Թուրքիայի Կենտրոնական բանկը վերադարձրել է իր ոսկու պահուստները (որոնք պատկանում են Արևմտյան Հայաստանի հայությանը), որոնք պահվում էին ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային ֆոնդում։ Այդ մասին գրում են գրեթե բոլոր թուրքական թերթերը։

Հաղորդվում է, որ Պահուստային Ֆոնդում պահվող ոսկիները կազմում են 220 տոննա։ Ինչպես հաղորդում է Թուրքիայի Կենտրոնական բանկը, 2018թ․ մարտի դրությամբ ոսկու պահուստները կազմում են 25,3 մլրդ դոլար։ Ներկայումս թուրքական այնպիսի բանկեր, ինչպիսիք են, Ziraat Bank-ը և Vakıfbank-ը, սկսել են ԱՄՆ-ից հետ կանչել 95 տոննա ոսկու պահուստները։ Եվ ահա, ինչպես հաղորդում է թուրքական Hürriyet-ը, Կենտրոնական բանկը Միացյալ Նահանգներից հանել է ոսկու պահուստների մնացորդը՝ մոտ 28,7 տոննա։

Ոսկիները հանելը հաստատվում է նաև ԿԲ-ի պաշտոնական զեկույցով։

Դաշնային Պահուստային ֆոնդի տվյալներով՝ 2016 թվականից ի վեր այս ցուցանիշը կազմում է 28,689 կգ ոսկի, իսկ 2017-ի հատվածում գծիկներ են դրված։

Բացի այդ՝ կառույցը հստակեցնում է, որ պահուստների համակարգված դուրս բերումը սկսվել է 2017 թվականից։ ԱՄՆ-ից դուրս բերված ոսկին մասնակիորեն վերադարձվել Է Թուրքիա, ինչպես նաև պահման Է վերատեղաբաշխվել Եվրոպայում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկում և Շվեյցարիայի Միջազգային հաշվարկների բանկում։

Պատճառները, թե ինչու են ԱՄՆ-ից ոսկու պահուստները տեղաբաշխվել Թուրքիա, չեն հաղորդվում։ Բայց Hürriyet-ը մատնանշում է, որ Անկարան որոշում է կայացրել կրճատել ամերիկացիների մոտ պահվող ոսկու սալիկների քանակը՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ կապված տարածաշրջանային և երկկողմ հարցերի հետ։
Նշենք, որ թուրքական Milliyet -ը հիշեցնում է, որ գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց «ազատվել փոխարժեքի ճնշումներից և դոլարի փոխարեն օգտագործել ոսկի»։

Իրապես, Էրդողանը 2017թ-ի վերջին սուր քննադատեց Թուրքիայի ԿԲ-ին՝ հայտարարելով, որ «գնաճը կախված չէ սեզոնային փոփոխություններից, և գնաճի գլխավոր և ուղղակի պատճառը տոկոսադրույքների փոփոխությունն է»։ Նա պահանջեց իջեցնել տոկոսադրույքները, ինչը ռեզոնանս առաջացրեց՝ դուրս գալով Թուրքիայի սահամններից։ Էրդողանը կասկածի տակ դրեց երկրի ԿԲ-ի անկախությունը պետական մարմիններից։ Նրա ելույթից անմիջապես հետո թուրքական լիրան արժեզրկվեց, ինչը թուրք փորձագետների կողմից գնահատվեց որպես նախազգուշացում ԱՄՆ-ի Դաշնային Պահուստային ֆոնդի գլխավոր բաժնետերերի համար, որոնք վերահսկում էին Թուրքիայի Կենտրոնական բանկը։ Եվ սա թուրքիայի նախագահի երկրորդ հարձակումն էր Թուրքիայի ԿԲ-ի վրա։

Առաջինը տեղի ունեց 2016թ․ հուլիսի 15-16-ին՝ պետական հեղաշրջման փորձից հետո, երբ Էրդողանը սկսեց արժույթային նոր քաղաքականություն վարել։ Հետո կարգադրեց միջազգային պահուստային ֆոնդերում ավելացնել ոսկու պաշարները։ Եվ որպեսզի դրանք, իրոք, դառնային Թուրքիայի Հանրապետության ռազմավարական պահուստները, հարկավոր էր ԿԲ-ի մասին օրենքում փոփոխություններ մտցնել՝ ոսկու պահուստների կառավարումը հանձնելով կառավարությանը։

Այն, որ Կենտրոնական բանկը ԱՄՆ-ից ոսկու պահուստները վերաբաշխեց, այդ հայտարարությանն ուղղված քայլ է։ Այդ ուղղությամբ որոշ վերլուծաբաններ ենթադրեցին, որ Անկարան կարող է մեծացնել պահուստները Վաշինգտոնի հետ մեծացող լարվածության պայմաններում։

Բայց այստեղ ինտրիգ կա։ Աշխարհի շատ երկրներ իրենց պահուստները պահում են ԱՄՆ-ում, բայց ոչ բոլորը կարող են ետ ստանալ։ Լավագույն դեպքում հաջողվում է հավասարակշռել սալիկների տեղաբաշխումը։ Այդպես, օրինակ, վարվեցին Նիդերլանդները։ Իսկ Գերմանիային չհաջողվեց։ Բունդեսթագն ԱՄՆ-ից կարողացավ վերադարձնել միայն մի քանի տոննա թանկարժեք մետաղներ։ Ի դեպ, նման քայլերը միշտ ուղեկցվում են սկանդալներով։

Նշենք, որ Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալներով՝ 2017թ․ նոյեմբերին Թուրքիայի ոսկու պաշարները կազմում են 495,6 տոննա։ Այսինքն՝ ոսկու պահուստների պաշտոնական կրողների համաշխարհային վարկանիշում Թուրքիան զբաղեցնում է 13-րդ տեղը: Երևի հենց այս փաստի շնորհիվ Թուրքիան կարողացավ հետ ստանալ իր պահուստները։ Բայց մյուս կողմից պետք է համոզվել՝ արդյոք ԱՄՆ-ն, իրոք, կատարեց իր պարտավորութունները, թե թուրքերը ձևացնում են, որ կարողացան վերցնել պահուստները վերջիններից։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2407006.html