Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Ֆրանսիային է վերադարձրել Պատվո լեգեոնի շքանշանը, որով պարգևատրվել էր 2001 թվականին՝ Ֆրանսիայի նախկին նախագահի Ժակ Շիրակի կողմից։
Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ շքանշանը հինգշաբթի օրը փոխանցվել է Դամասկոսում Ռումինիայի դեսպանությանը, որն այժմ Սիրիայում ներկայացնում է նաև Ֆրանսիայի շահերը:
Աղբյուրը նշել է, որ Սիրիայի նախագահը շքանշանը վերադարձրել է ի նշան բողոքի ապրիլի 14-ին Դումայում տեղի ունեցած հրթիռային հարվածների դեմ, որոնց մասնակցել է նաև Ֆրանսիան:
«Նախագահ Ասադի համար պատիվ չէ կրել ԱՄՆ-ին ծառայող ստրուկ երկրի մեդալը, որն աջակցում է Սիրիայում ահաբեկիչներին՝ որպես ՄԱԿ-ի անդամ խախտելով միջազգային իրավունքն ու դրա սկզբունքները»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Վաշինգտոնն ու դաշնակիցները ենթադրյալ քիմիական զենքի հարձակման մեջ մեղադրում են Ասադի կառավարությանը։ Բայց Սիրիայի կառավարությունը կտրականապես հերքում է մեղադրանքները՝ կոչ անելով Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությանն առաքելություն ուղարկել Դումա՝ հետաքննություն անցկացնելու համար։
Աղբյուրը՝ presstv.com