Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում առաջին հայազգի մարզիկն է մեդալ նվաճել:

Նա Ֆրանսիայի թրասուսեր ձևի հավաքականի կազմում ընդգրկված Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանն է, ով արծաթե մեդալակիր է դարձել:

Արզումանյանը խոստովանել է, որ իր համար հայրենիքում հաղթելը երազանք է եղել:

«Մորս կողմից հայ եմ, չնայած ծնվել եմ Ֆրանսիայում։ Պապերս եղել են Արևմտյան Հայաստանից, նահատակվել են Ցեղասպանության ժամանակ: Առաջին անգամն է, որ Հայաստանում եմ, իսկապես, հրաշալի զգացողություններ ունեմ, չէ որ սա իմ հայրենիքն է: Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ։ Մայրս որոշ բառեր հիշում է, սակայն, նա երբեք չի մոռացել իր արմատների մասին»,- այս մասին Արզումանյանն ասել է Եվրոպայի առաջնության մամուլի ծառայությանը: