Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը պատրաստ է զորք ուղարկել Սիրիա ահաբեկչության դեմ պայքարի համար, եթե նման առաջարկություն լինի ամերիկյան վարչակազմի կողմից: Փոխանցում է PressTV-ին։

Ջուբեյրն ասել է, որ Ռիյադը միշտ աջակցել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող գործողություններին Սիրիայում հակամարտության սկսման օրվանից ի վեր՝ 2011թ․։
«Մենք այս տարեսկզբից բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ՝ զինված ուժեր Սիրիա ուղարկելու առնչությամբ: Այդ առաջարկություններն ու գաղափարները նոր չեն»,- ասել է նախարարը։
Նշենք, որ Սաուդյան դիվանագետների արձագանքներն սկսեցին հնչել Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ռազմական գործողություններից անմիջապես հետո ՝ ի պատասխան ենթադրյալ քիմիական հարձակման։
Հայտնի է, որ Ռիյադը հովանավորում է Սիրիայի կառավարության դեմ գործող զինյալներին պատերազմից առաջին իսկ օրվանից՝ միաժամանակ քաջալերելով Արևմուտքի կողմից հրահրվող ցանկացած գործողություն, որը կարող է թուլացնել Սիրիայի պայքարն ընդդեմ ահաբեկչության։
Նա հիշեցրել է, որ այդ բանակցությունները վարվել են դեռևս Օբամայի վարչակազմի հետ, «բայց նա այդպես էլ քայլեր չձեռնարկեց այդ առաջարկի ուղղությամբ»:

Ջուբեյրը նշում է, որ վերահաստատում է իր կոչը, քանի որ Մերձավոր Արևելքի որոշ երկրներ փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերանայելու ԱՄՆ-ի զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումը։

Հեռուստատեսությունը մեկնաբանում է, որ Արևմուտքն ու Սաուդյան Արաբիան վախենում են, որ ԱՄՆ-ի զորքերի՝ Սիրիայից դուրս բերումը կօգնի Սիրիային հաղթել ահաբեկչության դեմ պայքարում և մաքրել ողջ երկիրը օտարների կողմից հովանավորվող զինյալներից։

Հիշեցնենք, որ Սիրիայում իրավիճակը լարվեց, երբ հայտարարվեց, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական զենքի հարձակում է տեղի ունեցել Սիրիայի կառավարական ուժերի կողմից։ Սիրիան և Ռուսաստանը հերքեցին այս պատմությունը, բայց ԱՄՆ-ն և դաշնակիցները, չսպասելով «Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության» հետաքննության արդյուքներին, հրթիռակոծեցին Սիրիան՝ խախտելով միջազգային իրավունքը։

Աղբյուրը՝ PressTV.com