Սիրիայի կառավարության և զինված ուժերի փոխարեն թիրախավորել ահաբեկիչներին։
«Խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների, ոչ թե օրինական կառավարության վրա»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան, Թրամփի՝ Ռուսաստանին ուղղված սպառնալիքից կարճ ժամանակ անց, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանը «պատրաստվի» Սիրիայում Ամերիկյան ավիահարվածներին։
Ռուսաստանը Թրամփին խոստացավ պատասխան կրակ բացել ցանկացած և բոլոր հրթիռների վրա՝ ուղղված Սիրիայի դեմ։
«Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ լավ, նոր և «խելացի» հրթիռները գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու հետ»,- գրել է Թրամփը։
Թվիթը հրապարակվեց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ հետաձգել Արևմուտքի հնարավոր ռազմական միջամտությունը արաբական երկրում ենթադրյալ քիմիական հարձակման պատճառով, որը տեղի է ունեցել Դումայում։
ԱՄՆ-ն և իր դաշնակիցները սկսեցին պատերազմի շուրջ բանակցություններ վարել, մինչ Ռուսաստանը, Իրանը և այլ տարածաշրջանին խաղացողներ բոլոր կողմերին կոչ էին զսպվածություն դրսևորել և սպասել հետաքննության պատասխաններին։
Սիրիայի ԱԳ նախարարությունը պաշտոնապես խնդրեց «Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությանը» Դումա ուղարկել փաստահավաք առաքելություն և հետաքննել ենթադրյալ քիմիական զենքի կիրառումը։
Զախարովան իր հերթին հայտարարեց, որ ԱՄՆ-ի հավանական հարձակումը հնարավոր է՝ միտված է ապացույցների վերացմանը, որպեսզի կանխեն ցանկացած տեսակի զննումները։
Իրականում Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունն ավելի լարեց Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները։
Առաջին թվիթից հետո Թրամփը տեղադրեց բավական տարօրինակ ևս մեկ գրառում՝ նշելով, որ երկու կողմերի հարաբերություններն ավելի վատ են, քան Սառը Պատերազմի տարիներին։
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հիմա ավելի վատ են, քան երբևէ՝ ներառյալ Սառը պատերազմի տարիները։ Դրա համար հիմքեր չկան: Ռուսաստանը մեր օգնության կարիքն ունի իր տնտեսությամբ, դա շատ հեշտ կլիներ անել, և մեզ հարկավոր Է, որ բոլոր երկրներն աշխատեն միասին: Գուցե դադարեցնե՞լ սպառազինությունների մրցավազքը»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Հարցի շուրջ Թուրքիան ևս մտահոգություն հայտնեց՝ ընդգծելով, որ Սիրիայում ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր ռազմական բախումը ողջ Մերձավոր Արևելքը կարող է ներքաշել պատերազմի մեջ։
«Եթե Ռուսաստանի կողմից հովանավորվող ուժերի դեմ հարձակում տեղի ունենա կամ հարձակում լինի ԱՄՆ կողմից աջակցություն ստացող ուժերի կողմից, Ռուսաստանը չի կարող հեռու մնալ, հակառակ դեպքում նա կկորցնի իր ազդեցությունը։ Այսպիսով, լուրջ բախումներ կարող են սկսվել»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային Պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։
«Միայն մեկ կայծը կարող է տարածաշրջանը կրակի մեջ առնել և բացել դուռը հակամարտության առաջ»,- հայտարարել է Ջանիքլին։
Աղբյուրը՝ presstv.com