Հայ ժողովրդական պար՝ Մուսա լեռից, «Մարտահրավեր»: Կատարում է Լոս Անջելեսի հայկական ժող. գործիքների նվագախումբը: Մշակումը, գործիքավորումը և ղեկավարումը՝ Արմեն Մանդակունյանի:

Սա ավելի շատ հայտնի է «Չալմը դանգը» անվամբ, նշանակում է դանակներով (հնարանքների) ցուցադրում:
Հարսանեկան ռազմապար է: Իսկ ի՞նչ կապ ունեն հարսանիքն ու մարտը. ուրեմն այն շրջանում, երբ Կիլիկյան Հայաստանի անկումից հետո տարածքը ենթարկվում է թուրքական տիրապետությանը, թուրքերի ու քրդերի մեջ ստոր սովորություն է եղել հայկական (կամ՝ առհասարակ քրիստոնեական) հարսանիքների ժամանակ զինված հարձակմամբ նորահարսին առևանգելու: Այս կերպ միշտ փորձել են ստորացնել, նսեմացնել քրիստոնյաներին: Եւ հայերը, հարսին տնից դուրս բերելու պահին, սկսել են մերձակա բոլոր տների տանիքներին դանակներով պարել այս մեղեդու տակ՝ ցուցադրելով տարբեր հնարանքներ ու իրենց՝ զենքը գործածելու հմտությունները՝ վախեցնելու և նորահարսից հեռու պահելու համար մահմեդականներին: «Դանգը» հենց նշանակում է «դանակ»: Այդպես են ասում նաև Գյումրիում՝ «Հացը դանգով կըտրե» կամ «Դանգըները տարավ սըրելու»: Իսկ «Չալմը» բառը հավանաբար օտարամուտ բառ է և նշանակում է ցուցադրել: Գուցե առնչություն ունի «չալել» բառի հետ, որ նանակում է «խաղալ», «խաղացնել» կամ «նվագել»:
«Հաճախ եղել են դեպքեր, երբ հարսին հանել են տնից, թուրքերը, քրդերը փախցրել են: Քանի որ հայերը շատ դեպքերում իրավունք չունեին զենք կրելու, այս եղանակով ցույց էին տալիս, թե ինչպես են տիրապետում զենքին: Պարում էին զույգ-զույգ՝ իրար դիմաց և կարծես թե միմյանց էին ցուցադրում դաշույնին տիրապետելու վարպետությունը, բազկի ուժը, առնականությունը: Սակայն իրականում՝ քրդերին ու թուրքերին էին ցույց տալիս, որպեսզի հայոց օջախներում սրբապղծություն չլիներ», — ասում է Կարին անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Սա, թեև գեղեցիկ մշակում է, սակայն, ըստ Գագիկ Գինոսյանի, բուն պարի հետ առնչություն չունի:
Իսկ «Մուսա լեռ» ազգագրական անսամբլի հիմնադիր անդամներից Սարգիս Զեթլիյանը, որն արմատներով մուսալեռցի է, պնդում է, որ սա մարտական պար է, և նման մեկնաբանությունը հեռու է ճշմարտությունից: Նրա խոսքերով, նախ, Մուսա լեռան հայկական գյուղերում տանիքները տափակ չեն եղել, որպեսզի հնարավոր լինել դրանց վրա պարել: «Եվ երկրորդ, — ասում է Սարգիս Զեթլիյանը, — Մուսա լեռում մի քուրդ անգամ չի եղել, թուրքերն ու քրդերը մուսալեռցիներից շան պես վախեցել են, և չկա մի դեպք, դրա մասին հիշատակություն, թե մահմեդականները մուսալեռցի հարսնացուի առևանգեն: Սա ձիգ պար է, շարժումների մեջ չկա առաձգականություն: «Մուսա լեռ» անսամբլում այդ պարը պարել ենք ես և եղբայրս: «Չալմը դանգը»-ն բեմ բարձրացնելիս շատ երկար ենք պատրաստվել, քանի որ բարդ ու նաև վտանգավոր պար է»: