16.34

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին տարել են Մասիվի հիվանդանոց: Իսկ «Նաիրի» հիվադանոցում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն լավ է զգում և շուտով կվերադառնա Բաղրամյան պողոտա:

16.32
Պռոշյան փողոցում ցուցարարները Ոստիկանության ջրցան մեքենա են նկատել:

16.30
Լևոն Բարսեղյանը ցուցադրեց ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառված ձայնային նռնակի դետալը

Ընդդիմադիր հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանը հավաքի մասնակիցներին ցույց տվեց Բաղրամյանում հավաքված ցուցարարների նկատմամբ կիրառված հատուկ միջոցի`ձայնային նռնակի դետալը` ընթերցելով նռնակի վրայի կոդը:

16.14

Ոստիկանների ու ցուցարարների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց`չկիրառելու գազային հատուկ միջոցներ: Փշալարերի այն կողմում կանգնած ոստիկանները հանեցին հակագազային դիմակները:

16.08
Նաիրի ԲԿ տեղափոխված Նիկոլ Փաշինյանի վնասվածքները այդքան լուրջ չեն. նույն ԲԿ-ում հոսպիտալացված 3 ոստիկաններից մեկի վիճակը ծանր է

Նիկոլ Փաշինյանի վնասվածքները լուրջ չեն, քերծվածք են: Այժմ վիրակապում ենք, որպեսզի գնահատենք վիճակը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:

Նաիրի ԲԿ է տեղափոխվել նաև 3 ոստիկան: Նրանցից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ թեթև:

«Ծանր վիճակում գտնվող ոստիկանը բեկորային վնասվածք է ստացել` անոթի վնասումով: Հիմա արդեն տեղափոխվել է վիրասրահ, որպեսզի նորից գնահատենք վերքերի վիճակը»,- ասաց Անատոլի Գնունին:

15.56
Բաղրամյան պողոտա է եկել Հայաստանի փոխոստիկանապես Լևոն Երանոսյանը: Նրա գալուց հետո փշալարերից այն կողմ գտնվող ոստիկանները հատուկ հակագազային դիմակներ հագան՝ հավանաբար հատուկ միջոցներ կիրառելու համար:

Քաղաքացիները փոքր-ինչ հետ են գնացել, բայց շարունակում են վանկարկումները: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ կա ցույցը ցրելու որոշում:

15.39
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին քիչ առաջ ոստիկանական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին Բաղրամյան պողոտայից հայտնում է Tert.am-ի թղթակիցը:

Ն. Փաշինյանը վնասվածքներ է ստացել ձեռքերի և դեմքի շրջանում: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան պետք է հանդիպի ժողովրդին:

Կան վնասվածք ստացած քաղաքացիներ, և չկա ոչ մի շտապօգնության մեքենա. քաղաքացիները միմյանց բժշկական օգնություն են ցուցաբերում: Նրանցից մեկը ուշագնաց է եղել: Այս պահին բախումները դադարել են:

15.33
Բաղրամյան փողոցի վրա տեղադրված մետաղական փշալարերը ճեղքելու համար ակտիվիստները փայտեր են կիրառում: Նրանք վանկարկում են՝ «ոստիկան, միացի՛ր»:

Փշարարերից այն կանգնած են ոստիկաններ՝ սաղավարտներով ու մահակներով: Նիկոլ Փաշինյանը փշալալերի դիմացն է կանգնած: Նա անձամբ փորձում է ճեղքել դրանք, փորձում է անցնել փշալարից այն կողմ:

Ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կիրառեց հատուկ միջոցներ։

15.28
Բաղրամյան փողոցում ոստիկաններն ու ցուցարարները բախվեցին: Մարդիկ փորձում են ճեղքել ոստիկանական պատը՝ նետելով աղբամաններ:

Մինչ այդ բանակցելով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուզում են անցնել դեպի Ազգային ժողով: Օսիպյանը թույլ չտվեց՝ ասելով, որ իրենք դեմ են բռնության, իսկ այդպիսով նա բռնության է հրահրում ժողովրդին:

«Դուք մտածում եք` ինձ կարաք ասեք` ես որտեղից անցնե՞մ: Ես ԱԺ պատգամավոր եմ»,- ասաց նա:

15.27
Ցուցարարներին հաջողվում է հետ տանել ոստիկանական պատը: Նրանց հաջողվում է ոստիկաններին հրելով առաջ շարժվել Բաղրամյան պողոտայով: Ոստիկանության ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի հետևից նոր ուժեր են ուղարկում:

Բաղրամյանի վրա տեղադրված է նաև փշալար: Մարդիկ բարձրացնում են իրենց ձեռքերը վեր՝ ցույց տալով, թե զինված չեն:

15.20
Բաղրամյան պողոտայում ոստիկանության և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ։

15.15
Եթե անգամ ոստիկանները փորձեն խփել մեզ, ժպտացեք, ասեք նրանց` եղբայր իմ, մենք ձեր ժողովուրդն ենք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ մի ոստիկանի նկատմամբ բռնություն չեն գործադրել և չեն գործադրի: «Եթե անգամ նրանք փորձեն խփել մեզ, ժպտացեք, ասեք նրանց` եղբայր իմ, մենք ձեր ժողովուրդն ենք»,-ասաց նա:

Նա նշեց, որ այսօր բոլոր ոստիկաններից ներողություն է խնդրել, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանք ակցիայի պատճառով ստիպված են կրկնակի ավելի ծառայություն մատուցել և օրերով տուն չգնալ:

Եթե որևէ մեկը որևէ բան շպրտի ոստիկանների ուղղությամբ` նա մեզ հետ կապ չունի, տեղում չեզոքացրեք, նա սադրիչ է, եթե որևէ մեկը հարվածի ոստիկանի, նա սադրիչ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ կա չորս պատգամավոր, ովքեր աշխատանքի են գնում գործատուների հետ, դուք մեր գործատուն եք, դուք մեր շեֆն եք»,-ասաց նա:

15.12
Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ երեկոյան, երբ ձեռնարկում էին «փակիր փողոցը» շատերը թերահավատորեն էին մոտենում դրան, բայց ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք գիտեն, որ ՀՀ ապագան կանգնած է մեկ մարդուց և այդ մեկ մարդը` դու ես:

«Ես ուզում եմ հարգանքի և խոնարհումի տուրքս մատուցել մեր ուսանողներին, ովքեր դուրս եկան փողոց և տեր կանգնեցին իրենց հաղթանակին, տեր կանգնեցին իրենց իրավունքին, իրենց հայրենիքին»,-ասաց նա և նաև հարգանքի տուրքը խոնարհումը մատուցեց այն մարդկանց, ովքեր փակեցին Արշակունյաց պողոտան, Թումանյան պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը, Ազատության պողոտան, Օրբելին, Կոմիտասը և մյուս փողոցները:

Նա նշեց, որ Հայաստանում վարչապետ չի լինելու Սերժ Սարգսյանը, իշխանությունը «հանրապետական» կուսակցությունը չի լինելու այլ իշխանությունը լինելու է ժողովրդին, քաղաքացին: «Հայաստանի քաղաքացու հաղթանակի ժամը հիմա է: Շնորհակալ եմ, որ դուրս եկաք փողոց և տեր եք կանգնում ձեր հաղթանակին, իրավունքին, հայրենիքին»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քիչ առաջ մոտեցավ Բաղրամյան պողոտային և զարմանալի տեսարանի ականատեսը դարձա: «Իմ աշխատավայրի ճանապարհը իմ համար փակ էր, իմ աշխատավայրի ԱԺ–ն է և դուք եք տվել այս վայրը ինձ»,-ասաց նա և նշեց, որ ժողովրդի ուղեկցությամբ չորս պատգամավորները գնալու են աշխատավայր:

Նա նաև նշեց, որ ոստիկանությունը իրենց եղբայրներն են և իրենց ձեռքերում չկա քար, ագրեսիվություն, ատելություն, ագրեսիվություն, կա միայն սեր:
15.09
Ուսանողությունը կանգնած է, անիմաստ է ուսանողների դեմ պայքարել, որովհետև կա պահանջ: Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«88թ. սկսած մեր պայքարը, մեր ազատամարտի մասնակիցները կարողացան հասնել հաղթանակի: Մենք թուրքին, ադրբեջանցուն ծնկի բերեցինք: Նման ժողովրդին նման ապրելակերպ վայել չէ»,- ասաց նա:

Միքայելյանն ասաց, որ նոր սերուցքը պետք է ստիպի իշխանություններին հասկանալ, որ մենք պարտավոր ենք ապրել ազատ, անկախ Հայաստանում: «Մենք պետք է կարողանանք հաղթել: Սիրելի ժողովուրդ, Նապոլեոն Բոնապարտը 1912թ., երբ նահանջում էր, ասաց, որ երևի զինվորներն իրենց մայրերին չեն սիրում: Մեր զինվորները սիրում են իրենց մայրերին: Մենք պարտավոր ենք վերջ տալ լացին, բոշայությանը, որը ներմուծվել է»,- նշեց Սասուն Միքայելյանը:

Նա խնդրեց, որ մարդիկ համախմբած անեն իրենց գործողությունները, ինքնագլուխ ոչինչ չանեն, չսադրեն: «Ժողովուրդը հավաքվել է իր ազատագրման համար: Իր իսկ տարածքում, իր իսկ հողի վրա ժողովուրդը ոչ կայուն է կանգնած, հողը փախնում է ոտքի տակից»,- ասաց պատգամավորը:

15.00
Սա իշխանափոխության գործընթաց է. Արարատ Միրզոյան

Դուք մարդիկ եք, ովքեր հրաժարվում են խոնարհվել, հանձնվել, համակերպվել, դուք ելել եք հանուն ազատության, արժանապատվության, և ես անսահման հպարտ եմ ձեզանով, ես ձեզ բոլորիդ սիրում են: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ թեև ասում էին, որ ժողովուրդը դուրս չի գա փողոց, ՀՀ ազատ քաղաքացին հիմա փողոցում է:

«Նրանք, ովքեր աշխատավայրում և տներում էին և չէին հավատում, որ սրանք քաղաքական ակցիաներ չեն… սիրելիներս, սա իշխանափոխության գործընթաց է, ռեալ, իրատեսական տեղի ունեցող գործընթաց է, եկեք, հիմա է ժամանակը»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը նշեց, որ եկել են այստեղ, որովհետև ունեն երազանք ավելի լավ Հայաստանի մասին:

«Եկել ենք մեր երազանքը իրականություն դարձնելու ժամանակը՝ մեր ձեռքերով, այս ձեռքերով, հենց հիմա, հենց այստեղ: Մենք արժանի ենք այդ երազանքների Հայաստանում ապրելու: ՀՀ քաղաքացինե՛ր, հիշեք, որ չկա ոչ մի ուժ, որ ձեր հավաքական կամքի առաջ կարող է կանգնել, ձեր ընթացքն անկասելի է»,-ասաց նա:

14.52
Քաղաքացիները պետք է անձնազոհության դիմեն և պայքարեն հանուն սեփական պետության իդեալի. Շանթ Հարությունյան

Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ նաև «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ով նշեց, որ բոլորն էլ լավ գիտեն` մեր երկիրը կոռումպացված է և տիրում է անարդարություն:

«Մենք լավ գիտենք, որ ամենուրեք խեղաթյուրվում են կարևոր արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը, և, հասկանալով այդ ամենը, դուրս ենք եկել փողոց, որ պայքարենք հանուն մեր երազանքների հայրենիքի, հանուն ազատ, անկախ և իրավական երկրի»,-ասաց նա:

Նա կոչ արեց ցույց տալ մի հզոր երկիր, որի քաղաքացիները միայն հայհոյելով և քննադատելով իշխանություններին վաստակում են հզոր երկիր: «Քաղաքացիները պետք է անձնազոհության դիմեն, մնան փողոցում սառնամանիքին քնեն և արթնանան և պայքարեն հանուն սեփական պետության իդեալին: Եկեք կանգնեք ոտքի և կառուցենք մեր երազանքների երկիրը, որտեղ կիշխի ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը որտեղ ոչ թե ժողովուրդը կվախենա իշխանությունից, այլ իշխանությունը կվախենա սեփական ժողովրդից»,-ասաց նա:

Շանթ Հարությունյանը նշեց, որ եթե հիմա լռենք և չպայքարենք մեր պետության համար, ապա ինչ երեսով ենք նայելու մեր սերունդներին։

14.46
Ոստիկանությունը բանակցում է փողոցը փակած ցուցարարների հետ՝ ոստիկանական շարասյունը 1 մետր առաջ տանելու համար

Ոստիկանությունը Ֆրանսիայի հրապարակում բանակցում է փողոցը փակած ցուցարարների հետ՝ ոստիկանական շարասյունը 1 մետր առաջ տանելու համար: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին ասաց, որ ընդամենը 1 մետր են ուզում առաջ գնալ: Սանասարյանն ասաց, որ դա պրովոկացիա է:

«Ժողովրդին չենք թողնում մոտիկ գալ: Խնդրում եմ՝ հետ տարեք ոստիկաններին, մենք պահում ենք այստեղ»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Ակտիվիստներից մեկն ասաց, որ եթե 1 մետրը ոստիկանության համար նշանակություն ունի, ուրեմն իրենց համար էլ ունի նշանակություն: Սանասարյանն ու Օսիպյանն առանձնացան՝ զրուցելու:

14.32
Որևէ մեկը չպետք է մնա իր տանը. Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց նախաձեռնության անդամներից Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ իրենց են միանում նոր մարդիկ, ակցիաներ են անցկացվում նաև Վանաձորում և Գյումրիում:

«Մենք հավաքվել ենք այս հրապարակում և տեսնում ենք, որ միայնակ չենք: Այս հրապարակում է կերտվում Հայաստանի ապագան: Թողե՛ք ձեր գործերը, եկե՛ք հրապարակ, որ կարողանանք կերտել Հայաստանի ապագան: Բոլորիս գործն այստեղ է: Շարժման բոլոր մասնակիցներին, ովքեր փողոց են փակել, կոչ եմ անում հավաքվել հրապարակում»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ 11 տարի աշխատել է Երևանի պետական համալսարանում և հպարտ է, որ դաստիարակել է ուսանող, որը տեր է կանգնելու իր պետությանը։

«Դուք այսօրվա հերոսներն եք։ Այս ուսանողներին այլևս ճնշել հնարավոր չէ: Դուխով եղեք, դուխով»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

13.35
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները Սարյան փողոցով շարժվեցին դեպի ֆրանսիայի հանրահավաք: Ամբողջ երթի ընթացքում նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց, գալ հրապարակ:

«Արի՛ հրապարակ, տե՛ր կանգնիր քո երկրին, արի՛ հրապարակ և տեր կանգնիր քո հայրենիքին, արի՛ հրապարակ և տեր կանգնիր քո ազատությանը»,-կոչ էին անում երթի մասնակիցները:

Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նրանց հանդիպակաց ոստիկանության պատնեշն էր, նրանք կանգ առան:

«Բոլոր այն ընկերները, ովքեր խաչմերուկներ են փակել, այս պահին թող թողնեն իրենց վայրերը և միանալ մեզ` Ֆրանսիայի հրապարակում: Բոլորս մեկտեղվում ենք այստեղ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը դիմելով քաղաքացիներին, նշեց, որ շատ շատերն անհնար էին համարում այս ամենը, այս տեսարանը: «Բայց այսօր դուք ցույց տվեցիք, որ Հայաստանի ժողովուրդը ազատասեր ժողովուրդ է և Հայաստանի ժողովուրդը հաղթող ժողովուրդ է: Մենք այսօր վերականգնեցինք մեր հաղթանակը, մեր արժանապատվությունը, հույսը»,-ասաց նա:

13.22
Ցուցարարները, անցնելով Լեոյի և Սարյան փողոցներով, հասան Ֆրանսիայի հրապարակ։

13.19

Հաղթանակ կամրջի երթևեկությունն այս պահին վերականգնվել է։

13.04
Մի շարք ուսանողներն գտնվում են հիվանդանոցում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համակիր մի շարք ուսանողներ գտնվում են հիվանադանոցում: Ենթադրվում է, որ նրանք այն ուսանողներն են, որոնց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղորևորների միջև Կորյուն-Հերացի խաչմերուկում ծեծկռտուք տեղի ունեցավ։ Տեսանյութում երևում էր, թե այդ ծեծկռտուքից հետո ինչպես էր ցուցարարներից մեկը ձեռքով փակել դեմքի վնասված՝ ենթադրաբար վնասված մասը։

12.50
ՀԱԿ շատ երիտասարդների եմ տեսել մեր շարքերում. Նիկոլ Փաշինյան

«Ժողովուրդ ջան, լավ էլի», -այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցին, թե ունի՞ արձագանք «Ելք»-ի գործընկերներից:

Հարցին, թե մոտ են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը, արդյոք նրանից որևէ սպասելիք ունի՞, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս կապակցությամբ իմ ասելիքն ասել եմ, նոր բան չունեմ ասելու: Հոգնած եմ: Բայց ՀԱԿ բազնաթիվ երիտասարդների եմ տեսել հրապարակում և շատ ուրախ եմ դրա համար, ողջունում եմ նրանց սկզբունքայնությունը»:

Նա ողջունեց Հաղթանակի կամուրջը փակողներին, ինչպես նաև ոստիկաններին, որոնք «շոգին ու արևին իրենց ծառայությունն են իրականացնում։

12.39
Երբ տեղեկություն ստացվեց, որ քարշակը գնացել է Հրազդանի ձոր, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ գնան և ծակեն քարշակի անիվները: Սակայն ավելի ուշ նկատեց, որ ափսոս են քարշակի անիվերը, որոնք գնվում են ՀՀ հարկատուներին հաշվին, և կոչ արեց ոչ թե վնասել դրանք, այլ պարզապես «օդը բաց թողնել»։

Իսկ քիչ հետո նստեց ոստիկանների առաջ ու կրկին նկատեց, որ ոստիկանները մեր եղբայրներն են:

«Ես վստահ եմ, որ դուք կարոտում եք ձեր երեխաներին և մի քիչ էլ ջղայնացած եք, ներողություն եմ խնդրում այդ փոքրիկ անհարմարության համար, բայց նորից եմ ասում, դա անում ենք ավելի մեծ անհարմարությունից ձեզ պաշտպանելու համար»,–ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց համակիրներին սնունդ և ջուր հասցնել Բաղրամյանում և Կորյուն-Հերացի փողոցների մոտ կանգնած երիտասարդներին:

12.29

Գրիգոր Լուսավորիչ փողոցում Նիկոլ Փաշինյանն ահազանգ ստացավ, որ Հաղթանակի կամրջի վրա քարշակ է բերվել, որպեսզի տարհանի կայանած մեքենաներին։ Ցույցի մասնակիցները շեղվեցին նախապես հայտարարված ճանապարհից և հասան Հաղթանակի կամուրջի մոտ։

12.11
Այս պահին ցուցարարները Գրիգոր Լուսավորիչ փողոցով շարժվում են դեպի Մաշտոց պողոտա, որտեղից գնալու են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

11.55
Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մուտք գործեցին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շենք: «Սիրելի հայրենակիցներ, ՀՀ քաղաքացու հաղթանակի ժամը եկել է, քո հաղթանակի ժամը եկել է: Մենք կոչ ենք անում ձեզ դուրս գալ»,- համալսարանում հայտարարեց պատգամավորը:

Ցուցարարները վանկարկում են՝ «դա-սա-դուլ»: Նրանք բարձրանում են բուհի հարկերով և բոլոր հարկերում հորդորում, որ միանան իրենց, «տեր կանգնեն իշխանությանը»:

11.31
Ցուցարարները, անցնելով Նալբանդյան–Վարդանանց փողոցներով հասան Խանջյան և փակեցին փողոցը։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նստել և հանգստանալ փողոցում, ինչից հետո ցուցարարները նստեցին` փակելով փողոցը։

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին` ի՞նչ են անելու հնարավոր բախումը կանխելու համար, ասաց, որ ոչ մի բախում չի լինելու։

«Ի՞նչ բախման մասին է խոսքը։ Մենք արդեն մի քանի ոստիկանական պատնեշ ենք անցել։ Ես պաշտոնապես ասում եմ, մեր շարժման որևէ մասնակից որևէ ոստիկանի նկատմամբ, բռնություն չի կիրառելու։Եթե նույնիսկ ռետինե մահակներով մեզ խփեմ, մենք բռնություն չենք գործադրելու, առաջ ենք շարժվելու»,–ասաց նա։

Ավելի ուշ ցուցարարները շարժվել են դեպի Մանկավարժական համալսարան` ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։

10.58
Միջադեպ տեղի ունեցավ նաև Նալբանդյան փողոցում։ Այս անգամ ևս ցուցարարները կարողացան ճեղքել պատնեշն ու շարժվել դեպի Նալբանդյան–Մոսկովյան խաչմերուկ։

Հարցին` միջադեպի հետևանքով Նիկոլ Փաշինյանը վնասվածքներ չի՞ ստացել, պատգամավորը բացասական պատասխան տվեց` նշելով, որ ոստիկաններն իր եղբայրներն են և չեն կարող վնասել իրեն։

10.50
Ոստիկանական ուժերը պատ կազմելով փակեցին Նիկոլ Փաշինյանի և նրա ուղեկիցների ճանապարհը։
Փաշինյանը դարձյալ ներողություն խնդրեց ոստիկաններից ու նրանց ընտանիքների անդամներից, քանի որ իրենց ակցիաների ընթացքում նրանք ստիպված են լինում շուրջօրյա հերթապահություն իրականացնել։

Նա վեր պարզեց ձեռքերը և տեղեկացրեց, որ ոստիկանական պատնեշն անցնելու են առանց բռնության։

Վեր պարզած ձեռքերով ցուցարարներին հաջողվեց ճեղքել ոստիկանական պատնեշը և առաջ շարժվել։

10.36
Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ գտնվում է Կորյունի փողոցում, որտեղ ցուցարարները մի պահ կանգ առան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չսուլել այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկաններին։

Այժմ ցուցարարները քայլելով փորձում են հասնել Հերացի փողոց, որտեղ քիչ առաջ բախում էր տեղի ունեցել։

Անցնելով Կորյուն փողոցում տեղակայված մի քանի համալսարանների մոտով` ցուցարարներն ուսանողներին կոչ արեցին միանալ դասադուլին և միանալ իրենց։

10.31
Կորյուն փողոցի վրա քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը չկանխվեց ոստիկանների կողմից: Ցուցարարների պատնեշը ճեղքած ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները, որոնք մինչ այդ դուրս եկան ու հարձակվեցին ուսանողների վրա, ոստիկանների կողմից չխոչընդոտվեցին: Այս մասին հայտարարեց «Իրազեկ քաղաքացի միավորում» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Դիմելով ոստիկաններին նա ասաց. «Մարդկանց ծեծում են, վրաերթի են ենթարկում ձեր աչքի դեմը, դուք կողքից կանգնած դիտորդի դերում ենք, լրագրո՞ղ եք, թե՞ ոստիկան: Ո՞ւր է ոստիկանությունը»: Իոաննիսյանն ասաց, որ ոստիկանությունն անգործության է մատնված: «Դրա համար մենք այդքան ասում ենք՝ մի՛ գնացեք ընդհարման»,- արձագանքեց ոստիկանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ թույլ տվեցիք, որ ավտոմեքենան քշելով ուսանողների վրա՝ անցնի այդ հատվածում, ոստիկանը չպատասխանեց, ասաց. «Ծառայության մեջ եմ, ես իմ աշխատանքն եմ կատարում»:

10.23
Քիչ առաջ Կորյուն փողոցի վրա տեղի ունեցավ բախում քաղաքացիների միջև: Mercedes G մակնիշի սև մեքենան ճեղքեց ցուցարարների պատնեշը: Մի քանի ավտոմեքենայից միաժամանակ դուրս եկան մարդիկ ու սկսեցին քաղաքացիներին հրել, որ նրանք բացեն ճանապարհը, տեղի ունեցավ ծեծկռտուք։

Նրանք ազդանշաններ էին տալիս, պահանջում էին, որ ցուցարարները բացեն, վարում էին մեքենան նրանց վրա:

10.21
Կորյուն-Աբովյան խաչմերուկում ուսանողներին միացավ Հայկ Մարությանը. նա հայտարարեց, որ միանում է յուրաքանչյուր պայքարի, որ երկիրը կտանի դեպի լավը

Դերասան Հայկ Մարությանը միացավ ուսանողներին: Հարցին, թե միացե՞լ է ուսանողներին, Հայկ Մարությանը հեգնանքով նշեց. տեղ էի գնում, փակ էր, լավ էլի, սենց բան կլինի: Ապա ավելի լուրջ դերասանն ասաց, որ միանում է յուրաքանչյուր պայքարի, որը երկիրը տանում է դեպի լավը:

Նրա խոսքով` ամեն ինչ սկսվեց ընտրությունների կեղծումով, իսկ մեղավորներն ավելի շատ են, նաև ընտրություններին 10 հազար դրամ վերցնողները:

«Հարցը համակարգային է և մարդկանց ուղեղների մեջ է, այս ուսանողների ուղեղը մաքուր է հիմա, այս մարդիկ 0-ից սկսում են երկիր կառուցել».-ասաց Հայկ Մարությանը:

Նա նաև հավելեց. «Ինձ թվում է՝ ՀՀԿ-ն` որպես կառույց, գոյութուն չունի և չի կարող այնպես լինել, որ կուսակցության մեջ մի հոգուց բացի ուրիշ մարդ չեն գտնում, որ գոնե ալտերնատիվ լինի, գոնե քննարկում լինի: Ինչպես կարող է մեծ կուսակցության մեջ չլինել պոլեմիկա:

Հայկ Մարությանը խոսեց նաև երկրից վերջին տարիներին 300 հազար արտագաղթածների, 7 միլիարդ արտաքին պարքտի մասին ու ամփոփելով՝ ասաց. «Քաղաքականություն չկա կուսակցության մեջ, ինչպես կարող է երկում քաղաքականություն լինել:

10.19
Աբովյան-Կորյուն խաչմերուկում քաղաքացիների միջև վիճաբանություն սկսվեց

Աբովյան-Կորյուն խաչմերուկում քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել: Մի տղամարդ ուզում է անցնել իր մեքենայով հենց այն հատվածով, որտեղ ցուցարարները փակել են փողոցը: Նա պնդում է, որ ինքը շտապում է աշխատանքի, պետք է գնա, այնինչ, ցուցարարները հրաժարվում են բացել փողոցը:

Վիճաբանությանը միջամտեց ոստիկաններից մեկը՝ ասելով. «Խնդիր ունի քաղաքացին, իր իրավունքն է պաշտպանում, ցանկանում է տեղաշարժվել: Քաղաքացին ուզում է մեքենայով գնալ: Հակաիրավական է իր ճանապարհը փակելը»:

Ոստիկանը հորդորեց չլարվել. «Մի լարվեք, կարող է հունից դուրս գաք, կոնֆլիկտ լինի»:

Տղամարդը շարունակեց պնդել. «Հիմա, որ քեզ գցեմ մեքենայի տակ գնամ, լավ կլինի՞: Մենք ի՞նչ կարող ենք անել, անողն անում է, թող անի: Ուսանողները գործ չունեն, մենք հազար գործ ունենք, ես գործի պիտի գնամ, չգնա՞մ գործի: Այ քեզ բան, եղանք խայտառակ գեղով մեկ»:

10.15
Փաշինյանը, կանգնելով ոստիկանական պատի առաջ, պահանջեց որևէ ոստիկանի որևէ վատ բան չասել։

Նա ողջունեց նրանց և նշեց, որ ոստիկանները ևս աշխատում են, հոգնած են և հորդորեց նրանց չանհանգստացնել, չխոսել նրանց հետ, առանց այն էլ արևի տակ կանգնած ծանր աշխատանքի մեջ են։

Հատուկ քաղաքացիների հանձնարարեց զբաղվել այդ հարցով։

10.08
Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայից բարձրանում է դեպի Ազգային ժողովի շենք:

Նա ասաց, որ ակցիայի մասշտաբներից գոհ է, իշխանափոխության հասնելու համար բավական մարդ է հավաքվել, իշխանափոխություն անելու հարթակը տրամադրված է, մնում է` քաղաքացիներն իրենց քայլն անեն։

Նա նշեց, որ կարևորը վաղն է, և եթե անգամ նիստն անեն Երևանից դուրս, կստացվի, որ ամբողջ Երևան քաղաքն ընդդիմության ձեռքերում է և իշխանության համար խնդիր է լինելու Երևան մուտք գործելը։

Մեծ թվով քաղաքացիներ Բաղրամյանում դիմավորում են Փաշինյանին, բայց նրանց դիմաց ոստիկանական պատ է և թույլ չեն տալիս ԱԺ–ին մոտենալ։

09։52
Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտա տանող բոլոր մուտքերը, այս պահին պողոտայում երթևեկությունը երկկողմանի դադարեցված է։

09.34
Այս պահին Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցների մուտքերը փակ են: Սահմանադրական դատարանի մոտ արգելապատնեշներով կանգնած են ոստիկանները:

Քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներում երթևեկը կաթվածահար է, ակցիաներ են տեղի ունենում կամուրջների վրա ու մետրոյի կայարաններում:

Փակ է նաև Կորյուն-Աբովյան պուրակ խաչմերուկը: Այստեղ ուսանողներին առաջնորդում է «Տարկետում լինելու ա»-ի համակարգող ԴավիթՊետրոսյանը:

09.32
Քիչ առաջ մի խումբ ուսանողներ ծաղիկներով մոտեցան փոքրաթիվ ոստիկանների` ի նշան խաղաղության և առաջարկեցին միանալ իրենց։

Ոստիկանների մի մասը վերցնում էր, մյուս մասն առաջարկում էր ծաղիկները փոխանցել աղջիկներին։

Մեքենաները շրջադարձ են կատարում և հեռանում, վարորդներից մեկը համառում էր, փորձելով ճեղքել պատը` մեծ արագությամբ առաջանալով դեպի հավաքված մարդկանց խումբը, բայց նրանք պատ կազմեցին, և վարորդը ստիպված շրջվեց ու հեռացավ։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում ընդհարումների չգնալ։

09.30
Բժշկական համալսարանի մոտակայքում ուսանողներին միացավ 2 վարորդ՝ հենց փողոցի մեջտեղում թողնելով մեքենաները

Աբովյան պուրակի մոտ՝ հենց Բժշկական համալսարանի մոտակայքում գտնվող ուսանողներին միացավ 2 վարորդ՝ հենց փողոցի մեջտեղում թողնելով մեքենաները: «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային հետևից հարվածեց BMW-ի վարորդը:

Արդեն միացել են ոստիկաններ, որոնցից մեկը հիշեցրեց, որ այլոց իրավունքները սահմանափակվում են իրենց գործողություններով: Ինչին ի պատասխան՝ «Տարկետում լինելու ա» շարժման ակտիվ մասնակից Դավիթ Պետրոսյանը հարցրեց՝ մեզ միանո՞ւմ եք:

Իրավիճակը լարված է, վարորդներից շատերը բարկացած են: Իսկ ուսանողներն անդրդվելի են ճանապարհը բացելու հարցում:

Աբովյան պուրակի մոտ՝ հենց Բժշկական համալսարանի մոտակայքում ուսանողներին միացած 2 վարորդներից մեկի անձնագիրը վերցրել են: Հարցին, թե ինչո՞ւ են վերցրել, ոստիկանն ասաց՝ անձն ենք պարզում:

Իրավիճակն ավելի է լարվել, ոստիկաններն այդ վարորդին հորդորում էին լքել տարածքը, նա չէր լքում:

09.25

Մենք ձեզ ո´չ խոսքով, ո´չ որևէ գործողությամբ չենք վիրավորի. Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանը վարորդներից ու հետիոտներից կրկին ներողություն խնդրեց փոքրիկ անհարմարությունների համար: Այս պահին մոտ երեք տասնյակ երիտասարդներ նստած են Բաղրամյան 1 հասցեում գտնվող խաչմերուկի հետիոտնային գծերի վրա՝ կենտրոնական մասում:

Նիկոլ Փաշինյանը հետիոտներին հորդորեց ըմբռնումով մոտենալ փոքր անհարմարություններին, քանի որ նպատակը ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ անհարմարություններից պաշտպանելն է:

Նա վարորդներին ևս մեկ անգամ դիմեց, կոչ անելով, կանգնեցնել մեքենաները, միացնել վթարայինները և միանալ իրենց: Իսկ համակիրներին հրահանգեց պառկել ավտոբուսների դիմաց:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր են ճեղքել ոստիկանական շղթան և հատուկ ուղերձով դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ պայքարը ոչ բռնի քաղաքական պայքարի շրջանակներում է:

«Մենք ձեր նկատմամբ որևէ պատասխան գործողություն չենք ձեռնարկելու, որովհետև ձեզ համարում ենք մեր եղբայրը: Մենք ձեզ ո՛չ խոսքով, ո՛չ որևէ գործողությամբ չենք վիրավորի: Հարգանքներիս հավաստիքը և բարի ծառայություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, որից հետո մարդիկ ծափերով ողջունեցին ոստիկաններին:

Զուգահեռաբար Երիտասարդական մետրոյի մոտից ուսանողները շարժվեցին դեպի Աբովյան պուրակ` իրենց հետևից աղբի մեծ տարաներով փորձելով փակել փողոցը: Աբովյան փողոցի մոտակայքում էլ նրանք փորձեցին շրջափակման մեջ վերցնել 46 համարի երթուղայինը, որի վարորդն ասաց, որ իրենք չեն միանա ուսանողներին: Ամեն դեպքում, մի քանի հոգի իջան, իսկ «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը չկանգնեցրեց մեքենան և ճեղքեց ուսանողների կազմած պատնեշը:

08.50
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փակ են Մոսկովյան փողոցն ու Բաղրամյան պողոտան և կոչ արեց համակիրներին պառկել ավտոբուսների դիմաց: Նա նաև նշեց, որ հիմա կարևոր գործողություն է անելու և սկսեց Բաղրամյան պողոտայով բարձրանալ: Այս պահին մոտենում են մեծ թվով ոստիկաններ: Սկզբում նրանց թիվը մեծ չէր, սակայն քիչ հետո եկան լրացուցիչ ոստիկանական ուժեր:

Նիկոլ Փաշինյանը միացրել էր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումը, որ մարդիկ տեսնեն` ինչ է կատարվում: Կողքից լսվում են «միա-ա-ցեք» վանկարկումներ, «գործի չենք գնում», «դասի չենք գնում», «դա-սա –դուլ»:

Նիկոլ Փաշինյանը, ով կողմնակիցներին հրահանգում էր պառկել ավտոբուսների դիմաց, անձամբ դիմեց վարորդներին՝ հորդորելով անջատել մեքենաների շարժիչները և միանալ իրենց: Հետո Լենա Նազարյանին ասաց, որ հույսով գնում է ուրիշ փողոց փակելու:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ԱԺ «Ելք» Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հայտարարած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր առավոտյան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ մի խումբ ցուցարարներ փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։
Նրանք փորձել են մետրոյի գնացքի դռների արանքում կանգնել և այդպիսով դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքը, սակայն ոստիկանները նրանց դուրս են բերել մետրոյի կառամատույցից, իսկ ավելի ուշ նաև կայարանից։

Այս պահին նրանք փորձում են կրկին ներս մտնել, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։
Ավելի ուշ մի խումբ ցուցարարներ պառկեցին գնացքի դռների արանքում՝ հայտարարելով, որ գործադուլ են անում։ Ոստիկաններ շարունակ փորձում էին մարդկանց դուրս բերել դռների արանքից, ի վերջո ոստիկանները կարողացան ցուցարարներին դուրս բերել գնացքի դռների արանքից և գնացքը բավական ուշացումով շարժվեց։

08.17
Նիկոլ Փաշինյանը ժամը 08.00-ին՝ նախապես հայտարարված ժամից 15 րոպե շուտ հայտարարեց, որ անում է իր քայլը և կոչ արեց քաղաքացիներին ևս միանալ իրենց, իջնել մեքենաներից, վարորդներին՝ կանգնեցնել իրենց մեքենաները և միանալ իրենց:
Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, որ իրենք այսօր ժամը 8.15 –ին կանեն իրենց քաղաքացիական անհնազանդության քայլը:
Բաղրամյան պողոտայի մոտ ցուցարարները շարք են կազմել: Այս պահին նստած են Բաղրամյան 1 հասցեում, և դեռ չկան նախանշաններ, որ փորձում են շարժվել դեպի Բաղրամյան փողոց:

Դավիթ Սանասարյանը քարշ տալով բերեց նստարան՝ որպես բարիկադ: Բաղրամյան պողոտան ամբողջովին խցանված է, մեծ ավտոբուսները փորձում են շրջադարձ կատարել և հեռանալ:

Ցուցարարները նոր նստարաններ են տեղափոխում դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնամաս՝ որպես բարիկադներ օգտագործելու համար:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մետրոպոլիտենի աշխատողներին՝ գործադուլ անել: Այժմ նա և Լենա նազարյանը, ովքեր գիշերել էին Ֆրանսիայի հրապարակում, նստած են 47 համար ավտոբուսի դիմաց:

Tert.am