ԿԱՐԻՆ- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ կերպով Սիրիային հասցված իրենց հրթիռակոծման ծրագիրը հրաշալի կերպով է իրականացվել։ Բացի այդ, Մակրոնը նշել է, որ այդ գործողության շնորհիվ իրենց հաջողվեց «բաժանել» Թուրքիային և Ռուսաստանին: Մակրոնի հայտարարությանը հետևել է Թուրքիայի փոխվարչապետ Բ․ Բոզդաղի հայտարարությունը։ Նա նշել է , որ «Սիրիայում մեր քաղաքականությունը ճիշտ և տեղին քաղականություն է»։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ուժերի կողմից Սիրիայի բանակի՝ ենթադրյալ քիմիական պահեստների դիրքերի ուղղությամբ հրավածներ հասցնելուց հետո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Հարձակումը հրաշալի կերպով իրականացվեց: Դրանով մենք թուրքերին բաժանեցինք ռուսներից: Թուրքիան դատապարտեց քիմիական հարձակումը»։
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, նշելով , որ Թուրքիան սիրիական ճգնաժամում որևէ երրորդ պետության չի աջակցում:
«Մեր քաղաքականությունը տարբերվում է Սիրիայում գործող մյուս դերակատարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Իրանի քայլերից: Անկարան պատրաստ է համագործակցել ցանկացած պետության հետ, որը հավատարիմ կլինի ճշմարիտ սկզբունքներին», — հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելու գործողության առիթով։

Թուրքիայի ԱԳՆ-ն Սիրիայի դեմ հարվածն անվանել է «շատ տեղին» և նշել է , որ Դումայում քիմիական հարձակումից հետո «այս ռազմական գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի արտահայտումը»։
«Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, այս գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի լեզուն՝ Դումայում իրականացված հանցանքի դեմ, որի վերաբերյալ լրջագույն կասկածներ կան Ասադի ռեժիմի կողմից իրականացված լինելու առումով», — նշված է հայտարարության մեջ։